 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Հանոյ Տարածքը՝ 331,7 հզ. կմ2 Բնակչությունը՝ 85,3 մլն Պետական լեզուն՝ վիետնամերեն Դրամական միավորը՝ դոնգ |
 | Ձկնորսությունը վիետնամցիների ավանդական զբաղմունքն է: |
 | Մայրաքաղաք Հանոյի համայնապատկերը |
 | Վիետնամում վերջին տարիներին արագ զարգանում է նաև զբոսաշրջությունը: |
Վիետնամի Հանրապետություն Վիետնամը պետություն է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում: Արևելքում ողողվում է Հարավչինական ծովի ջրերով: Երկիրը բաղկացած է Բակբո (Հյուսիս), Չունգբո (Կենտրոն) և Նամբո (Հարավ) մասերից: Նրա տարածքի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ: Երկրի մակերևույթի շուրջ 3/4-ը զբաղեցնում են լեռները (գերակշռում են 500–1500 մ բարձրությունները): Ամենաբարձր լեռնաշղթան Հոանգլիեշոնն է՝ Ֆանշիպան գագաթով (3143 մ, Վիետնամի ամենաբարձր կետը): Ծովեզերքին դաշտավայրեր են: Ընդերքում կան քարածխի, երկաթի, բոքսիտների, կապարի, ցինկի, վոլֆրամի, անագի, մոլիբդենի, ոսկու պաշարներ: Կլիման մերձարևադարձային մուսսոնային է: Հաճախակի են թայֆուններն ու ջրհեղեղները: Գետային ցանցը խիտ է: Բոլոր գետերը պատկանում են Հարավչինական ավազանին և օգտագործվում են ոռոգման ու բեռնափոխադրումների համար: Գլխավոր գետերն են Հոնգհան (Կարմիր)՝ Դա (Սև) վտակով, և Մեկոնգը: Երկրի տարածքի մոտ 1/3-ը ծածկված է արևադարձային և մերձարևադարձային անտառներով, սարահարթերն ու սարավանդները՝ սավաննաներով: Ամենատարածված բուսատեսակը հնդկեղեգն է, հարթավայրերում` ճահճային բուսականությունը: Խոնավ անտառներում կան կապիկներ (գիբոններ, մակակներ), վագրեր, տիբեթական և մալայական արջեր, ծառային մշկակատուներ, սկյուռներ, սավառնասկյուռներ, վիշապօձեր, խոշոր վարաններ, սպիտակ ու կանաչ թութակներ, սավաննաներում՝ հնդկական փիղ, ռնգեղջյուր, այծքաղ, եղջերու, վայրի ցուլ, գետակինճ, թռչուններից` սիրամարգ, արծիվ և այլն: Վիետնամի կենդանական աշխարհը երկրագնդում ամենահարուստներից է: Վիետնամական ժողովրդի կազմավորման ընթացքն ավարտվել է X դարի սկզբին: XI–XIV դարերում ձևավորվել է Դայվիետ ավատատիրական կենտրոնացված պետությունը: Վերջինս XVII դարում բաժանվել է 2 տոհմական տիրույթների, որոնց միջև սկսվել է երկպառակտչական պատերազմ: 1802 թ-ին Նգուենների դինաստիան իր ձեռքն է վերցրել երկրի իշխանությունը և կառավարել մինչև 1945 թ.: Վիետնամ անունը երկրին տրվել է 1804 թ-ին: XIX դարի 1-ին կեսին Վիետնամը բացարձակ միապետություն էր: 1858–84 թթ-ին երկիրը գաղութացրել են ֆրանսիացիները: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երկիրը նվաճել են ճապոնացիները: 1941 թ-ին ստեղծվեց ազգային-ազատագրական միասնական ճակատ՝ Վիետմին՝ պայքարելու ֆրանսիական գաղութարարների և ճապոնական զավթիչների դեմ: 1945 թ-ի օգոստոսյան հեղափոխությունը վերջ դրեց գաղութային վարչակարգին: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Վիետնամի Դեմոկրատական Հանրապետությունը: Սակայն ֆրանսիացիները դիմեցին բացահայտ ոտնձգության, և սկսվեց վիետնամական ժողովրդի դիմադրության պատերազմը, որը տևեց մինչև 1954 թ.: 1956 թ-ին ֆրանսիական զորքերը դուրս եկան երկրից: Այդ ընթացքում Վիետնամը դարձավ մեծ տերությունների՝ մասնավորապես ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի շահերի բախման թատերաբեմ: Հյուսիսային Վիետնամում հաստատվեցին սոցիալիստական կարգեր, իսկ Հարավայինում հռչակվեց Վիետնամի Հանրապետությունը: Վիետնամի համար ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի պայքարը 1965 թ-ին վերածվեց բացահայտ պատերազմի: Հակամարտությունը շարունակվեց մինչև Հարավային Վիետնամի վարչակարգի անկումը, որից հետո, 1976 թ-ի ապրիլին, տեղի ունեցան Վիետնամի Ազգային ժողովի ընդհանուր ընտրություններ: Արդյունքում երկիրը միավորվեց մեկ պետության՝ Վիետնամի Հանրապետության մեջ: Վիետնամի բնակչության շուրջ 90%-ը վիետնամցիներ են, որոնք խոսում են վիետնամերեն և հիմնականում դավանում բուդդայականություն: Բնակվում են նաև ավելի քան 60 ազգություններ ու էթնիկ խմբեր՝ մոոնգներ, թաիներ, տհայներ, նունգեր, քմերներ, չինացիներ և այլք: Խոշոր քաղաքներն են Հանոյը, Հայֆոնը, Հոշիմինը, Դանանգը, Հյուեն: Արդյունաբերության առաջատար ճյուղը ածխարդյունաբերությունն է: Կան նաև մեքենաշինական, մետաղամշակման, նավաշինական և նավանորոգման, քիմիական, տեքստիլ, փայտամշակման ձեռնարկություններ: Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է: Ցանքատարածությունների գերակշռող հատվածում մշակում են բրինձ. տարվա ընթացքում հավաքում են 2–3 բերք: Մշակում են նաև եգիպտացորեն, բատատ, հացարմատ, բամբակենի, արքայախնձոր, ադամաթուզ, ցիտրուսներ, մանգո, ջուտ, սոյա, շաքարեղեգ, ծխախոտ, գետնանուշ, թեյ, սրճենի և այլն:
|