Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տերևների եզրագծերի տեսքը. 1. ամբողջաեզր, 
2. ատամնավոր, 3. սղոցաեզր, 4. աղեղնաեզր, 5. ակոսավոր
Տերևների հիմնական ձևերը.
պարզ տերեվներ. 1. կլոր, 2. էլիպսաձև, 3.նշտարաձև, 4. ռոմբաձև, 5. ձվաձև, 6.սրտաձև, 7. գծաձև, 8. նետաձև, 9. երիկամաձև, 10. բլթակավոր, 11. թաթաձև հատվածավոր, 12.փետրաձև հատվածավոր,
բարդ տերեվներ. 13. կենտ փետրաձև, 14. բարդ թաթաձև, 15.կրկնակի փետրաձև, 16. եռակի փետրաձև
Տերևը բարձրակարգ բույսի այն օրգանն է, որը կատարում է լուսասինթեզ, գոլորշիացում, ապահովում է գազափոխանակությունը և մասնակցում բույսի կենսագործունեության այլ կարևոր շարժընթացների:
Տերևն առաջանում է ցողունի աճման կոնի կիսվելու և նոր բջիջներ առաջացնելու ունակությունը պահպանող հյուսվածքի առաջնային մերիսթեմի (բաժանարար համակարգ բույսերում) արտաքին բջիջներից: Սկզբում սովորաբար աճում է գագաթով, ապա` լայնական: Տերևներն առաջացել են ծաղկավոր բույսերի վրա և առաջնակարգ դեր խաղացել ցամաքային բույսերի` միջավայրի պայմաններին հարմարվելու ընթացքում: Ի տարբերություն բույսի մյուս 2 վեգետատիվ օրգանների՝ արմատի և ցողունի, տերևն ունի մեծ մասամբ թիկնափորային համաչափություն և կողմնային դիրք: Բաղկացած է 3 մասից՝ հիմքից, կոթունից և տերևաթիթեղից: Որոշ բույսերի տերևներ արտահայտված կոթուն չունեն և կոչվում են նստադիր տերևներ (որոշ խլածաղկազգիներ, շրթնածաղկավորներ և այլն): Նույն բույսի վրա կարող են զարգանալ և՜ կոթունավոր, և՜ նստադիր տերևներ: Տերևի հիմքային մասը հաճախ լայնանալով` առաջացնում է տերևապատյան, որն ընդգրկում է ցողունը (հովանոցազգիներ և հացազգիներ): Բազմաթիվ բույսերի տերևների հիմքում զարգանում են զույգ համաչափ հավելվածներ՝  տերևիկների, մազմզուկների և թեփուկների ձևերի տերևակիցներ: Տերևները չափազանց բազմաձև են: Տարբերում են պարզ՝ կոթունով և տերևաթիթեղով, ու բարդ՝ գլխավոր կոթունով ու հաջորդ կարգերի կոթունիկներով (որոնց ամրանում են տերևիկները) տերևներ: Պարզ տերևները, ըստ թիթեղի ձևի, բաժանվում են 2 խմբի՝ ամբողջական և կտրտված, որոնք իրենց հերթին ստորաբաժանվում են ըստ ձևաբանական հատկանիշների՝ թիթեղի հիմքի, եզրերի կտրտվածության և այլն: Խոտաբույսերի պարզ և բարդ տերևների միջև կան բազմաթիվ անցումային ձևեր, որոնք միակցումների ապաճման հետևանք են: Տերևները տարբերվում են նաև իրենց ջղավորմամբ (զուգահեռ, աղեղնաձև, ցանցաձև և այլն), ինչը կարևոր է հատկապես բրածո ձևերի ուսումնասիրության համար: Տերևների երկարությունը տատանվում է մի քանի միլիմետրից մինչև 20 մ (խեժատու ռաֆիա, արմավենի), միջինը 3–10 սմ է: Նույն բույսի տերևները հիմնականում նման են, բայց հայտնի են նաև տարատերևության դեպքեր: Տերևների դասավորությունը լինում է հերթադիր, հակադիր, օղակադիր, որը բույսին հնարավորություն է տալիս առավելագույն չափով լուսավորվելու:
Տերևների անատոմիական կառուցվածքը տարբեր է նույնիսկ մեկ տեսակի սահմաններում, սակայն ընդհանուր գծերով նույնն է բոլոր բույսերի համար: Սովորաբար տերևաթիթեղը 2 կողմից ծածկված է էպիդերմիսի (մաշկահյուսվածք) շերտերով, որոնց միջև գտնվում է տերևի հիմնական հյուսվածքը՝ մեզոֆիլը: Վերջինս սովորաբար տարբերակված է 2 շերտի՝ սյունաձև և սպունգանման պարենքիմի: Սյունաձև հյուսվածքի, որի հիմնական գործառույթը լուսասինթեզն է, երկարավուն գլանաձև բջիջներում է գտնվում քլորոֆիլի մեծ մասը, իսկ սպունգանմանը, որին հատուկ են մեծ միջբջջային տարածությունները, գլխավորապես ապահովում է գազափոխանակությունը: Ջուրն ու հանքային նյութերն արմատներից անցնում են մեզոֆիլով, իսկ տերևից՝ օրգանական նյութեր փոխադրող ջղերով: Տերևներին ամրություն հաղորդող մեխանիկական հյուսվածքները սովորաբար տեղադրված են մեծ ջղերի շուրջը:

Տերևի ֆիզիոլոգիան
Տերևն ակտիվ օրգան է, որն ուղղորդում և կարգավորում է բույսի կենսագործունեության ընդհանուր շարժընթացները և, փոփոխելով լուսասինթեզի արգասիքների քանակն ու որակը, պայմանավորում է բույսի աճն ու կյանքի տևողությունը տարբեր պայմաններում: Օրգանական նյութեր մատակարարելով բույսին՝ տերևը մյուս օրգաններից ստանում է ջուր, հանքային սննդառության տարրեր, աճման հորմոններ: Լուսասինթեզի համար անհրաժեշտ պայմանների դեպքում 1մ2 տերևային մակերեսը մեկ ժամվա ընթացքում կարող է օդից կլանել 3–4 լ CO2 և նույնքան էլ Օ2 անջատել:
Տերևները լուսասինթեզի և շնչառության գործընթացների շնորհիվ պահպանում են թթվածնի և ածխաթթու գազի հաշվեկշիռն օդում, իսկ գոլորշիացման միջոցով մասնակցում են Երկրի վրա ջրի շրջապտույտին:
Բազմաթիվ բույսերի տերևներն օգտագործվում են որպես սնունդ, կենդանիների կեր, դեղանյութերի, եթերայուղերի, աղաղանյութերի ստացման հումք:

Տերևաթափ
Ծառերի, թփերի և, հազվադեպ, որոշ խոտաբույսերի (եղինջ, զգայնուկ) տերևների թափվելը պայմանավորված է անբարենպաստ պայմաններով: Տերևն ապրում է սովորաբար 1 տարուց քիչ (որոշ բույսերինը՝ մինչև 25 տարի և ավելի) և ապա թափվում:
Որոշակի ժամանակահատվածում բոլոր տերևները թափող բույսերը կոչվում են տերևաթափ բույսեր, իսկ ամբողջ տարին տերև կրողները՝ մշտադալար բույսեր: Տերևաթափին նախորդում են տերևի կենսաքիմիական, ֆիզիոլոգիական և կառուցվածքային խոր փոփոխություններ՝ քայքայվում է քլորոֆիլը, սննդանյութերը (հատկապես՝ սպիտակուցները) տեղափոխվում են դեպի պահեստավորող օրգաններ կամ բույսի աճող մասեր: Դեղին և նարնջագույն գունակները (կարոտինոիդներ) պահպանվում են ավելի երկար. դրանով է պայմանավորված տերևների աշնանային գունավորումը:
Տերևաթափի ժամանակ տերևակոթունի ամրացման տեղում առաջանում են բաժանարար շերտի պարենքիմային բջիջներ, որից հետո սննդանյութեր փոխադրող անոթների խուրձը կտրվում է, և տերևն ընկնում է սեփական ծանրությունից կամ քամու ազդեցությամբ: Տերևաթափը բնորոշ է ցայտուն արտահայտված անբարենպաստ սեզոն (բարեխառն գոտում՝ ձմեռ, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ երաշտ) ունեցող կլիմայական գոտիների բույսերին: 
Տերևաթափը բնականոն էվոլյուցիայի ընթացքում մշակված հարմարվողական երևույթ է՝ ուղղված բույսերի վերգետնյա մակերևույթի կրճատմանը, որը նվազեցնում է խոնավության կորուստը և կանխում ճյուղերի կոտրվելը ձյան ծանրությունից: Բարեխառն գոտում տերևաթափի նախապատրաստումը կապված է ցերեկվա տևողության կրճատման, իսկ բազմաթիվ մշտադալար բույսերի պարբերական տերևաթափը՝ նոր տերևների գոյացման հետ (գարնանը, ամռանը):