Մարդիկ նավարկում են ծովերով արդեն մի քանի հազար տարուց ի վեր: Ծովային ալիքներից պաշտպանված ափամերձ հատվածները միշտ համարվել են հարմար վայրեր՝ նավահանգիստներ և նավամատույցներ կառուցելու համար: Նավահանգիստը հարմար ու անվտանգ կառանավայր է, որը սովորաբար կառուցում են խոր ծովախորշում կամ գետաբերանում, իսկ բնական պատսպարանների բացակայության դեպքում այն պաշտպանում են ալեբեկիչներով կամ ծովապատնեշներով՝ ափից դեպի ծովը բավականաչափ հեռու ձգվող քարե պատնեշով կամ հողաթմբով: Օվկիանոսային խոշոր նավերի կառանման համար պահանջվում են խորը՝ մինչև 30 մ խորությամբ ջրատարածքով նավահանգիստներ: Դրանց բեռնակառամատույցներում նավերը բեռնաթափում կամ բեռնում են սայլակավոր (պորտալային) հզոր ամբարձիչ կռունկների օգնությամբ: Նավը բեռնաթափում են մի քանի ժամում. իսկ եթե հարկավոր է նավթ տեղափոխել, ապա պոմպերի օգնությամբ նավը բեռնում են 10–12 ժամում: Նավահանգստի գրեթե ողջ տարածքն զբաղեցնում են պահեստներն ու երկաթուղիները՝ վերածելով այն երկաթգծերի սարդոստայնի, որոնցով երկաթուղային վագոնները գնում են ուղիղ դեպի պահեստներն ու կառամատույցները: Նավահանգիստը խճուղիների հանգույց է, որի դարպասներից դուրս են գալիս բեռնատարներն ու մեկնում տարբեր ուղղություններով: Որոշ նավահանգիստներ զուտ մարդատար են. օրինակ՝ մարդատար խոշոր նավահանգիստներ կան Լա Մանշ նեղուցի երկու՝ Անգլիայի և Ֆրանսիայի ափերին, որոնց միջև երթևեկող լաստանավերը փոխադրում են ուղևորների՝ իրենց մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներով: Ժամանակին այդ լաստանավերը մեծ դեր էին խաղում, սակայն 1994 թ-ից դրանցով ուղեբեռների հոսքը կտրուկ նվազեց՝ Լա Մանշի տակով անցնող թունելը շահագործման հանձնելուց հետո: Նավահանգիստը նաև նավանորոգարան է, որտեղ նավերը մտնում են հատուկ փական-դարպասներով, որոնցով նավանորոգարանում ջրի մակարդակը հաստատուն են պահում՝ անկախ ծովի մակընթացությունից ու տեղատվությունից: Նավանորոգարանում նորոգում են նավի հզոր շարժիչներն ու հսկայական թիապտուտակները, «կարկատում» նավիրանները, կարգավորում կողմնացույցներն ու կարգաբերում նավառադիոկայանները: Ամենախոշոր նավն անգամ այստեղ հնարավոր է ջրից վեր պահել՝ նավի հատակը ջրիմուռներից ու խեցիներից մաքրելու, նորոգելու և ներկելու համար: Հայաստանի Հանրապետությունը դեպի ծով ելք չունեցող երկրներից է և նավահանգիստ չունի: Հարևան երկրներից ծովափնյա են Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, որոնք ունեն խոշոր նավահանգիստներ:
|