Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1834 թ., Տոբոլսկ
1907 թ., Սանկտ 
Պետերբուրգ

Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը հայտնագործել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական համակարգը: 
Դմիտրի Մենդելեևը Ռուսաստանի Տոբոլսկ քաղաքի գիմնազիայի տնօրենի տասնյոթերորդ զավակն էր: Նա 1855 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը և անցել մանկավարժական աշխատանքի: Նշանավոր շատ քիմիկոսներ են աշակերտել նրան:
Մենդելեևը 1869 թ-ին հայտնագործել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական աղյուսակը: Նա ցույց է տվել, որ քիմիական տարրերի (այն ժամանակ հայտնի էր 63 տարր) հատկությունները որոշակի պարբերականությամբ կրկնվում են նրանց ատոմական զանգվածի աճի հետ՝ սկսած ամենաթեթևից՝ ջրածնից, մինչև ամենածանրը՝ ուրանը: Ավելի ուշ պարզվել է, որ պարբերականությունը ճշտիվ կրկնվում է տարրի կարգահամարից (միջուկում եղած դրական լիցքերի մեծություն) կախված: Մենդելեևի հետազոտությունները հիմք են դարձել ատոմի կառուցվածքը բացատրելու համար: Պարբերականության օրենքը բացահայտեց, որ տարրերի հատկությունների պարբերականությունն արտահայտված է նրանց ատոմների կառուցվածքում: 
Պարբերական համակարգի հիման վրա Մենդելեևը կանխագուշակել է մինչ այդ անհայտ՝ բացակա տարրերի՝ գալիումի, գերմանիումի, սկանդիումի հատկությունները: Հետագայում այդ տարրերը հայտնագործվել են: Սա իրականացված առաջին գիտական կանխագուշակությունն էր քիմիայում և ապացույցն այն բանի, որ պարբերականության օրենքը բնության հիմնարար օրենքներից է:
Մենդելեևը 1869–71 թթ-ին տպագրել է «Քիմիայի հիմունքները» երկհատորյա դասագիրքը, որն անօրգանական քիմիայի առաջին համակարգված շարադրանքն էր: 
Մենդելեևն ուսումնասիրել է նաև նավթի հանքավայրերն ու առաջարկել նավթի ֆրակցիոն թորման տեխնոլոգիա: Ստացել է անծուխ վառոդ: Նա զբաղվել է նաև օդերևութաբանության հարցերով և օդապարիկով միայնակ օդ բարձրացել:
1892–1907 թթ-ին Մենդելեևը հիմնադրել և եղել է Ռուսաստանի Չափ ու կշիռների գլխավոր պալատի տնօրենը, նպաստել ճշգրիտ չափումների մասին գիտության զարգացմանը: Նրա պնդմամբ 1899 թ-ին Ռուսաստանում թույլատրվել է օգտագործել մետրական համակարգ, որը 1918 թ-ին դարձել է պարտադիր:
Մենդելեևը եղել է Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և աշխարհի շատ երկրների ակադեմիաների ու գիտական ընկերությունների պատվավոր անդամ:
Մենդելեևի անունով են կոչվում Մոսկվայի քիմիատեխնոլոգիական և Տոբոլսկի մանկավարժական ինստիտուտները, Ռուսաստանի քիմիական ընկերությունը, ստորջրյա լեռնաշղթա՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, խառնարան՝ Լուսնի վրա, գործող հրաբուխ՝ Կունաշիր կղզում (Կուրիլյան կղզիներ), մենդելեևիտ միներալը և տարրերի պարբերական համակարգի 101-րդ՝ մենդելեևիում քիմիական տարրը: