 | Սևանա լճափի գրեթե ամբողջ երկայնքով ստեղծվել է հանգստավայրա- առողջարանային գոտի: |
Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է: Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա: Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: Նախքան լճի մակարդակի արհեստական իջեցումը նրա երկարությունը 75 կմ էր, միջին լայնությունը՝ 19 կմ (առավելագույնը՝ 32 կմ), միջին խորությունը՝ 41,3 մ, իսկ ամենախոր մասի՝ Փոքր Սևանի խորությունը՝ գրեթե 98,7 մ: Այդ պայմաններում լճի ընդհանուր ծավալը կազմում էր 58,5 մլրդ մ3, ջրի մակարդակի արհեստական իջեցումից հետո` շուրջ 32,9 մլրդ մ3: Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ՝ Ձկնագետը, Գավառագետը, Արգիճին, Վարդենիսը, Կարճաղբյուրը, Մասրիկը և այլն: Սևանը սնվում է նաև ստորգետնյա աղբյուրներով ու մթնոլորտային տեղումներով: Լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ: Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով, կան նաև կողակ, բեղլու և սիգ: Հատակային ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ է (մոտ 130 տեսակ): Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը: Սակավաջուր մեր երկրի կյանքում մեծ է Սևանի նշանակությունը: 1930–60-ական թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել է Սևան–Հրազդան կասկադը՝ իր 6 ջրէկներով, և ջրի պաշարներն ու էներգետիկ ներուժն օգտագործելու հետևանքով լճի մակարդակն իջել էր: Լճից ջրի բացթողման ընթացքում պարզվեց, որ նրա էկոլոգիական վիճակը վատթարանում է ավելի արագ, քան ենթադրվում էր: Լիճն արագ զրկվեց իր դարավոր պաշարների 40 %-ից, առավելագույն խորությունը հասավ մինչև 80 մ-ի, ջրի մակարդակն իջավ 13,5 մ-ով, որի հետևանքով միայն 1949–64 թթ-ին Փոքր Սևանի լճահատակը նվազեց 36,5 կմ2-ով, Մեծ Սևանինը՝ 116 կմ2-ով, նվազեց թթվածնի պարունակությունը ջրում, սկսեց հաճախ սառցակալել (1947 թ-ից՝ 17 անգամ): Մինչև 2001 թ. լճի մակարդակն իջավ 19,25 մ-ով: Ֆիզիկաքիմիական և կենսաբանական փոփոխությունների հետևանքով լիճն սկսեց ծերանալ ու ճահճանալ, «ծաղկել» կապտականաչ ջրիմուռներով: Այս փոփոխությունները բացասաբար անդրադարձան լճի կենդանական աշխարհի վրա: Փոքր Սևանում գտնվող կղզին, որտեղ դեռևս IX դարում կառուցվել էր Սևանի վանքը, և որն ափից հեռու էր շուրջ 2 կմ-ով, աստիճանաբար վերածվեց թերակղզու: Այդ շարժընթացն ավարտվեց 1952 թ-ին: Ի դեպ, ջրերից ազատված տարածքում` Լճաշեն գյուղի մոտ, հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվեցին մեր թվականությունից հազարամյակներ առաջ ապրած մարդկանց բնակավայրեր, հնագիտական բազմատեսակ պեղածոներ, երկանիվ և քառանիվ սայլեր: Այդ աղետը կանխելու համար որոշվեց էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից այլևս ջուր բաց չթողնել. ջուր էր բաց թողնվում միայն ոռոգման նպատակով: Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար բացառիկ նշանակություն ունեցավ Որոտան–Արփա–Սևան ջրատեխնիկական համալիրի կառուցումը: Լճի մակարդակը բնականին մոտ պահելու համար ջրատարը լիճ է տեղափոխում Որոտան, Արփա, Եղեգիս գետերի հոսքի մի մասը (տարեկան 415 մլն մ3): Այն բաղկացած է Արփա–Սևան (կառուցվել է 1981 թ-ին, տեղափոխում է 250 մլն մ3ջուր) և Որոտան–Արփա (կառուցվել է 2004 թ-ին, տեղափոխում է տարեկան 165 մլն մ3 ջուր) թունելային ջրատար համակարգերից: Որոտան–Արփա–Սևան ջրատարի շահագործումն ապահովել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև նրա աստիճանական բարձրացումը: Նախատեսված է առաջիկա 10–15 տարիների ընթացքում լճի մակարդակը բարձրացնել մինչև 6 մ-ով: Սևանա լճի բնական էկոհամակարգի պահպանության նպատակով 1978 թ-ին ստեղծվել է «Սևան» ազգային պարկը: Սևանա լճի առողջացման և ամբողջ էկոհամակարգի պահպանման ու բարելավման գործը կառավարվում է պետական մակարդակով: 2001 թ-ի մայիսի 15-ին ընդունվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: Սևանի պահպանությունը և լիճը բարվոք վիճակում գալիք սերունդներին փոխանցելը համազգային խնդիր է: Բնության հազվագյուտ պարգև Սևանա լիճը ոգեշնչման աղբյուր է եղել արվեստագետների համար: Սևանը պատկերել են նկարիչներ Գ. Բաշինջաղյանը, Ս. Առաքելյանը, Փ. Թերլեմեզյանը և ուրիշներ: Նրա մասին բանաստեղծություններ են գրել հայ և այլազգի շատ բանաստեղծներ:
|