Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մանրաթելի ստացման սխեման. թելքակորզանի անցքից (1) պոլիմերի լուծույթը կամ հալույթը (2) մղվում է նստեցման գոտի (3), որտեղ ձևավորվում է մանրաթելը (4):
Մանրաթելերը երկար, բարակ, ճկուն և ամուր թելիկներ են, որոնք օգտագործվում են գործվածքաթել, մանվածքաթել, թաղիք, կարելու թել, կորդաթել և այլն պատրաստելու համար: Մանրաթելերը բարձրմոլեկուլային նյութեր են. ըստ ծագման՝ լինում են բնական և քիմիական (արհեստական ու սինթետիկ):
Բնական մանրաթելերն ունեն բուսական, կենդանական կամ հանքային ծագում և բաղկացած են որոշակի երկարության թելիկներից:
Բուսական մանրաթելերն առաջանում են թելատու բույսերի սերմի (բամբակենի), տերևների (ագավա, արմավաշուշան և այլն) վրա, պտուղներում (մետաքսածառ) կամ ցողունում (վուշ, ջուտ, կանեփ): Ամենաշատ օգտագործվող բուսական մանրաթելերն են բամբակաթելն ու վուշաթելը:
Կենդանական մանրաթելեր են բուրդն ու մետաքսը: Բրդե մանրաթելերի 96%-ը ստանում են ոչխարների, իսկ մնացածը՝ այծերի, ուղտերի, ուղտայծերի (լամաներ) և երկարամազ շների բրդից: Բուրդը խոնավածուծ է, աչքի է ընկնում բարձր առաձգականությամբ և ջերմությունը պահելու ունակությամբ: Այն արժեքավոր մանրաթել է. օգտագործվում է ինչպես մաքուր, այնպես էլ խառը ձևերով (օրինակ՝ բամբակի, արհեստական թելերի հետ)՝ զանազան գործվածքների արտադրության, մանվածքե զգեստներ գործելու, թաղիք պատրաստելու համար:
Մետաքսը շերամորդի մետաքսագեղձերից անջատվող նյութն է, որը բաղկացած է հիմնականում սպիտակուցներից, իսկական մետաքսից (ֆիբրոին) և սոսնձից (սերիցին): Մետաքսն ամուր է, խոնավածուծ, չի լուծվում օրգանական լուծիչներում,  բայց կայունությունը մեծ չէ լույսի հանդեպ:
Հանքային մանրաթել է ասբեստը (հունարեն «ասբեստոս» նշանակում է անմար, անշեջ): Ասբեստ են անվանում բնական նրբաթել սիլիկատային միներալները, որոնք հեշտությամբ տրոհվում են ճկուն, դիմացկուն ու բարակ թելերի, և այդ պատճառով նրանց հաճախ անվանում են «լեռնային վուշ» կամ «լեռնային բուրդ»: Ասբեստի հարուստ պաշարներ կան Կանադայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ավստրալիայում, Ռուսաստանում (Ուրալ, Սիբիր): Ասբեստն օգտագործում են քիմիական արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ ջերմամեկուսիչ նյութեր, ասբեստային թուղթ, ասբեստացեմենտ, հրակայուն և տեխնիկական գործվածքներ պատրաստելու համար: Ասբեստային մանրաթելերը փոխարինվում են բազալտայինով, որովհետև ասբեստի փոշին կարող է առաջացնել շնչառական օրգանների հիվանդություններ (նաև՝ քաղցկեղ): 
Արհեստական մանրաթելերն ստանում են բնական պոլիմերներից՝  քիմիական և մեխանիկական մշակմամբ: Վիսկոզային, ացետատային և սպիտակուցային մանրաթելերն օրգանական պոլիմերներ են, որոնք ստացվում են թաղանթանյութից կամ բուսական ու կենդանական սպիտակուցներից (զեին, կազեին): Օգտագործվում են որպես մանածագործական, կորդային և շտապելային մանրաթելեր: Արհեստական մանրաթելերն առաձիգ են, էլեկտրամեկուսիչ, հեշտ ճմռթվող, թրջվելիս կորցնում են ամրությունը: Արհեստական մանրաթելերի արտադրությունն անընդհատ ընդլայնվում է, քանի որ դրանք էժան են և ստացվում են մատչելի հումքից:
Արժեքավոր են նաև ապակուց ստացվող մանրաթելերը, որոնք ջերմա-, էլեկտրա- և ձայնամեկուսիչներ են, կայուն են բարձր ջերմաստիճանների և քիմիական ազդակների նկատմամբ: Օգտագործվում են ապակե կտոր գործելու, ապակեպլաստիկներ, չայրվող և ջերմակայուն իրեր, զտող սարքեր պատրաստելու համար:
Սինթետիկ մանրաթելերն ստանում են սինթետիկ պոլիմերներից՝ պոլիմերի հալույթը (պոլիամիդ, պոլիէսթեր, պոլիօլեֆին) կամ լուծույթը (պոլիակրիլոնիտրիլ, պոլիվինիլքլորիդ, պոլիվինիլսպիրտ) թելքակորզաններով մղելով: Արտադրվում են  նաև մանածագործական և կորդային թելեր, շտապելային մանրաթելեր, որոնք չափազանց ամուր են, մաշա-, ջրա-, քիմիակայուն և առաձգական: Հումքի բազմազանության շնորհիվ հնարավոր է ստանալ բազմապիսի հատկություններով սինթետիկ մանրաթելեր, որոնց արտադրությունն արագ ընդլայնվում է:
  • Բամբակե թելն այրվում է արագ՝ արձակելով այրված թղթի հոտ, և թողնում է մոխիր: 
  • Բրդի թելն այրվում է դանդաղ՝ արձակելով այրված փետուրի հոտ և առաջացնելով փխրուն սև գնդիկ, որը հեշտությամբ փշրվում է:
  • Առաջին արհեստական մանրաթելն ստացվել է 1850-ական թվականներին Մեծ Բրիտանիայում` թաղանթանյութի նիտրմամբ, իսկ 1890-ական թվականների սկզբներին Ֆրանսիայում սկսվել է նիտրոմետաքսի արտադրությունը:
  • Առաջին սինթետիկ մանրաթելի արտադրությունը պոլիվինիլքլորիդից սկսվել է 1932 թ-ին Գերմանիայում:
  • Մանրաթելերի ոլորմամբ (երբեմն՝ սոսնձմամբ) ստանում են մանվածք, որն օգտագործվում է գործվածքներ, տրիկոտաժ, թելեր, ճոպաններ պատրաստելու համար: 
  • Թաղիք պատրաստելու համար գզած բուրդը համաչափ փռում են հատակին և գերանը գլորում վրայով` մինչև լիակատար տրորվելը: Հայաստանում թաղիքագործությամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ, որոնց անվանել են թաղքադիր կամ լպուտ: Հատկապես հայտնի էին Բիթլիսի լպուտները, որոնք Հայաստանում և հարևան երկրներում պատրաստել են նախշազարդ և աննախշ թաղիքներ:
  • Հայկական թաղիքները դիմացկուն են՝ բարձրաճաշակ նախշերով ու գույներով: Թաղիքից պատրաստել են հատակի փռոց, վրանի ծածկոց, այծենակաճ, գդակ, մուճակ, թամբատակ և այլն: