Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Նայպիդո
Տարածքը՝ 
678,5 հզ. կմ2
Բնակչութունը՝ 
51 մլն
Պետական լեզուն՝ 
բիրմաներեն
Դրամական միավորը՝ 
քյատ
Մյանմայի գլխավոր նավահանգիստ Յանգոնը
Յանգոնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին
Մյանմայի Միություն
Մյանման (նախկինում` Բիրմա) Հարավարևելյան Ասիայի խոշորագույն պետություններից է: Այն զբաղեցնում է Հնդկաչին թերակղզու արևմտյան մասը: Երկիրը 3 կողմից շրջապատված է դժվարամատչելի լեռներով, հարավից նրա ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի (Բենգալյան ծոցի և Անդամանյան ծովի) ջրերը: Մյանմայի գրեթե կեսը զբաղեցնում են անտառապատ Ռակհայն, Պատկայ, Կումուն լեռնաշղթաները, որոնց միջև հոսում են երկրի հիմնական գետերը՝ Իրավադին, Չինդուինը և Սալուինը: Ամենամեծ գետի՝ Իրավադիի հովիտը, որը բերրի ցածրավայր է, երկրի գլխավոր շտեմարանն է: 
Ընդերքում կան անագի, վոլֆրամի, արծաթի, ցինկի, կոբալտի, երկաթի, նավթի, թանկարժեք քարերի պաշարներ: Մյանմայում են գտնվում աշխարհի ամենաբարձրորակ սուտակի և շափյուղայի խոշոր հանքավայրերը:
Տարածքի 60%-ը զբաղեցնում են թանկարժեք ծառատեսակներով մշտադալար անտառները, որոնք անտառանյութի մեծաքանակ մթերման ու արտահանման պատճառով խիստ տուժել են: Ամենաարժեքավոր ծառատեսակը տիկն է (բարձրությունը՝ մինչև 30–40 մ, բնի հաստությունը՝ 1,5 մ), որի բնափայտը անջրաթափանց է, հրակայուն ու երկարակյաց:
XIX դարի վերջից երկիրն անգլիական գաղութ էր, բայց գաղութացման առաջին իսկ օրերից ժողովուրդը համառ պայքար է մղել գաղութարարների դեմ: Այդ պայքարում նշանակալի դեր է խաղացել ազգային հերոս Աուն Սանը: Երկիրն անկախություն է ձեռք բերել1948 թ-ին: 1960–80-ական թվականներին իշխանության գլուխ անցան հեղափոխականորեն տրամադրված սպաները, որոնք որդեգրեցին զարգացման սոցիալիստական ուղի: 1988թ-ի սեպտեմբերին երկրում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում:
Մյանմայում ապրում են մոտ 70 ժողովուրդ ու ազգություն, որոնց 69%-ը բիրմացիներն են, կան նաև կարեններ, շաներ, մոներ և այլք:
Խոշոր քաղաքներն են նախկին մայրաքաղաք և գլխավոր նավահանգիստ Յանգոնը (Ռանգուն), որը երկրի արդյունաբերական և մշակութային կենտրոնն է, Նայպիդոն, Մանդալայը (հյուսիսում) և Մոլամյայնը (հարավում):
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են բրինձ (ցանքատարածությունների 60%-ը), ցորեն, եգիպտացորեն, գետնանուշ, քնջութ, նաև նարինջ, ադամաթուզ, արքայախնձոր, մանգո և բանջարեղեն: Տարվա ընթացքում հավաքում են 2–3 բերք: Գնալով ընդլայնվում են կաուչուկատու հեվեայի, բամբակենու, թեյի և շաքարեղեգի տնկարկները:
Արդյունաբերությունը թույլ է զարգացած: Գերակշռում են մանր ձեռնարկություններն ու արհեստանոցները: Առաջատար ճյուղը սննդարդյունաբերությունն է՝ բրնձի, թեյի տերևի վերամշակումը, շաքարի, բուսական յուղերի արտադրությունը: Կան պողպատագլանման, նավաշինական, էլեկտրոնային սարքավորումների, բեռնատար և մարդատար ավտոմեքենաների հավաքման ձեռնարկություններ:
Մյանման հնագույն և ինքնատիպ մշակույթի երկիր է: Արդեն XI դարում քաղաքները դարձել էին Ասիայի խոշոր մշակութային կենտրոններ: Մեծ ճանաչում է գտել բիրմացի ճարտարապետների արվեստը. մեզ են հասել նրանց կերտած բազմաթիվ պալատներ ու տաճարներ, որոնց թվում է նաև Յանգոնի Շուեդագոուն բուդդայական պագոդան (100 մ բարձրությամբ, ամբողջությամբ՝ ոսկեզօծ), որը, ըստ ավանդության, հիմնադրվել է մ.թ.ա. 585 թ-ին:
Մյանմայում ավանդական են գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված ժողովրդական տոնախմբությունները: 

Հայերը Մյանմայում
Մյանմայի առևտրաշահ քաղաքներում հայեր եղել են դեռևս XVI դարի 1-ին կեսին: XVIII դարի 2-րդ կեսին համայնքն աշխուժացել է Հնդկաստանից ու Նոր Ջուղայից եկած հայերի հաշվին: Զբաղվել են տիկ ծառի տախտակի արտահանությամբ, որն օգտագործվում էր նավաշինության մեջ: Հայերը մենաշնորհ են ունեցել նաև սուտակի վաճառքի ոլորտում, ունեցել են լեղակի արտադրության գործարաններ:
Հայտնի էին Խոջա Փանոս Քալանթարը, թագավորի վեզիր Խոջա Գրիգոր Այվազյանը, նավապետ Խոջա Սիմոնը, արքունի գանձապետ Նիկողայոս Աղազարյանցը, նախարար Իշխան Գրիգոր Մանուկյանը, Ծաղիկ Մանուկյան-Գևորգյանը, նավթարդյունաբերող Առաքել Մարտիկյանը, Պենգու նահանգի կառավարիչ Մկրտիչ Հովսեփ Մինասյանը և ուրիշներ:
1875 թ-ին նորահաստատ մայրաքաղաք Մանդալայում հայերին ձրի հողատարածք է հատկացվել` եկեղեցի և բնակարաններ կառուցելու համար:
1916 թ-ին մեծ համբավ է ունեցել արծաթ, կապար և ցինկ արտահանող հայկական մի ընկերություն: Հայկական «Մարտին և Նահապետյան ընկերություն»  միությունը կառուցել է Մյանմայի անկախության հուշարձանը Ռանգունում, օդանավակայանը, բազմաթիվ կամուրջներ, շենքեր և այլն: Դեռևս 1907 թ-ին երկրի բարձրագույն դատարանի կողմից հաստատվել է հայ համայնքի կանոնադրությունը, որով համայնքն առաջնորդվել է մինչև 1940 թ.:
1920-ական թվականներին հայերի թիվն ավելացել է Իրանից և Հնդկաստանից եկած հայերի հաշվին. միայն Ռանգունում այն անցել է 400-ից: XIX դարի սկզբին կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (այրվել է 1850 թ-ին բռնկած հրդեհից, վերակառուցվել 1862 թ-ին), որը կանգուն է ցայսօր:
1917 թ-ին Ռանգունում հիմնադրվել է հայկական ակումբ, 1918 թ-ին` Հայ տիկնանց միությունը, այնուհետև` ՀԲԸՄ-ի Մյանմայի մասնաճյուղը, իսկ 1935թ-ին ստեղծվել է «Բիրմայի հայ բարեգործական ընկերությունը», ապա` կրթական, մարզական և այլ կազմակերպություններ, հրատարակվել է անգլերեն  «Յառաջ» թերթը:
Մյանմայի հայությունը Մեծ եղեռնի օրերին փրկագնել է 130 հայի:
Հայերն իրենց մասնակցությունն են բերել նաև տարբեր ժամանակներում անգլիական և ճապոնական գաղութարարների դեմ Մյանմայի ժողովրդի մղած պայքարին:
Այդուհանդերձ, անկախացումից հետո երկրում վարվող պետական քաղաքականությունը դժվարացրել է հայերի կյանքը Մյանմայում, և նրանք հիմնականում արտագաղթել են: Ներկայումս Մյանմայում հատուկենտ հայեր կան: