Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (1934–1968թթ.)
Առաջին կին տիեզերագնաց 
Վալենտինա Տերեշկովան (ծ. 1937թ.)
Առաջինը բաց Տիեզերք է դուրս եկել տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը
(ծ. 1934թ.):
Առաջինը բաց Տիեզերք է դուրս եկել տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը
(ծ. 1934թ.):
«Վոստոկ»  սերիայի տիեզերանավերով է սկսվել Տիեզերքի նվաճումը:
Տիեզերական զոնդ
«Շաթլ» տիեզերական մաքոքի արձակումը
Ամերիկացի աստղանավորդ Նիլ Արմսթրոնգը` Լուսնի վրա:
«Վիկինգի» ուղեծրային մոդուլը մի քանի տարի պտտվում էր Մարսի շուրջը:
«Վիկինգի» վայրէջքային մոդուլը
Տիեզերագնացությունը կամ աստղագնացությունը Երկրից դեպի տիեզերական տարածություն թռիչքներն են: Տիեզերագնացությունը գիտության և տեխնիկայի ճյուղերի համալիր է, որն ապահովում է տիեզերական թռչող սարքերով տիեզերական տարածության և արտերկրյա օբյեկտների հետազոտումն ու յուրացումը: Տիեզերագնացությունը ներառում է տիեզերական թռիչքների տեսության ստեղծումը, հրթիռների, շարժիչների, կառավարման համակարգերի, գործարկման կառույցների, ինքնաշխատ կայանների ու տիեզերանավերի և այլ սարքերի նախագծումն ու կառուցումը, ինչպես նաև տարբեր ծառայությունների ստեղծումը, ուղեծրակայանների կազմակերպումն ու սպասարկումը: 
Կարևոր են նաև կենսաապահովման համակարգերի ստեղծումը, մարդկային օրգանիզմի գերբեռնվածության, անկշռության, ճառագայթման հետ կապված տարբեր երևույթների չեզոքացումը, տիեզերական տարածության հետազոտումը, մոլորակների օգտագործման իրավական կարգավորումը և այլ խնդիրներ:
Տիեզերական թռիչքների հնարավորության տեսական հիմնավորումն առաջինը տվել է Կ. Ցիոլկովսկին XIX դարի վերջին: Տիեզերագնացության և ռեակտիվ շարժման տեսության հարցերին էին նվիրված ռուս գիտնականներ Ն. Ժուկովսկու, Ի. Մեշչերսկու, ֆրանսիացի Ռ. Էնո-Պելտերի, ամերիկացի Ռ. Գոդարտի, գերմանացի Հ. Օբերտի և ուրիշների աշխատանքները:
XX դարի 20-ական թվականներին հիմնադրվել են տիեզերագնացության առաջին ընկերությունները. 1924թ-ին՝ ԽՍՀՄ-ում, 1926թ-ին՝ Ավստրիայում, 1927թ-ին՝ Գերմանիայում, 1933թ-ին՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում: 1933 թ-ի օգոստոսի 17-ին Խորհրդային Միության Նախաբինո վայրից արձակվել է առաջին հեղուկաշարժիչային հրթիռը, որի ստեղծողն էր Մ. Տիխոնրավովը:
Արդեն 2-րդ համաշխարհային պատերազմում (1939–45թթ.) Գերմանիան օգտագործել է թռիչքի 250–300 կմ հեռահասության հեղուկաշարժիչային հրթիռներ: Նոր զենքի մշակումները պատերազմից հետո շատ երկրներում խթանեցին հրթիռային տեխնիկայի զարգացումը, և ստեղծվեցին միջմայրցամաքային և այլ բալիստիկ հրթիռներ: Այդ աշխատանքներն անուղղակիորեն նպաստեցին տիեզերագնացության տեխնիկական հիմքի ստեղծմանը:
Երկրի ձգողության ուժը հաղթահարելու և տիեզերական սարքը Տիեզերք դուրս բերելու համար պահանջվում է հսկայական քանակությամբ էներգիա: Այդ նպատակով օգտագործում են հրթիռները, որոնց շարժիչներն ապահովում են Երկրի ձգողությունը հաղթահարող արագություն: Այն արագությունը, որն անհրաժեշտ է տիեզերանավը Երկրի ուղեծիր դուրս բերելու համար, անվանում են առաջին տիեզերական արագություն, և հավասար է 7,9 կմ/վ: Երկրորդ տիեզերական արագության դեպքում, որը հավասար է 11,2 կմ/վ, տիեզերանավը կարող է հաղթահարել Երկրի ձգողությունը և դուրս գալ նրա ձգողության դաշտից: Իսկ երրորդ տիեզերական արագության՝ 42 կմ/վ-ի դեպքում տիեզերանավը կարող է նաև հաղթահարել Արեգակի ձգողությունը և հեռանալ Արեգակնային համակարգից: Հեղուկահրթիռային շարժիչների ստեղծմամբ հնարավոր եղավ հաղթահարել Երկրի ձգողությունը և երկրամերձ ուղեծիր դուրս բերել թռչող սարքեր:
Տիեզերական դարաշրջանի սկիզբը համարվում է 1957 թ-ի հոկտեմբերի 4-ը, երբ Խորհրդային Միությունում, աշխարհում առաջին անգամ, արձակվեց Երկրի արհեստական արբանյակ: 1957 թ-ի նոյեմբերին արձակված Երկրի արհեստական 2-րդ արբանյակով առաջինը Տիեզերք ուղարկվեց Լայկա անունով շունը և 1 շաբաթ ապրեց ուղեծրում:
Աշխարհում առաջին տիեզերագնացը խորհրդային օդաչու Յուրի Գագարինն է. 1961 թ-ի ապրիլի 12-ին  նա «Վոստոկ-1» տիեզերանավով թռել է Տիեզերք:
1960-ական թվականներին Խորհրդային Միությունը և ԱՄՆ-ը շուրջերկրյա ուղեծիր դուրս բերեցին տիեզերանավեր, որոնցում կային նաև կին տիեզերագնացներ: 
1965 թ-ին խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, ճկուն փողրակով կապված մնալով տիեզերանավին, առաջինը դուրս եկավ բաց տիեզերք: Տիեզերագնացության բնագավառում հաջորդ նշանակալի իրադարձությունը՝ Լուսնի վրա մարդու՝ ամերիկացիներ Ն. Արմսթրոնգի և Է. Օլդրինի վայրէջքը, տեղի ունեցավ 1969 թ-ի հուլիսի 21-ին: 1980-ական թվականների սկզբին գիտնականներն ստեղծեցին ուսապարկում դրվող մանևրային սարք, որը տիեզերագնացին հնարավորություն էր տալիս, առանց տիեզերանավին ամրանալու, ազատորեն տեղաշարժվել բաց տիեզերքում: Առաջին այդպիսի «զբոսանքը» տիեզերագնացները կատարել են ամերիկյան «Չելինջեր» տիեզերանավից 1984 թ-ին:
Երբեմն հարկ է լինում Տիեզերքն ուսումնասիրել տիեզերական զոնդերի՝ անօդաչու ինքնաշխատ սարքերի օգնությամբ. օրինակ՝ 1971 թ-ին արձակված ամերիկյան «Մարիներ-9»-ը թռավ Մարսի մոտով, իսկ 1972 թ-ին արձակված ամերիկյան «Պիոներ-10» զոնդն առաջին տիեզերական սարքն էր, որ հետագայում հեռացավ Արեգակնային համակարգից: 1973 թ-ին արձակված «Մարիներ-10»-ը՝ զոնդերից առաջինը, միանգամից անցավ 2 մոլորակների՝ Մարսի և 3 անգամ՝ Մերկուրիի մոտով: 1979–89 թթ-ին «Վոյաջեր-2»-ն անցավ Յուպիտերի, Սատուռնի, Ուրանի և Նեպտունի մոտով, այնուհետև հեռացավ Արեգակնային համակարգի սահմաններից: Թռչող-անցնող զոնդերից բացի, կան նաև ուղեծրային զոնդեր, որոնք հասնում են տվյալ մոլորակը և, նրա շուրջը ուղեծրով պտտվելով, կատարում են երկարատև դիտարկումներ: Ուղեծրային զոնդերը շարժվում են մոլորակների ձգողության ուժի հաշվին: Ուղեծրային զոնդերը կարող են նաև այդ մոլորակի վրա իջեցնել վայրէջքային մոդուլներ՝ ինքնաշխատ սարքեր: Օրինակ` 1995 թ-ին Յուպիտերի ուղեծիր դուրս բերվեց «Գալիլեյ» զոնդը, որն այդ մոլորակի մթնոլորտ ուղարկեց վայրէջքային մոդուլ: 2004 թ-ին «Կասսինի» տիեզերական զոնդը Սատուռնի Տիտան արբանյակի վրա իջեցրեց «Հյուգենս» վայրէջքային մոդուլը, որն արժեքավոր տեղեկություններ հաղորդեց Տիտանի մակերևույթի մասին:

Տիեզերագնացներ և տիեզերանավեր
Տիեզերագնացները կամ, ինչպես նրանց այլ կերպ անվանում են, աստղանավորդները հատուկ պատրաստություն անցած օդաչուներ են, ովքեր տիեզերանավով թռչում են Տիեզերք: Թռիչքից առաջ տիեզերագնացները համակողմանիորեն և մանրամասնորեն մարզվում են Երկրի վրա, որովհետև նրանք պետք է տևականորեն գտնվեն տիեզերնավում կամ տիեզերակայանում: Ուղեծրում գտնվելիս Երկրի ձգողության ուժը դադարում է ազդել տիեզերագնացների վրա, նրանք դառնում են անկշռելի ու սկսում են «լողալ» տիեզերանավի խցիկում: Անկշռությունը բացասական է ազդում տիեզերագնացների օրգանիզմի վրա, և լավ մարզավիճակը պահպանելու համար նրանք ստիպված են ամեն օր լրջորեն մարզվել հատուկ մարզագործիքներով:
Տիեզերագնացներն ուսումնասիրում են Երկիրը, հեռավոր աստղերն ու գալակտիկաները, դրանք շրջապատող տիեզերական տարածությունը: Նրանք տիեզերանավից արձակում են արբանյակներ, հարկ եղած դեպքում` նորոգում դրանք, ուսումնասիրում են անկշռության ազդեցությունն իրենց և իրենց հետ գտնվող կենդանի օրգանիզմների վրա, սինթեզում են այնպիսի նյութեր (օրինակ՝ դեղանյութեր), որոնց ստացումը Երկրի վրա չափազանց դժվար է:
Տիեզերանավերը սկզբում մեկտեղանի էին, այնուհետև ստեղծվեցին բազմատեղ տիեզերանավեր, և Տիեզերք թռան տիեզերագնացների մի քանի հոգուց բաղկացած անձնակազմեր: Առաջին տիեզերանավերն ունեին հրթիռային շարժիչներ, նախատեսված էին մեկանգամյա օգտագործման համար և այդ պատճառով չափազանց թանկ էին: Այնուհետև ամերիկացիներն ստեղծեցին բազմակի օգտագործման տիեզերանավեր՝ «Սփեյս շաթլ» տիեզերական մաքոքները, որոնք վայրէջք էին կատարում ինքնաթիռների նման: 
Երկարատև հետազոտություններ կատարելու համար խորհրդային «Սոյուզ-2» տիեզերանավում կոնստրուկտորներն ստեղծեցին փորձակայան, այնուհետև ուղեծիր դուրս եկավ աշխարհում առաջին ուղեծրակայանը՝ «Սալյուտը»: Այնտեղ 23 օր աշխատեցին տիեզերագնացներ Գ. Դոբրովոլսկին, Վ. Վոլկովը, Վ. Պացաևը: Այդպես սկսվեցին Տիեզերքի ուսումնասիրությունները տիեզերական լաբորատորիաներում՝ երկարաժամկետ ուղեծրակայաններում: 1984 թ-ին խորհրդային տիեզերագնացները «Սալյուտ» ուղեծրակայանում աշխատեցին 237 օր:
Կրող հրթիռներ և տիեզերական սարքեր ստեղծվել և ստեղծվում ու կիրառվում են նաև ԱՄՆ-ում` 1958 թ-ից, Ֆրանսիայում՝ 1965 թ-ից, Ճապոնիայում և Չինաստանում՝ 1970 թ-ից, Հնդկաստանում՝ 1980 թ-ից, և այլ երկրներում: Թվարկված պետությունների հետ համագործակցում են նաև մի շարք այլ երկրներ, որոնց թիվը վերջին ժամանակներում խիստ աճել է:
Ամերիկյան աստղանավորդների ջոկատում ընդգրկված էր նաև բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ հայազգի Ջեյմս Բաղյանը, ով առաջին անգամ Տիեզերք թռավ 1989 թ-ին, 2-րդ անգամ՝ 1991 թ-ին՝ «Դիսքավերի» տիեզերանավերով: 

Տիեզերակայաններ
Տիեզերագնացներն ապրում ու աշխատում են տիեզերակայաններում, որտեղ նրանց անհրաժեշտ ամեն ինչ՝ ներառյալ օդը, ջուրը և սնունդը, բերվում են Երկրից: Առաջին տիեզերակայանը 1971 թ-ին Խորհրդային Միության արձակած «Սալյուտ-1»-ն էր: Ավելի ուշ՝ 1986 թ-ին, արձակվեց մեկ այլ՝ «Միր» խորհրդային տիեզերակայանը, որն աստիճանաբար ընդարձակվում էր Երկրից տեղ հասցվող և միացվող նոր՝ լրացուցիչ հատվածամասերով: Այնտեղ տիեզերագնացներն աշխատեցին 1 տարուց ավելի:
2002 թ-ին ավարտվեց նոր, հզոր Միջազգային տիեզերակայանի կառուցումը, որտեղ ներկայումս աշխատում են տարբեր երկրների տիեզերագնացներ:

Թռիչքներ դեպի այլ մոլորակներ
Առաջին հաջողված միջմոլորակային թռիչքը կատարել է ամերիկյան «Մարիներ-2»-ը, որը 1962 թ-ին անցել է Վեներայի մոտով: 1976 թ-ին «Վիկինգ-1»-ը և «Վիկինգ-2»-ը վայրէջք են կատարել Մարսի վրա և բնահողից նմուշներ վերցրել: Երկու «Վոյաջեր» տիեզերանավեր Երկիր են հաղորդել Յուպիտերի (1979), Սատուռնի (1980– 1981), Ուրանի (1986), Նեպտունի (1989) մանրամասն լուսանկարներ և այնուհետև հեռացել են Արեգակնային համակարգի սահմաններից: 1997-ին «Փոթֆայնդեր» տիեզերանավը վայրէջք է կատարել Մարսի վրա և բաց թողել «Սոջորներ» փոքրիկ շարժունակ ռոբոտը: Վերջինս կատարել է Մարսի մակերևույթի հրաշալի լուսանկարներ և ուղարկել Երկիր:
Տիեզերական սարքերի միջոցով ուսումնասիրվել են նաև Սատուռնը և նրա արբանյակները, ինչպես նաև աստղակերպներ ու գիսավորներ:

Տիեզերական ռեկորդներ
Առաջին մարդը՝ Յուրի Գագարինը, Տիեզերք է թռել 1961 թ. ապրիլի 12-ին՝ Խորհրդային Միության արձակած «Վոստոկ-1» տիեզերանավով, և կատարել ընդամենը մեկ պտույտ երկրամերձ ուղեծրով: Այդ թռիչքը տևել է 108 րոպե:
Այդ օրը համարվում է Համաշխարհային տիեզերագնացության օր:
1963 թ-ի հունիսին Տիեզերք թռավ առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան: Նա ղեկավարում էր Խորհրդային Միության արձակած «Սոյուզ-6» տիեզերանավը, որը Երկրի շուրջը կատարեց 48 պտույտ:
1965 թ-ի մարտին առաջինը «Վոսխոդ-2» տիեզերանավից բաց (անօդ) տարածություն դուրս եկավ Ալեքսեյ Լեոնովը:
1969 թ-ին ամերիկացիներ Նիլ Արմսթրոնգը և Էդվին Օլդրինը Լուսնի վրա վայրէջք կատարեցին «Ապոլոն-11» տիեզերանավի լուսնային մոդուլով (հատվածամասով):
Ամենաերկար ժամկետով Տիեզերքում մնացել է ռուս տիեզերագնաց Վալերի Պոլյակովը, որը «Միր» տիեզերական համալիրում անցկացրեց 438 օր և Երկիր վերադարձավ 1995 թ-ի մարտի 22-ին:
Տիեզերագնացությունը նաև ժողովրդական տնտեսության բարձր արդյունավետ նոր ճյուղ է: Տիեզերքի արդյունաբերականացումն ընդգրկում է դեղաբանական պատրաստուկների, էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և այլ բնագավառներում կիրառվող նոր նյութերի արտադրությունը, Լուսնի և աստղակերպների պաշարների մշակումը, վնասակար արդյունաբերական թափոնների արտանետումը Տիեզերք:
Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալությունը (Ռոսկոսմոս) նախատեսել է 2026 թ-ից հետո ստեղծել նաև Երկիրն աստղակերպներից պաշտպանող համակարգ: