Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Թբիլիսի
Տարածքը՝
69,7 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
4,4 մլն
Պետական լեզուն՝ 
վրացերեն
Դրամական միավորը՝  
լարի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին
«Վրաստանի պատմություն» համալիրը Թբիլիսիի մերձակայքում
Կազբեկ լեռնագագաթը (5047 մ)
Իրակլի II արքայի հուշարձանը Թելավ քաղաքի մուտքի մոտ
Թբիլիսիի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին
Րաֆֆու մահարձանը Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում
Վրաստանի  Հանրապետություն
Վրաստանը պետություն է Այսրկովկասի կենտրոնական և արևմտյան մասում: Արևմտյան ափերը ողողվում են Սև ծովի ջրերով: Հարավից սահմանակից է Հայաստանին:
Չնայած երկրի ոչ մեծ տարածքին՝ բնական պայմանները խիստ բազմազան են: Վրաստանը լեռնային երկիր է: Տարածքի կեսից ավելին զբաղեցնում են Մեծ և Փոքր Կովկասի լեռները: Հարավ-արևելքում տարածվում է Ալազանի միջլեռնային գոգավորությունը, արևմուտքում՝ Կոլխիդայի դաշտավայրը: Լիխի լեռնաշղթան միացնում է Մեծ և Փոքր Կովկասները՝  միաժամանակ Վրաստանը բաժանելով 2 խոշոր մասերի՝ արևմտյան (խոնավ) ու արևելյան (չորային): Մեծ Կովկասի վրացական հատվածում են  Վրաստանի ամենաբարձր գագաթները՝ Շխարան (5068 մ) և Կազբեկը (5047մ): Հանրապետության հարավում է Ջավախքի բարձրավանդակը (առավելագույն բարձրությունը՝ 3301 մ՝ Մեծ Աբուլ լեռ), որը հրաբխային լեռների, լեռնազանգվածների, սարավանդների ու գոգավորությունների համալիր է: 
Խոշոր գետը Կուրն է՝ Արագվի և Ալազան վտակներով: Սև ծովի ավազանի գետերից են Ռիոնը, Ինգուրը, Բզիբը, որոնք ունեն  ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Լճերից նշանավոր են Փարվանան, Տաբածղուրին, Խանչալին, Ռիցան, Ամտկելին: 
Հարուստ ու բազմազան են Վրաստանի բուսական և կենդանական աշխարհները: Շատ  են բնաշխարհիկ և մնացուկային բուսատեսակները: Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են Լագոդեխիի, Բորժոմի, Ռիցայի արգելոցները, Թբիլիսիի բնական ազգային պարկը:
Բնական հակադրություններով հարուստ լանդշաֆտները, մեղմ կլիման, փարթամ բուսականությունը, ծովի տաք ջուրը, հանքային աղբյուրները գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների: 
Վրաստանի ընդերքը հարուստ է բազմաթիվ օգտակար հանածոներով: Արդյունահանում են մանգան, քարածուխ, գունավոր մետաղներ, բարիտ և այլ հանածոներ: Տեղական հումքի և երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի հիման վրա զարգացել է Վրաստանի արդյունաբերությունը: 
Մ.թ.ա. VI դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը, մ.թ.ա. IV դարում՝ Արևելյան Վրաստանում՝ Իբերիայի թագավորությունը: Մ.թ. VI-X դարերում Վրաստանը գտնվել է Սասանյան Պարսկաստանի, ապա` Բյուզանդիայի և Արաբական խալիֆության տիրապետության տակ: VIII դարի վերջին – IX դարի սկզբին կազմավորվել են Կախեթի, Հերեթի, Աբխազիայի թագավորություններն ու իշխանությունները: XI–XII դարերում Վրաստանը մեծ վերելք է ապրել, XIII-XIV դարերում ենթարկվել է թաթար մոնղոլների և Լենկթեմուրի արշավանքներին: XV դարի վերջին երկիրը բաժանվել է անկախ թագավորությունների ու իշխանությունների՝ Քարթլիի, Իմերեթիայի, Կախեթի, Մեգրելիայի, Գուրիայի, Աբխազիայի: XVI-XVIII դարերում դարձել է  Թուրքիայի և Իրանի միջև ընդհարումների թատերաբեմ: Հայտնի է Գ. Սաակաձեի գլխավորությամբ 1625 թ-ի ապստամբությունը պարսկական լծի դեմ: 1783 թ-ին Գեորգիևսկի պայմանագրով Հերակլ II թագավորը ճանաչել է Ռուսաստանի հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից: 1801-ին` Արևելյան Վրաստանը, 1803–64 թթ-ին Արևմտյան Վրաստանը միացել են Ռուսաստանին և կազմել Թիֆլիսի ու Քութաիսի նահանգները:
1918 թ-ին Վրաստան են մտել գերմանական, թուրքական և անգլիական   զորամիավորումներ, մայիսին հռչակվել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը: 1921 թ-ի փետրվարին երկիրը խորհրդայնացվել է, և ստեղծվել է Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որը 1922 թ-ին մտել է ԱնդրՖեդերացիայի, 1936 թ-ից՝ անմիջականորեն ԽՍՀՄ կազմի մեջ՝ որպես միութենական հանրապետություն:
Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թ-ին Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Սակայն տնտեսական բնույթի դժվարություններից բացի, առաջացան նաև քաղաքական բարդություններ: Վրաստանի կազմի մեջ մտնող Աբխազիայի Խորհրդային Ինքնավար Հանրապետությունը և Հարավօսեթական Ինքնավար Մարզը սկսեցին անկախության պայքար, որը շուտով վերածվեց զինված բախման:
1992 թ-ին Աբխազիան և Հարավային Օսիան հռչակեցին իրենց անկախությունը, 1992–94 թթ-ին տեղի ունեցան զինված բախումներ նրանց և Վրաստանի միջև, որն զգալի վնաս հասցրեց հանրապետությանը: Աբխազիայի վրաց բնակչությունն ստիպված եղավ գաղթել երկրամասից: Այդ պատերազմի ընթացքում մեծապես տուժեց նաև Աբխազիայի հայկական համայնքը:
Հարավային Օսիայի հետ զինված բախումները կրկնվեցին 2008 թ-ի օգոստոսին, և Ռուսաստանն այդ ազգային փոքրամասնությանը վերահաս ցեղասպանությունից փրկելու մղումով մտավ Վրաստան, ապա ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, որոնց բնակչության մեծ մասը մինչ այդ հասցրել էր ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն:
Այդ հիմնախնդրի շուրջը Վրաստանի և Ռուսաստանի հակամարտությունը շարունակվում է, ինչը զգալի մարդկային զոհեր ու տնտեսական դժվարություններ է պատճառել վրաց, աբխազ և օս ժողովուրդներին:
Վրաստանը բազմազգ պետություն է: Բնակչության 59 %-ը վրացիներ են, բնակվում են նաև հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, օսեր, հույներ և այլք: Վրաստանի բնիկներն  իրենց անվանում են քարթվելներ, իսկ երկիրը՝ Սաքարթվելո: 
Խոշոր քաղաքներն են Թբիլիսին, Քութաիսը, Ռուսթավին, նավահանգիստները՝ Բաթումը, Փոթին:
Տնտեսության մեջ առաջատարը սննդհամի՝ այդ թվում թեյի, պահածոների, եթերային յուղերի, հանքային ջրերի, ինչպես նաև թեթև, մեքենաշինական, քիմիական, նավթաքիմիական, սև մետալուրգիական արդյունաբերություններն են:
Գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Հյուսիսային Կովկասից ու Ադրբեջանից եկող գազատարները:
Երկրի արևմտյան՝ ծովափնյա  մասում կան մերձարևադարձային գոտիներ, որտեղ մշակվում են նարինջ, կիտրոն, մանդարին, թեյ: Շատ են դափնու և տունգի տնկարկները: Կուր և Ալազան գետերի միջին հոսանքների երկայնքով ձգվող արևոտ հովիտներում մշակում են խաղող, պտղատու այգիներ, հացահատիկ, եգիպտացորեն: Լեռնային գոտում զարգացած են կարտոֆիլագործությունն ու կաթնամսատու անասնապահությունը:
Վրաստանը հարուստ է ծովափնյա կլիմայական (Քոբուլեթ, Ուրեկի), առողջարանային (Ծղալտուբո, Նաբեղլավի, Սաիրմե), առողջարանա-կլիմայական (Բորժոմ, Ջավա) և լեռնակլիմայական (Աբասթուման, Բակուրիան) բազմաթիվ առողջավայրերով:
Վրաստանը հնագույն մշակույթի երկիր է. ունի զարգացած ճարտարապետություն, գրականություն, արվեստ, թատրոն, կինո, ազգային մշակույթի պահպանության ու զարգացման լավագույն ավանդույթներ:
Հանրահայտ են գրողներ Շոթա Ռուսթավելին, Գալակտիոն Տաբիձեն, Վաժա Փշավելան, Ակակի Ծերեթելին, Իլյա Ճավճավաձեն, Կոնստանտինե Գամսախուրդիան, Նոդար Դումբաձեն, քանդակագործ Զուրաբ Ծերեթելին, ճարտարապետ Նոդար Կաչելին, ռեժիսորներ Կոնստանտին Մարջանիշվիլին, Ռոբերտ Ստուրուան, կինոռեժիսոր Գեորգի Դանելիան, դերասաններ Սերգո Զաքարիաձեն, Վերիկո Անջափարիձեն, Սոֆիկո Ճիաուրելին, Վախթանգ Կիկաբիձեն, պետական-քաղաքական գործիչներ Դավիթ Շինարարը, Թամար թագուհին, Իոսիֆ Ստալինը, Լավրենտի Բերիան, Էդվարդ Շևարդնաձեն և ուրիշներ:

Հայերը Վրաստանում
Վրաստանում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Երկրի հարավային շրջանները մտել են պատմական Հայաստանի Գուգարք նահանգի մեջ, որի արևելյան և կենտրոնական գավառները կազմել են հայ ժողովրդի բնօրրանի բաղկացուցիչ մասը: Հայերի թիվը Վրաստանում ավելացել է V դարում, երբ նրան միացվեցին Մեծ Հայքից անջատված հայաբնակ մի քանի գավառներ, և 451 թ-ի՝ պարսիկների դեմ հայերի ապստամբությունից հետո, երբ Մամիկոնյան իշխանական տոհմից փրկված ներկայացուցիչներն ապաստանեցին Վրաստանի Գուգարաց բդեշխությունում:  Արաբական տիրապետության շրջանում նույնպես բազմաթիվ հայեր Հայաստանից գաղթել են Վրաստան: Վրաց պետականության հովանավորության ներքո ձևավորվել են հայկական նոր իշխանական տոհմեր, որոնցից մեծ դեր են խաղացել հատկապես Զաքարյանները: Այդ տոհմի ներկայացուցիչներ Զաքարե և Իվանե եղբայրները, վրացական զորքերի գլուխ անցած, XII դարի վերջին ազատագրեցին Հայաստանի մի մասը, ստեղծեցին Զաքարյանների իշխանապետությունը՝ Անի կենտրոնով:
Հայերի գաղթը Վրաստան շարունակվել է նաև XIII-XVIII դարերում: Վրաստանի մի շարք քաղաքներում ձևավորվել են հայկական կայուն համայնքներ: 
Հայկական խոշոր համայնք  է ձևավորվել նաև Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում (1937 թ-ից՝ Թբիլիսի), որտեղ XVIII դարում հայերը կազմում էին բնակչության գերակշիռ մասը, գործում էին բազմաթիվ արհեստավորական համքարություններ:  XIX դարի ընթացքում այնտեղ կազմավորվել և հզորացել է հայ բուրժուազիան (Մանթաշով, Արամյանց, Ղուկասով և այլք), որին պատկանում էր Թիֆլիսի արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրական տների շուրջ 60 %-ը: Հայ համայնքի ներկայացուցիչները ղեկավար պաշտոններ են զբաղեցրել քաղաքի կառավարման կառույցներում: Թբիլիսին ունեցել է ավելի քան 40 հայազգի քաղաքապետներ, որոնցից Սարաջևը հիմնել է կոնյակի և քաղցրավենիքի արտադրություն, Է. Արքունին Թբիլիսիին է նվիրել իր անձնական գրադարանը (ներկայումս՝ հանրային գրադարան), Ա. Խատիսյանի տունը ցայսօր Թբիլիսիի քաղաքապետարանի շենքն է:  
XIX դարի սկզբից Թիֆլիսը եղել է հայ հոգևոր-մշակութային, կրթական, առևտրաարդյունաբերական խոշոր կենտրոն և առանցքային նշանակություն է ունեցել հայ հասարակական-քաղաքական կյանքի ձևավորման ու զարգացման գործում:
1826–28 թթ-ի ռուս-պարսկական պատերազմի  և Առաջին աշխարհամարտի ժամանակ` 1916թ-ին Թիֆլիսում կազմավորվել են Ռուսաստանի բանակի կազմում կռվող հայկական կամավորական ջոկատներ: 1862թ-ին Թիֆլիսում ստեղծվել է Զեյթունի ապստամբությանն աջակցող մարմին, 1890 թ-ին  հիմնադրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը:
1899–1900 թթ-ին Թիֆլիսում գործել է Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Վերնատուն» գրական խմբակը, որի միջոցառումներին մասնակցել են բազմաթիվ վրացի նշանավոր դեմքեր:
1856թ-ից Թիֆլիսում գործում է Հայկական դրամատիկական թատրոնը: 
VII–XIX դարերի ընթացքում Վրաստանի տարածքում հայերը կառուցել են ավելի քան 600 հայկական եկեղեցիների, ձևավորվել և այսօր էլ գործում է Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը: Ներկայումս Թբիլիսիում բազմաթիվ հայկական եկեղեցիներից գործում են միայն կաթողիկե Սուրբ Գևորգ (առաջնորդանիստ) և Հավլաբարի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ, Ախալցխայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ,  Ախալքալաքում՝ Սուրբ Խաչ, Նինոծմինդայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցիները: 
Առանձնահատուկ նշանակություն ունի Խոջիվանքի գերեզմանատունը, որտեղ թաղված են հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գրականության և մշակույթի հայտնի դեմքեր: Այդ պանթեոնը ժամանակին ձևավորվել էր Խոջիվանքի (կառուցվել է 1780 թ-ին) շուրջը, որը 1930-ական թվականներին քանդվել է, շիրիմներից շատերը ոչնչացվել են:
Թիֆլիսում գործել են հայկական թատրոններ, բազմաթիվ դպրոցներ, որոնցից առավել հայտնի էր Ներսիսյան դպրոցը, հրատարակվել են բազմաթիվ պարբերականներ: Ներկայումս լույս են տեսնում «Վրաստան» (Թբիլիսիում), «Ակունք» (Ախալքալաքում) և «Արշալույս» (Նինոծմինդայում) թերթերը:
Թիֆլիսում ապրել ու ստեղծագործել են գրողներ Հ. Թումանյանը, Րաֆֆին, Ղազարոս Աղայանը, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը և ուրիշներ, նկարիչներ Մկրտում, Հակոբ ու Աղաթոն Հովնաթանյանները, Ստեփան Ներսիսյանը, Գևորգ Բաշինջաղյանը, կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը և ուրիշներ, բազմաթիվ դերասաններ, լրագրողներ և այլք:
Հայազգի վրացալեզու շատ գործիչներ դարերի ընթացքում հարստացրել են վրաց ժողովրդի հոգևոր գանձարանը: Վրաց գրականության պատմության մեջ պատվավոր տեղ ունեն Սայաթ-Նովան, Զ. Անտոնովը, Մ. և Գ. Թումանովները, Ա. Հախնազարովը և այլք:
Հայ համայնքներ են ձևավորվել և շարունակում են գոյատևել Գորի, Քութայիս, Թելավ, Սղնախ և այլ քաղաքներում: Հայ հոծ բնակչություն է ապրում Ջավախքում, որը սահմանակից է Հայաստանի հյուսիսային՝ Շիրակի մարզին: 
Ներկայումս Վրաստանում բնակվում է շուրջ 350 հզ. հայ, գործում են 154 հայկական և խառը ուսուցմամբ դպրոցներ. Թբիլիսիում՝ 8, Սամցխե-Ջավախքում՝ 115, Ներքին Քարթլիում՝ 29: Հայկական 41 դպրոցներ են գործում Աբխազիայում: Վրաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որտեղ հայկական դպրոցները գործում են պետական հովանավորությամբ: 
Վրաստանում գործում են նաև մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ՝ «Ջավախք ժողովրդական շարժում», «Փարվանա», «Վրաստանի հայերի միություն» և այլն: 1998 թ-ին հիմնադրվել է «Վիրք» կուսակցությունը, որը դեռևս պաշտոնապես գրանցված չէ: