Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորական սարյակ
Վարդագույն սարյակ
Սարյակները կազմում են ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք: 
Հայտնի է գրեթե 111, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորականը և վարդագույնը: 
Սարյակները սովորաբար չվող, երամային թռչուններ են: ՀՀ տարածքում բնակվող սովորական սարյակը նաև նստակյաց կյանք է վարում և տաք ձմռանը չի չվում: 
Գարնանը բնակվում են այգիներում, դաշտերում և մարգագետիններում: 
Սովորական սարյակի մարմնի երկարությունը 21–25 սմ է, կենդանի զանգվածը՝ 73–98 գ: Գարնան ու ամռան ամիսներին նրա փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով, իսկ աշնանն ու ձմռանը փետրածածկը բաց գույնի է՝ համաչափ տարածված սպիտակ պուտերով, ինչը թռչնին գրավչություն է տալիս: Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են: Մեծ երամներով նրանք վերադառնում են մարտ–ապրիլին և բնադրում. չոր խոտերից, բրդի ծվեններից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են իրենց բույնը, բնադրում են նաև մարդու անմիջական հարևանությամբ՝ արհեստական բներում: Մայիսի սկզբին էգը 4–5 երկնագույն ձվեր է դնում: Նույն ամսի կեսերին հայտնըվում են ձագերը, որոնք 3 շաբաթ անց թռչում հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել: ՀՀ տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի: 
Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին: Մարմնի չափերով (երկարությունը 21,5 սմ է, կենդանի զանգվածը՝ 70–90 գ) նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, միայն թե նրանց մեջքի և որովայնի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև: Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ: Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով (ավելի քան 10 հզ. թռչուն): Թեև կեր են հայթայթում նաև մարդկանց բնակավայրերի մոտ, բայց բնադրում են նրանցից հեռու՝ քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում: Վարդագույն սարյակների բնադրագաղութներ կան Արագածի, Գեղամա լեռների քարքարոտ լանջերին: Բույնը պատրաստում են չոր խոտերից, բարակ ցողուններից: Դնում են 4–6 երկնագույն ձվեր, որոնցից հունիսի 2-րդ կեսին դուրս են գալիս ձագերը: 
Սարյակները սնվում են հիմնականում միջատներով, նաև զանազան պտուղներով (գերադասում են թութը) և հատապտուղներով: 
Սարյակները շատ օգտակար թռչուններ են. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների, հատկապես՝ մորեխների: Վարդագույն սարյակները 1 գաղութի սահմաններում կարող են ոչնչացնել մեծ քանակության վնասատու միջատներ: Ուստի սարյակներին հարկավոր է պահպանել: