Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն  անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում:
Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը: Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը: Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր: Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում: Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը: Այն պարզ էր ու հարմար, բայց... 
Շուտով քրմերը նկատեցին, որ 4 տարին մեկ Սոտիսն ուշանում էր 1 օրով, 8 տարին մեկ՝ ևս 1 օրով... Նրանք նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 1/4 օրվա: Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց 4 տարում 1 օր էր դառնում: Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը: Շատ տարիներ անց՝ մ. թ. ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը: Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28: Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր: 
Մանրակրկիտ հաշվարկը ցույց տվեց, որ տարվա տևողությունը ոչ թե 365 օր և 6 ժամ է, այլ 365 օր և 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան: Այդ 11 րոպե 14 վայրկյանի տարբերությունը 400 տարում հասավ 3 օրվա, և Հուլյան օրացույցը նույնպես սկսեց «հետ մնալ»: 
1582 թ-ին Հռոմի Գրիգոր XIII պապը նոր ուղղում մտցրեց օրացույցում, և ողջ Եվրոպան աստիճանաբար սկսեց օգտագործել այդ նոր՝ Գրիգորյան օրացույցը: Սակայն վերջինս նույնպես միանգամայն ստույգ չէ. 3300 տարվա ընթացքում սխալը հասնում է 1 օրվա:
Գործող օրացույցն ունի նաև մի շարք այլ թերություններ. ամիսների տևողության, եռամսյակների, կիսամյակների անհավասարությունը, ամսաթվերի և շաբաթվա օրերի անհամաձայնությունը: Այդ իսկ պատճառով դեռևս 19-րդ դարից քննարկվում է օրացույցի բարեփոխման և նոր՝ համաշխարհային օրացույցին անցնելու հարցը, որով ներկայումս զբաղվում են առանձին մարդիկ և  ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը:
Չինական օրացույցում ընդունված է տարիների 12-ամյա պարբերություն, և յուրաքանչյուր տարին անվանվում է 12 կենդանիների՝ առնետի, ցուլի, վագրի, նապաստակի, վիշապի, օձի, ձիու, ոչխարի, կապիկի, աքաղաղի, շան և խոզի անուններով:
Հին եգիպտական օրացույցի հասակակիցն է հայկական առաջին օրացույցը: Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը: Հետագայում տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի: 
Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, ըստ որի՝ տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր: Այժմ էլ տարբեր երկրներում տպագրվող որոշ հայկական օրացույցներ, ժամանակակից օրացույցին զուգահեռ, օգտագործում են նաև Բուն Հայկա օրացույցը: Օրինակ՝ 2008 թ. Բուն Հայկա թվականով հաշվելու համար անհրաժեշտ է նրան գումարել 2492. 2008+2492=4500. նշանակում է` 2008 թ. Բուն Հայկա թվականով 4500 թ. է, որը խոշոր իրադարձություն է: 
Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից, 13-րդ ամիսը կոչվել է Ավելյաց: 
Մեզանում Բուն Հայկա թվականից բացի, ստեղծել են նաև այլ օրացույցներ: 584թ-ին հայերն ընդունել են նոր, ճշտված օրացույց, որը կոչվում է Հայոց մեծ թվական: Ըստ այդ օրացույցի՝ առաջին տարին սկսվում է 552 թ-ի հուլիսի 11-ից: Այս թվականով են թվագրված հիմնականում միջնադարում ստեղծված հայկական ձեռագրերը, և ճիշտ տարեթիվը հաշվելու համար Հայոց մեծ թվականին պետք է ավելացնել 552 կամ 553 թվերը: 1085 թ-ին հայերն ստեղծեցին մեկ այլ օրացույց ևս, որը ստեղծողի՝ Հովհաննես Սարկավագի անունով կոչվեց Սարկավագադիր թվական: 
Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում:
Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները (1775 թ-ից):

Շաբաթվա օրերը
Շատ վաղուց է, որ մարդիկ ամիսները բաժանել են 7 օրից կազմված շաբաթների: Ավելի ուշ դա պայմանավորվել է նաև աստվածաշնչյան իրողություններով` Երկրի արարչագործության հետ կապված: Հին հռոմեացիները շաբաթվա օրերն անվանում էին Արեգակի, Լուսնի և մոլորակների անուններով, որոնք իրենց հերթին անվանված էին հռոմեական աստվածների պատվին: Անգլո-սաքսերն այդ օրերն անվանում էին իրենց սկանդինավյան աստվածների անուններով: 
Անուններ են ունեցել նաև հայկական ամսվա բոլոր 30 օրերն ու օրվա 24 ժամերը:
  • Ըստ ավանդության՝ մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին Վանա լճի արևելյան կողմում, Հայոց ձոր կոչվող գավառում, ճակատամարտի ժամանակ Հայկ Նահապետն սպանել է բռնակալ Բելին: Հաղթության այդ օրը հայերը համարել են տարեգլուխ՝ իրենց օրացույցի սկիզբը: