Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Կիգալի
Տարածքը՝ 
26,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
9,2 մլն
Պետական լեզուները՝
կինյառուանդերեն, 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
ռուանդական ֆրանկ
Տեսարան մայրաքաղաք Կիգալիից
Ռուանդայի Հանրապետություն
Ռուանդան պետություն է Արևելյան Աֆրիկայում: Երկրի մակերևույթը 1500–2000մ բարձրության  կտրտված սարահարթ է, որի պատճառով այն կոչվում է նաև Հազարավոր բլուրների երկիր: Արևմտյան բարձրադիր եզրը զառիթափ իջնում է դեպի Կիվու լիճը, հյուսիս-արևմուտքում բարձրանում են Վիրունգա հրաբխային լեռները (ամենաբարձրը՝ Կարիսիմբի լեռ, 4507 մ):
Կլիման մերձհասարակածային է: Գետային ցանցը խիտ է: Գլխավոր գետը Կագերան է (Նեղոսի ակունքներից), խոշոր լիճը՝ Կիվուն: Տարածված են սավաննաները և խոնավ մշտադալար անտառները:
Ռուանդան երկար տարիներ եղել է գերմանական, ապա՝ բելգիական գաղութ: 1918 թ-ին Ազգերի լիգայի որոշմամբ դարձել է Բելգիայի պրոտեկտորատ: 1960 թ-ին լուծարվել է թութսիների միապետությունը, իսկ 1962 թ-ի հուլիսի 1-ին ձեռք է բերել անկախություն:
Անկախության առաջին տարիներին (1963–65) Ռուանդայում սրվեցին հարաբերությունները բնիկ հուտու և թութսի էթնիկ խմբերի միջև, և տեղի ունեցան արյունահեղ ընդհարումներ: 1973 թ-ի հուլիսին ռազմական հեղաշրջման հետևանքով թութսիների նկատմամբ վարվող քաղաքականությունը խստացվեց, և նրանց զգալի մասը տարագրվեց Ուգանդա: Այնտեղ ձևավորվեց Ռուանդայի հայրենասիրական ճակատը (ՌՀՃ), որն արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշվեց դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա: 1990-ական թվականներին տնտեսական դժվարությունների սրման և ՌՀՃ-ի զինված խմբավորումների երկիր ներխուժելու պատճառով սկիզբ առավ թութսիներին դավադրության մեջ մեղադրելու մի գործընթաց, որի հետևանքով 1994 թ-ին ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումներն իշխանությունների ցուցումով կոտորեցին ավելի քան 300 հզ. թութսիների և չափավորական հուտուների: Այդ կոտորածները (1994 թ-ի ապրիլի 6-ից հուլիսի 16-ը) որակվել են որպես ռուանդական ցեղասպանություն և ճանաչվել  միջազգայնորեն: Այդ նույն թվականին իշխանության եկավ ՌՀՃ-ն և 1994–97 թթ-ին շարունակեց հուտուների դեմ ռազմական գործողությունները` արդեն երկրի հյուսիս-արևմուտքում: 2005 թ. մարտի 31-ին իշխանության եկավ Ռուանդայի ազատագրման ժողովրդական ուժեր ապստամբական խմբավորումը, որը դատապարտեց ցեղասպանությունն ու հայտարարեց զինված պայքարի ավարտը:
Երկրի բնակչության 80 %-ը պատկանում է բանտու-բանյառուանդա լեզվաընտանիքին, որի մեջ մտնում են հուտու (բահուտու)՝ 88 %, թութսի՝ 11 %, գաճաճ (պիգմեյ)՝ 1 %, էթնիկ խմբերը: Բնակվում են նաև եվրոպացիներ և ասիացիներ: Խոշոր քաղաքներն են Կիգալին, Գիտատաման, Բուտարեն:
Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն է. մշակում են սրճենի, թեյ, սորգո, բատատ, եգիպտացորեն, քինաքինա, շաքարեղեգ, ծխախոտ, գետնանուշ: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ:
Գյուղական կացարանները շրջափակված են ցցապատով և տեղադրված են բլուրների լանջերին:
Ժողովրդական արվեստներից տարածված են զամբյուղների ու խսիրների հյուսումը, մետաղե զարդերի և փայտե կահկարասիների պատրաստումը: