Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Յոդը մուգ մոխրամանուշակագույն, թույլ մետաղական փայլով բյուրեղական նյութ է: Բյուրեղները գրաֆիտ են հիշեցնում և ունեն էլեկտրական հոսանք հաղորդելու հատկություն: Սակայն, ի տարբերություն գրաֆիտի ու մետաղների մեծամասնության, պինդ յոդը ցնդող է և հեշտորեն վերածվում է գոլորշու: Այդ երևույթը կոչվում է սուբլիմացում: Յոդը ջրում լուծվում է դժվարությամբ, իսկ օրգանական լուծիչներում՝ հեշտությամբ: Յոդը քիմիապես ակտիվ ոչ մետաղ է. անմիջականորեն փոխազդում է մետաղների մեծ մասի հետ, իսկ ածխածինը, ազոտը, թթվածինը, ծծումբը և սելենը յոդի հետ անմիջականորեն չեն փոխազդում: 
Յոդը հազվագյուտ քիմիական տարր է. երկրակեղևում նրա պարունակությունը, ըստ զանգվածի, կազմում է ընդամենը 4x10–5 % (մոտ 1015 տ): Չնայած դրան` բնության մեջ յոդը հանդիպում է ամենուրեք. նույնիսկ թափանցիկ քվարցի (լեռնային բյուրեղապակի) գերմաքուր բյուրեղներում առկա են յոդի միկրոխառնուրդներ: Յոդ կա հողում, ծովերի, լճերի ու գետերի ջրերում, բուսական բջիջներում և կենդանիների օրգանիզմներում: Յոդ պարունակող միներալներ հանդիպում են խիստ հազվադեպ: Այդ պատճառով էլ յոդ ստանալու համար խտացնում են այն պարունակող բնական լուծույթները, օրինակ՝ աղի լճերի ջուրը, կամ վերամշակում յոդի բնական կուտակիչները՝ ծովային ջրիմուռները: 
Յոդը, ինչպես և կենսական կարևորություն ունեցող մյուս տարրերը, բնության մեջ կատարում է շրջապտույտ: Յոդի միկրոքանակները բացառիկ դեր են կատարում մարդու, կենդանիների և բույսերի կենսագործունեության մեջ: Օրինակ` 1854 թ-ին հաստատվել է, որ մարդու վահանագեղձի գործառույթի խանգարումը խպիպ (զոբ) հիվանդության հիմնական պատճառն է: Յոդի օրական պահանջը մարդու օրգանիզմում 100–200 մկգ է: Ուստի, խպիպի կանխարգելման նպատակով խմելու ջրին և կերակրի աղին ավելացվում է յոդ: Յոդ պարունակող նյութերի բուժիչ հատկությունները ծանոթ էին մարդուն այդ տարրի բացահայտումից դեռևս 3 հզ. տարի առաջ: Յոդը պարունակվում է բոլոր հյուսվածքներում, իսկ մարդու օրգանիզմում հիմնականում արտադրվում է վահանագեղձում: Խթանում է նյութափոխանակությունը և ակտիվացնում մկանների աշխատանքը:
Յոդը և նրա միացությունները բժշկության մեջ օգտագործվում են  որպես հակասնկիկային, հակաբորբոքային և ցավը մեղմող միջոցներ:
Յոդն օգտագործում են նաև երկրաբաններն ու բուսաբանները, քիմիկոսներն ու մետաղագործները: Այն առաջացնում է բազմաթիվ յոդօրգանական միացություններ, որոնք մտնում են որոշ ներկանյութերի բաղադրության մեջ: Յոդի միացությունները կիրառվում են լուսանկարչության և կինոարդյունաբերության մեջ: Որպես կատալիզորդ՝ յոդն օգտագործվում է արհեստական կաուչուկների արտադրության մեջ. նրա օգնությամբ են ստանում այնպիսի գերմաքուր նյութեր, ինչպիսիք են գերմաքուր սիլիցիումը, տիտանը, հաֆնիումը և ցիրկոնիումը: 
  • Բոլորին է հայտնի, որ մատը կտրելիս պետք է վերքն անմիջապես մշակել յոդի սպիրտային լուծույթով, որովհետև այն ունի ախտահանիչ հատկություն: 
  • Յոդը 1811 թ-ին առաջինն ստացել է ֆրանսիացի քիմիկոս Բեռնար Կուրտուան՝ ծովային ջրիմուռներից: 1813– 1814 թթ-ին ֆրանսիացի քիմիկոս Ժ. Գեյ-Լյուսակը և անգլիացի քիմիկոս Հ. Դևին միմյանցից անկախ հաստատել են, որ այն պարզ նյութ է: Նոր տարրն անվանել են յոդ՝ հունարեն «յոէիդես»՝ մուգ կապույտ, մանուշակագույն բառից: 
  • Ֆտոր, քլոր, բրոմ, յոդ և աստատ քիմիական տարրերը, որոնք միմյանց նման են իրենց հատկություններով և տարրերի պարբերական համակարգում կազմում են 1 ենթախումբ, կոչվում են հալոգեններ (աղածիններ):
  • Յոդի գոլորշիների թույլատրելի պարունակությունն օդում 0,001մգ/լ է: