Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երկնագույն 
լորձնամոլյուսկ
Նավաորդ
Թփուտային խխունջ
Սովորական խխունջ
Փափկամարմինները կազմում են անողնաշարավորների առանձին տիպ: Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո: Հայտնի են քեմբրի ժամանակաշրջանից: Գոյություն ունեն մոտ 130 հզ. ժամանակակից տեսակներ, ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ: Փափկամարմինները բաժանվում են 7 դասի՝ զրահավորներ կամ խիտոններ, ակոսափորայիններ, մոնոպլակոֆորներ, թիոտանիներ, երկփեղկանիներ, փորոտանիներ, գլխոտանիներ:
Զրահավորներն ունեն իրար վրա դարսված 8 թիթեղից բաղկացած խեցի, իսկ գլուխն առանց շոշափուկների է և ծածկված է առջևի թիթեղով: Շատ սակավաշարժ և ծույլ էակներ են, ոտքերով կառչում են քարերին և սնվում ուտելի բուսածածկով:
Ակոսափորայինների դասի ներկայացուցիչներն ունեն որդանման մարմին: Նրանք կորցրել են խեցին, բայց մարմինը ծածկված է կրային խիտ ասեղներով: Ապրում են փափուկ բուստերի (կորալներ) վրա կամ տիղմի մեջ: Առավել կազմակերպված խեցիավոր փափկամարմիններն ունեն ամբողջական կամ երկփեղկ խեցի: Դրանցից են մոնոպլակոֆորները, որոնց խեցին թասականման է, և թիոտանիները, որոնք ունեն շատ շոշափուկներ ու երկար, խողովակաձև, գլխի ծայրում լայնացած խեցի: Սրանք ապրում են ծովի հատակին, թաղվում բնահողի մեջ:
Փորոտանիների կամ խխունջների դասը խեցիավոր փափկամարմիններից թվաքանակով ամենահարուստն է: Հայտնի են պալեոզոյան ժամանակաշրջանից: Փորոտանիների մարմինը կազմված է գլխից, իրանից և մկանուտ մեծ ոտքից, որի կծկումների շնորհիվ կենդանին կարող է լողալ և սողալ: Իրանը (թիկնոցային պարկ) ծածկված է մաշկածալքով՝ թիկնոցով (որոշ տեսակներ չունեն), որի արտաքին մասն արտադրում է կրային խեցի:
Իրանի և թիկնոցի միջև գոյանում է խոռոչ, որտեղ տեղավորված են թիկնոցային օրգանները (շնչառական, զգացողության) և մարսողական, սեռական ու արտաթորության համակարգերի բացվածքները: Թիկնոցային մասը ծածկված է մարմինը վնասվածքներից և չորացումից պաշտպանող խեցիով: Փորոտանիների բերանը գտնվում է գլխի ստորին մասում: Բերանում կան բազմաթիվ ստորին ատամիկներ, որոնք առաջացնում են այսպես կոչված քերիչ: Ցամաքային ձևերը (լորձնամոլյուսկներ) կոշտ մակերևույթով շարժվելիս առատ լորձ են արտադրում, որը սողացող կենդանու հետևից թողնում է նկատելի հետք: Ունեն պարզ աչքեր, որոնք երբեմն տեղադրված են լինում անտենաների վրա: Փորոտանիները շնչում են խռիկներով, ցամաքային ձևերը՝ թիկնոցային խոռոչի հաշվին գոյացած թոքերով: 
Գլխոտանիները (օրինակ՝ ութոտնուկը և կաղամարը) խեցիներ չունեն, բայց ունեն ոտքերին փոխարինող շոշափուկներ, որոնք տեղադրված են գլխին: Երբ ութոտնուկը քնած է, նրա 6 շոշափուկներն անշարժ են, իսկ 2-ը, շարունակ շրջանակներ գծելով, պահպանում են նրան: Խոշոր ութոտնուկի յուրաքանչյուր շոշափուկի վրա կա 300 ծծիչ, որոնցից յուրաքանչյուրը կարող է բռնած պահել մի քանի կիլոգրամ ծանրության բեռ: Կաղամարը հայտնի է նրանով, որ ունի «ռեակտիվ շարժիչ». նրա կաշվե թիկնոցի տակ ջուր է լցվում, և նա, մկանները կծկելով, ջուրը դուրս է մղում ձագարաձև խողովակով և հրման ուժի ազդեցությամբ «հրթիռի» պես սլանում է առաջ՝ ժամում 40 կմ արագությամբ: Վտանգի դեպքում նա թանաքի իր պարկից նաև հեղուկ է արտազատում և պղտորում ջուրը՝ «ծխածածկույթ» ստեղծելով: Նկարիչները շատ թանկ են գնահատում կաղամարի թանաքագույն հեղուկից պատրաստվող դարչնագույն ներկը՝ սեպիան: 
Երկփեղկանիների մարմինը բաղկացած է դեպի կողքերը տափակացած իրանից ու ոտքից (գլուխ չունեն) և լրիվ տեղավորվում է երկփեղկ խեցու տակ: Խեցին կազմված է արտաքին՝ եղջերային, միջին՝ հախճապակենման, և ներքին՝ սադափային, շերտերից: Փեղկերը թիկնային մասում միացած են առաձգական կապանով և փականով: Խեցու ներսում գտնվում են մարմինը և ընդարձակ թիկնոցային խոռոչը՝ թիկնոցային 2 բարակ թերթիկների արանքում:
Որոշ երկփեղկանիների (մարգարտախեցի, միդիա, անատամ) թիկնոցային թերթիկի և խեցու արանքը ավազահատիկ կամ միջատ ընկնելիս  կարող են պատվել փափկամորթի արտադրած սադափով. փայլատ գնդիկն աստիճանաբար աճում է, և այդպես ծնվում է մարգարտահատիկը:
  • Ճապոնիայում կան ստորջրյա ֆերմաներ, որտեղ աճեցնում են թանկարժեք մարգարիտ պատրաստող «ակնագործ» փափկամարմիններ:
  • Այգու խխունջի բերանում կա 14 հզ. ատամ, որոնք աճում են շարքերով՝ քերիչ կոչվող ժապավենաձև լեզվի վրա: Դրանով խխունջները քերում են բույսերի հյուսվածքները և ուտում: 
  • Գրեթե բոլոր ծովային փափկամարմիններն ունեն վառ գունավորում: Նրանցից շատերը սնվում են մեդուզաներով:
  • Նավաորդ կոչվող փափկամարմինը փչացնում է նավերը՝ խեցու փեղկերով անցքեր փորելով փայտի մեջ: Նա հետդարձի ճանապարհ չի ունենում, որովհետև անցքերը փորում է թրթուր վիճակում, իսկ հետո դրանք արդեն նեղ են լինում. ստացվում է, որ նավաորդը ինքն իրեն բանտում է:
  • Երկփեղկանիները սնվում են սնունդը (մանր օրգանիզմներ և օրգանական մասնիկներ) ջրից զատելով. ոստրեն, օրինակ, խեցու համար անհրաժեշտ կալցիումը զատելու համար իր թիկնոցային խոռոչի միջով անցկացնում է 770 լ ծովաջուր: 
  • Փոքր և ականջակերպ լճախխունջները գյուղատնտեսական կենդանիների մակաբույծ որդերի միջանկյալ տերեր են: Այգու խխունջը` պտղատու այգիների, կողինջները ծխախոտի սածիլների և բանջարանոցային բույսերի վնասատուներ են:
  • Որոշ փափկամարմիններ սնունդ են ձկների, թռչունների և կաթնասունների համար: Ոստրեների, կաղամարների, միդիաների, ութոտնուկի միսն օգտագործում են սննդի մեջ: 1 հա ծովից հնարավոր է ստանալ 6 հզ. կգ միդիաների միս: