Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Քարաքոսեր. 1. կուտակված լեցիդեյա, 2. տարատեսակ  լեկունորա, 
3. այծային  պարմելիա, 4. շնային պելտիգերա, 5. արկտիկական նեֆրոմա, 6. փքված հիպոգիմնիա, 7. իսլանդական ցենտրարիա, 8. թաթաձև կլադոնիա, 9. ալպիական  կլադոնիա, 10. երկարած ուսնեյա, 
11. սալորային էվերնիա, 12. դեղնակարմրավուն ալեկտորիա 
Քարաքոսերը բազմամյա ստորակարգ բույսեր են: Հայտնի է մոտ 26 հզ. տեսակ: Քարաքոսերի բազմազան տեսակներով առավել հարուստ են արևադարձային և մերձարևադարձային շրջանները: Քարաքոսի մարմինը (թալոմ) կազմված է ջրիմուռից (ֆիկոբիոնտ) և սնկից (միկոբիոնտ), որոնց փոխհարաբերությունը դիտվում է որպես փոխադարձ մակաբուծություն՝ սնկի կողմից ավելի խիստ արտահայտված:
Քարաքոսերի տեսակները տարածված են խիստ որոշակի պայմաններում և կոնկրետ հիմնանյութերի վրա, ըստ որի՝ տարբերում են էպիլիտ (բնակվում են քարաժայռերի վրա), էպիֆիտ (ծառերի կեղևի վրա), էպիքսիլ (փտած բնափայտի վրա), էպիֆիլ (ասեղնատերևների վրա), էպիգեյ (հողի), էպիբրիոֆիլ (մամուռների վրա), ամբիֆիլ (ջրում) էկոլոգիական խմբեր:
Քարաքոսերն իրենց բաղադրիչներից տարբերվում են ձևակազմաբանական, ֆիզիոլոգիակենսաքիմիական և էկոլոգիական առանձնահատկություններով: Արտաքին կառուցվածքով լինում են կեղևանման, տերևանման, թփանման, գույնով` սպիտակ, գորշ, դեղնականաչավուն, նարնջագույն և այլն: Տարբերվում են համաչափ (ջրիմուռների բջիջները հավասարաչափ տարածված են ամբողջ մարմնում) և տարաչափ (ջրիմուռները կազմում են առանձին շերտ՝ վերին կեղևային շերտի տակ) կազմաբանական կառուցվածքներով: Բազմանում են վեգետատիվ (թալոմի մասնիկներով կամ հատուկ գոյացություններով), անսեռ և սեռական ճանապարհներով:
Քարաքոսերը բնակվում են այնպիսի հիմնանյութերի վրա, որոնք պիտանի չեն այլ բույսերի համար, սակայն աստիճանաբար քայքայվելով՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում բարձրակարգ բույսերի համար: Քարաքոսերը պահանջկոտ չեն արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, կարող են հեշտությամբ գոյատևել նաև ջրազուրկ միջավայրում: Խիստ զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ և օգտագործվում են որպես կենսացուցիչներ: Որոշակի կլիմայական պայմաններում քարաքոսերի տարեկան աճի կայունությունն օգտագործվում է լեռնային ապարների, հնագիտական հուշարձանների տարիքը որոշելու համար: Հյուսիսում քարաքոսերն աճում են շատ առատ. եղջերվաբուծության հիմնական կերային հումքն են: 
Կենսագործունեության ընթացքում քարաքոսերն առաջացնում են յուրահատուկ քարաքոսային նյութեր: Որոշ տեսակներից ստանում են հակաբիոտիկներ, եթերայուղեր, լակմուս և այլն: