Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պեստիցիդները (թունաքիմիկատներ) քիմիական միացություններ են, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական կենդանիների արտաքին մակաբույծների, մարդկանց ու կենդանիների հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարելու համար: Պեստիցիդներ են նաև տերևաթափները (դեֆոլիանտներ), ցամաքեցնող նյութերը (դեսիկանտներ), բույսերի աճումն ու զարգացումը կանոնավորող նյութերը (աուքսիններ, ռետարդանտներ), վանող նյութերը (ռեպելենտներ): Պեստիցիդ բառն առաջացել է լատիներեն «պեստիս»՝ վարակ, և «ցիդ»՝ սպանել, բառերից: Դեռևս մ. թ. ա. 2500 թ-ին Բաբելոնի բնակիչներին հայտնի էին ծծմբի միջատասպան և տզասպան հատկությունները: Մինչև XX դարի կեսերը բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործում էին ծծումբ, արսեն, ծխախոտ ու երիցուկ: Պեստիցիդները լայն կիրառություն են ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և գյուղատնտեսության մեջ կարևոր նշանակություն ունեն. մալարիա, բծավոր տիֆ և այլ վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարի լավագույն միջոցներ են: Պեստիցիդները պետք է լինեն կենսաբանորեն ակտիվ, ունենան խիստ ընտրողական ազդեցություն, լինեն էկոլոգիապես անվտանգ: Պեստիցիդները բաժանվում են 3 խմբի՝ անօրգանական (ֆտոր, ծծումբ, բարիում, պղինձ պարունակող նյութեր), բուսական, սնկային ու մանրէային ծագման և օրգանական (հեքսաքլորան, ալդրին, կելևան և այլն): 
Պեստիցիդները թողարկվում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, աերոզոլների և այլ ձևերով: Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, ախտահանման և այլ եղանակներով: Պեստիցիդներն այս կամ այն չափով թունավոր են տաքարյուն կենդանիների և մարդկանց համար, ուստի անհրաժեշտ է դրանք օգտագործելիս պահպանել անվտանգության կանոնները:
Մի շարք պեստիցիդներ մարդու օրգանիզմ են թափանցում սննդի` հիմնականում մրգերի, բանջարեղենի, կաթի, կարագի, մսի հետ: Մարդու օրգանիզմում դրանց բացասական ազդեցության հետևանքները կարող են դրսևորվել ալերգիայով, տարբեր օրգանների գործունեության խանգարումներով, չարորակ ուռուցքների առաջացմամբ, իմունիտետի նվազմամբ և այլն: Ուստի պեստիցիդների պարունակությունը սննդամթերքում չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Քիմիական միացությունը որպես պեստիցիդ կիրառելու և արտադրելու թույլտվությունը տալիս են պետական մարմինները, որոնք նաև պատասխանատվություն են կրում դրանց բոլոր հնարավոր հետևանքների համար:

  • 1937 թ-ին շվեյցարացի քիմիկոս Պ. Մյուլլերը բացահայտել է ԴԴՏ (դիքլորդիֆենիլտրիքլորմեթան) քիմիական միացության միջատասպան հատկությունը, ինչի համար 1948 թ-ին նրան շնորհվել է Նոբելյան մրցանակ: 
  • 1970-ական թվականներին, սակայն, ԴԴՏ-ն հանվել է կիրառությունից՝ մարդկանց ու տաքարյուն կենդանիների համար վտանգավորության պատճառով: