Մարգագետինները խոտածածկ տարածություններ են, որտեղ աճում են առավելապես բազմամյա խոնավասեր խոտաբույսեր՝ վեգետացիայի ողջ ընթացքում: Բնական մարգագետիններն առաջանում են նպաստավոր կլիմայական և հողային պայմաններով վայրերում: Տարբերում են մայրցամաքային, ողողվող և լեռնային մարգագետիններ: Մայրցամաքային մարգագետինները տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս): Լինում են նաև անջրդի հովիտների ու ցածրավայրերի մարգագետիններ: Ողողվող մարգագետիները տարածված են տունդրայից մինչև անապատներ, հատկապես՝ անտառային և անտառատափաստանային գոտիներում: Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային մարգագետինները: Լեռնային մարգագետինները տարածված են խոնավ, բարեխառն կլիմայով շրջաններում՝ Կարպատներում, Կովկասում, Ալթայում, Ուրալում` անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան մարգագետիններ) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (հետանտառային մարգագետիններ): Մարգագետինները չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են: Բուսականությունը կազմում են հացահատիկային և հատիկաընդեղեն բույսերը, տարախոտերը, երբեմն՝ մամուռները: ՀՀ-ում մարգագետինները բաժանվում են 2 ենթախմբի՝ ենթալպյան և ալպյան: Ենթալպյան մարգագետինները զբաղեցնում են ընդարձակ տարածություններ՝ 2200–2800 մ բարձրությունների վրա: Ալպյան մարգագետինները տարածված են 2700–3000 մ-ից բարձր լեռնազանգվածներին, ավելի ցայտուն՝ Արագածի, Գեղամա լեռնավահանների վրա:
|