Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արարատյան դաշտը գյուղատնտեսական մթերքի իսկական շտեմարան է:
Արարատյան դաշտը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում: Այն Արարատյան գոգավորության հատակն է՝ եզրավորված Արագած, Գեղամա, Սիս և Մասիս, Հայկական Պար լեռներով՝ ծովի մակերեվույթից 800–1000 մ բարձրության վրա:
Դաշտն ունի ավելի քան 100 կմ երկարություն և մինչև 25 կմ լայնություն, հյուսիսային սահմանը հասնում է Ախուրյան և Արաքս գետերի միախառնման շրջանը, իսկ հարավայինը՝ մինչև Գայլի դրունք լեռնանցքը: Արարատյան դաշտն ունի չոր ցամաքային կլիմա. ամառը շոգ է (4–5 ամիս), ձմեռը՝ չափավոր ցուրտ, եղանակը հիմնականում անհողմ է: Գարունը շատ կարճատև է, իսկ աշունը՝ տևական, տաք, ինչպես ասում են՝ «ոսկե աշուն»:
Լանդշաֆտը կիսաանապատային է, կան անապատային տեղամասեր: Տիրապետում են կիսաանապատային չորասեր բուսատեսակները՝ օշինդրի, ուղտափշի գերակշռությամբ, անապատային աղասեր բույսերը (օշան, գեղածնկիկ), ցածրադիր, ճահճապատ տարածություններում՝ եղեգի մացառուտները:
Արարատյան դաշտում ոռոգովի երկրագործության պայմաններում աճում են հանրահայտ հայկական ծիրանենին, խաղողը, դեղձենին, սերկեվիլենին և շատ ուրիշ պտղատու ծառեր ու բանջարեղեն: Մեծ տեղ է հատկացվում եթերայուղատու բույսերին՝ խորդենուն և վարդենուն:
Հարուստ է Արարատյան դաշտի կենդանական աշխարհը: Տարածված են եղեգնակատուն, ջրասամույրը, վարազը, գետակինճը, սողունները՝ գյուրզա, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, կարմրափոր սահնօձ, կան մի քանի տեսակի մողեսներ ու միջատներ: Հնում միջատների մի տեսակից պատրաստում էին հայտնի որդան կարմիր ներկը: Լճակներում ու ջրամբարներում արհեստական ճանապարհով աճեցնում են կուղբի և ձկան մի քանի տեսակներ:
Արարատյան դաշտում կան հանքային և արտեզյան ջրերի պաշարներ: Հնուց ի վեր մեծ համբավ ունի Արզնու ջուրը: Այժմ հայտնի է նաև Արարատի հանքային ջուրը: Մեծ է անուշահամ ջրերի երևանյան արտեզյան ավազանը:
Օգտակար հանածոներից կան կերակրի աղ, տրավերտիններ (կրաքարային տուֆեր), ֆոսֆորիտներ, կրաքար, մարմար:
Արարատյան դաշտը հնագույն ժամանակներից եղել է հայկական պետականության ու մշակույթի օրրանը: Հայկական լեռնաշխարհի ամենախիտ բնակեցված շրջանն է. այստեղով են անցել միջպետական, տարանցիկ, առևտրական ճանապարհները: 
Արարատյան դաշտում են հիմնադրվել Հայաստանի Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Դվին, Երևան մայրաքաղաքները: Արարատյան դաշտում են Հայոց հոգևոր կենտրոնը (302-ից)՝ Էջմիածնի Մայր աթոռը, Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր, Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի քաղաքները:
Արարատյան դաշտի պատմական հուշարձաններից առավել նշանավոր են Շենգավիթի հնավայրը (մ.թ.ա. V–IV հազարամյակներ), Մեծամորի մետաղաձուլական կենտրոնը (մ.թ.ա. III–I հազարամյակներ), ուրարտական ամրոցներ Էրեբունին (մ.թ.ա. 782 թ.), Թեյշեբաինին (Կարմիր բլուր, մ.թ.ա. VII–VI դարեր), Հրազդանից ժայռափոր թունելով անցկացված ջրանցքը (մ.թ.ա. VIII դար), Էջմիածնի Մայր տաճարը (301–303 թթ.), Խոր վիրապը (IV դարի սկիզբ), Հռիփսիմեի տաճարը (618 թ.), Զվարթնոցը (641–653 թթ.), Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը (1968 թ.) և այլն:
    
  • «...Հոյակապ, հռչակավոր, երևելի գավառն Արարատյան, որն ամեն ինչ բուսցնող է, ամեն ինչ տվող, ամեն ինչով լի, մարդկային կյանքին, վայելքին ու երջանկությանն անհրաժեշտ օգուտի ու դեղի համար ամեն ինչ ունեցող՝ դաշտեր լայնատարած ու որսալից, շուրջ բոլորը լեռներ գեղեցկանիստ ու փարթամ արոտներով ծածկված, կճղակաբաշխ ու որոճող անասուններով և նրաց հետ էլի ուրիշ բազմատեսակ կենդանիներով լեցուն: Լերանց բարձր կատարներից ջրեր են հոսում՝ լիուլի ոռոգմամբ արբեցնելով դաշտերը, որոնք անթիվ կին ու տղամարդ բնակչությամբ փարթամացած ոստանն են մատակարարում առատ հացով և գինով, անուշաբույր ու մեղրահամ բանջարեղենով և յուղատու զանազան սերմերով: Իսկ թե հայացքդ առաջին անգամ ես դարձնում դեպի լեռնափեշերը կամ սարահարթերը, ապա նրանց վրա սփռվածը հանդերձներ կկարծես և ոչ թե ծաղկաբույս երանգներ՝ տարածված փարթամորեն, անուշահամ ու պարարտ արոտներ...»:
Ղազար Փարպեցի
V դար