 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Նուակշոտ Տարածքը՝ 1.031 հզ. կմ2 Բնակչությունը՝ 3,2 մլն Պետական լեզուն՝ արաբերեն Դրամական միավորը՝ ուգիյա |
Մավրիտանիայի Հանրապետություն Մավրիտանիան պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում: Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Ռելիեֆում տիրապետում են ընդարձակ հարթավայրերն ու սարավանդները: Երկրի տարածքի 2/3-ն զբաղեցնում է Սահարա անապատը: Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Բացառություն է միայն սահմանամերձ Սենեգալ գետը: Բուսածածկույթը նոսր է, գերակշռում են չորասեր թփուտները, ատլանտյան ափամերձ գոտում՝ սավաննաները: Ընդերքում կան երկաթի, պղնձի, վոլֆրամի պաշարներ: XI դարի կեսերին Մավրիտանիայի տարածքում ստեղծվել է Ալմորավյանների հզոր պետությունը, որն ընդգրկել է նաև Մարոկկոյի և Արևմտյան Ալժիրի տարածքները: XV դարում մուտք են գործել եվրոպացիները՝ պարտուգալացիներ, իսպանացիներ, այնուհետև՝ հոլանդացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ: 1920 թ-ին երկիրը պաշտոնապես հայտարարվել է ֆրանսիական գաղութ՝ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմում: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին:  | Մայրաքաղաք Նուակշոտի կենտրոնական հատվածը |
Բնակչությունը հիմնականում արաբներ ու բերբերներ են: Խոշոր քաղաքներ են Նուակշոտը, Նուադիբուն, Կաեդին:Բնակչության մեծ մասն զբաղվում է քոչվոր անասնապահությամբ: Բուծում են խոշոր եղջերավոր կենդանիներ, ուղտ, ոչխար, այծ: Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են կորեկը, սորգոն, եգիպտացորենը, բատատը, գետնանուշը, օազիսներում՝ փյունիկյան արմավենին: Կան ձկան վերամշակման, շաքարի, ցեմենտի արտադրության, ալրաղաց ձեռնարկություններ:
|