Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Լիսաբոն
Տարածքը՝ 
91,6 հզ. կմ2
Բնակչությունը՝
10,5 մլն
Պետական լեզուն՝ 
պորտուգալերեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2002 թ.՝ 
էսկուդո)
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը
Պորտու քաղաք-նավահանգիստը
Պորտուգալացիների կյանքում մեծ դեր ունեն հատկապես ազգային պարերը:
Ավանդական ցլամարտ Պորտուգալիայում
Գ. Կյուլպենկյանի արձանը Լիսաբոնի Կյուլպենկյան հիմնարկության գլխավոր մուտքի առջև
Պորտուգալիայի Հանրապետություն
Պորտուգալիա պետությունը գտնըվում է Եվրոպայի ծայր հարավ-արևմուտքում՝ Պիրենեյան թերակղզու արևմուտքում: Նրա կազմի մեջ են մտնում նաև Ատլանտյան օվկիանոսի Ազորյան և Մադեյրա կղզիները: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Երկրի հյուսիսային մասը հիմնականում սարահարթային է: Գերիշխում են 1000– 1200 մ բարձրությունները: Արևմուտքում լեռները զառիվայր իջնում են դեպի ափամերձ հարթավայրերը:
Պորտուգալիան օգտակար հանածոներով հարուստ չէ. կան միայն վոլֆրամի (ամենախոշորը` Եվրոպայում), ուրանի (3-րդ տեղը` Եվրոպայում) և անագի պաշարներ:
Կլիման մերձարևադարձային միջերկրածովային է` շոգ ամառով և անձրևային ձմեռով: Խոշոր գետերն են Դորուն (Դուերո), Տեժուն և Գվադիանան:
Երկրի հարավային շրջաններում գերակշռում է միջերկրածովային տիպի բուսականությունը: Անտառներն զբաղեցնում են տարածքի շուրջ 5 %-ը: Լեռներում կան կաղնու, շագանակենու անտառներ, ափամերձ վայրերում՝ նոճու, խցանակաղնու, նվենու պուրակներ: Շատ են լեռնային մարգագետինները:
Կենդանիներից տարածված են գայլը, աղվեսը, կզաքիսը, իսպանական նապաստակը, ալժիրական ոզնին և այլն:
Ավելի քան 2000 տարի առաջ Պորտուգալիայի տարածքում ապրում էր լուզիտանների հնագույն ցեղը: Նրանք զբաղեցնում էին Պիրենեյան թերակղզու այն մասը, որը հարում է Ատլանտյան օվկիանոսին: Սակայն լուզիտանների հողերը նվաճեցին հռոմեացիները և այնտեղ հիմնեցին Լուզիտանիա պրովինցիան: Ավելի քան 11 հարյուրամյակ հետո այդտեղ  ստեղծվեց պետություն: Երկիրը կառավարողներն ապրում էին Պորտուս Կալե կոչվող փոքրիկ տարածքում, և այդ պատճառով պետությունը կոչվեց Պորտուգալիա:
500 տարի առաջ պորտուգալական թագավորները եվրոպական ամենահզոր տիրակալներից էին: Վասկո դա Գամայի կողմից Հնդկաստան տանող ծովային ուղու հայտնագործումը (1498 թ-ին) սկզբնավորեց պորտուգալական նվաճումներն Ասիայում և Աֆրիկայում:
Նոր ժամանակներում ազգային-ազատագրական պայքարի ծավալման հետևանքով Պորտուգալիան ստիպված եղավ հրաժարվել իր գաղութներից: 1970-ական թվականներին անկախություն շնորհվեց Մոզամբիկ, Գվինեա Բիսաու, Անգոլա գաղութներին:
Պորտուգալիան աշխարհի առավել միատարր ազգային կազմ ունեցող երկրներից է: Բնակչության ավելի քան 99,7 %-ը պորտուգալացիներ են: 
Խոշոր քաղաքներն են Լիսաբոնը,Պորտուն, Ամադորան, Սետուբալը, Բրագան: Մայրաքաղաք Լիսաբոնը գտնվում է Տեժու գետի ափին: 1755 թ-ին՝ Եվրոպայի ամենաուժեղ երկրաշարժի ժամանակ, այն ավերվել է, վերականգնվել է XVIII դարի վերջին:
Պորտուգալիան զարգացած արդյունաբերական երկիր է: Հնուց ի վեր համաշխարհային շուկա է արտահանում գինիներ (որոշ գինիների անվանումներ դարձել են հատկանշական, օրինակ՝ պորտվեյն, մադեյրա, մուսկատել և այլն), պահածոյած սարդինա ձուկ, խցանանյութ: Մեքենաշինության ճյուղերից առանձնանում են նավաշինությունն ու նավանորոգումը: Զարգացած է նաև քիմիական արդյունաբերությունը: Մանածագործական արտադրանքի մեծ մասն արտահանվում է:
Արգավանդ են Պորտուգալիայի հողերը: Աճում են ցորեն, եգիպտացորեն, խաղող, նարնջենի, ձիթենի, խցանակաղնի: Խաղողագործությունը, պտղաբուծությունը, ձիթապտղի մշակումը տարածված է ամենուրեք, հատկապես՝ ափամերձ շրջաններում, Տեժու և Դորու գետերի հովիտներում: Տնտեսության կարևոր ճյուղ է զբոսաշրջությունը, որի համար այստեղ առկա են առողջավայրային-զբոսաշրջային հիանալի պայմաններ` նպաստավոր կլիմա, հարմար լողափեր, պատմաճարտարապետական հուշարձաններ, թանգարաններ: Պորտուգալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար է երկրի բնակչության թվաքանակին:
Պորտուգալիան հարուստ և բազմազան մշակույթի երկիր է: Ժողովրդական երաժշտության ամենատարածված ձևը ֆադուն է՝ քնարական մեներգը կիթառի նվագակցությամբ, հանրածանոթ է վիրա պարը: Հանրահայտ են պորտուգալական թատրոնի հիմնադիր Վիսենտեն, դրամատուրգ և բանաստեղծ Լուիշ դի Կամոենսը, գրողներ Ֆեռնանդո Պասոն, Ժոզե Սարամագոն, ճարտարապետ Ժոակին Մաշադու դե Կաշտրուն և ուրիշներ:
Պորտուգալական ծովային արշավախմբերն իսպանականների հետ առաջինն էին, որ սկսեցին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները: XIV դարում կազմվեցին քարտեզներ, 1418 թ-ին Հենրի Ծովագնացը Սագրիշում հիմնադրեց աստղադիտարան և ծովագնացության դպրոց: XV–XVI դարերում կարևորագույն նվաճումներից էին Բարեհուսո հրվանդանի (Բարտոլոմեու Դիաշ), Բրազիլիայի արևելյան ափերի (Պեդրո Ալվարեշ Կաբրալ), դեպի Հնդկաստան (Վասկո դա Գամա) և շուրջերկրյա (Ֆեռնան Մագելան) ծովային ուղիների  հայտնագործությունները:

1956 թ-ին, հայ մեծահարուստ, նավթարդյունաբերող Գալուստ Կյուլպենկյանի կտակի համաձայն, Լիսաբոնում հիմնադրվել է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը: Կտակի կարգադրության համաձայն՝ Պորտուգալիայի կառավարությունը 1956 թ-ի հուլիսին հրապարակեց հրամանագիր-օրենք, որով հիմնարկությունը դիտվում է պորտուգալական հաստատություն և օժտվում իրավաբանական անձի իրավունքով: Օրենքը հիմնարկությանը թույլատրում է անհրաժեշտության դեպքում գրասենյակներ ունենալ այլ երկրներում: Հիմնարկությունն ունի նաև հայկական բաժանմունք: 1969 թ-ին Լիսաբոնում կառուցվեց հիմնարկության հատուկ շենք, որտեղ, գրասենյակից բացի, գործում է նաև թանգարան. այստեղ ցուցադրվում է Գ. Կյուլպենկյանի՝ արվեստի ստեղծագործությունների (ավելի քան 6000 գործ) արժեքավոր և հարուստ հավաքածուն, կան 1500-տեղանոց համերգասրահ, 7 տարբեր սրահներ, որտեղ կազմակերպվում են մշակույթին և գիտությանը նվիրված դասախոսություններ: