Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Օրբելի Ռուբեն 
Աբգարի
1880 թ., Նախիջևան
1943 թ., Մոսկվա

Ռուբեն Օրբելին ստորջրյա հնագիտության հիմնադիրն է ԽՍՀՄ-ում: 1934 թ-ից ղեկավարել է ԽՍՀՄ ծովերում և գետերում ստորջրյա աշխատանքների արշավախմբերը:
Օրբելի Լևոն 
Աբգարի

1882թ.,  Դարաչիչակ (այժմ՝ Ծաղկաձոր՝ ՀՀ Կոտայքի մարզում)
1958թ., Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)


Լևոն Օրբելին էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրներից է: 
Ուսումնասիրել է արտաքին ու ներքին գործոնների ազդեցությամբ կենդանի օրգանիզմների տարբեր գործառույթների պատմական զարգացումը: 

Օրբելի Հովսեփ 
Աբգարի

1887 թ., Քութայիս, Վրաստան
1961 թ., Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)

Արևելագետ, հնագետ Հովսեփ Օրբելին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և առաջին նախագահը (1943–47թթ.):

Օրբելի եղբայրները` հնէաբան Ռուբեն Օրբելին, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին և պատմաբան Հովսեփ Օրբելին, ականավոր գիտնականներ են և անգնահատելի ծառայություն են մատուցել գիտությանը:
Նրանք ծնվել են ճանաչված իրավաբան Աբգար Օրբելու ընտանիքում, որը 1888 թ-ին հաստատվել էր Թիֆլիսում, որտեղ և երեխաները հաճախել են տեղի 3-րդ արական գիմնազիան:
Ռուբեն Օրբելին 1903 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ապա դասավանդել նույն համալսարանում: Կարճ ժամանակ անց երկու տարով գործուղվել է Գերմանիա, որտեղ ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան: 1918 թ-ից երկար տարիներ դասախոսել է Ռուսաստանի Տամբով քաղաքի համալսարանում:
Իրավագիտությանը զուգահեռ` Ռուբեն Օրբելուն գրավել է նաև հնագիտությունը: Հնագույն աղբյուրների ուսումնասիրման հիման վրա նա հաստատել է, որ դեռևս մ. թ. ա. 480-ական թթ-ին ջրասուզակները վճռորոշ դեր են կատարել ծովային ճակատամարտերում: Ռուբեն Օրբելին ապացուցել է, որ ստորջրյա սուզումների համար նախատեսված գազային շնչառական սարքի գյուտը Լեոնարդո դա Վինչիինն է, որ նա եղել է Հայաստանում և, ի թիվս իրեն մատչելի աշխարհագրական տարածքի, ծովերի ու գետերի, իր ձեռագրերում հիշատակել է նաև Հայաստանի գետերը:
Ռուբեն Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերել են ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ Օլվիայում, Խերսոնում և այլուր: 1939 թ-ին արշավախումբը Բուգ գետից հանել է մոտ 2500 տարի առաջ սուզված սկյութական նավակ: 
Օրբելին տվել է ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, առաջարկել է հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու եղանակներ:
Լևոն Օրբելին 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, որտեղ աշակերտել է ֆիզիոլոգ Իվան Պավլովին: 1907–20 թթ-ին աշխատել է Սանկտ Պետերբուրգի փորձարարական բժշկագիտության ինստիտուտում, 1909–11 թթ-ին՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում: 1918–46 թթ-ին Լեսգաֆտի անվան գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավարն էր, միաժամանակ, 1925– 1950թթ-ին՝ ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի, 1943–50 թթ-ին՝ նույն ակադեմիայի պետ, 1939–50 թթ-ին՝ Ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության, 1956–58 թթ-ին՝ Էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտների տնօրեն:
Լևոն Օրբելին ստեղծել է գիտական նոր ուղղություն էվոլյուցիոն և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառում:
1929 թ-ին ստեղծել է մկանի սիմպաթիկ նյարդաթելը գրգռելով` կմախքային մկանի հոգնածության վերացման տեսություն (Օրբելի Գինեցինսկու տեսություն), որով հաստատել է նյարդային համակարգի հարմարվողասնուցողական գործառույթը: Ապացուցել է, որ ուղեղիկը ոչ միայն ղեկավարում է շարժումների համաձայնեցումը, այլև կարգավորում է օրգանիզմի վեգետատիվ գործառույթները: Օրբելին զբաղվել է նաև զգայարանների, ցավի, ենթակեղևային կենտրոնների, ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիաների զանազան խնդիրներով: 
Լևոն Օրբելին մեծ ավանդ ունի նաև ՀՀ-ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում. նրա անունով է կոչվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիոլոգիայի ինստիտուտը: 
Լևոն Օրբելին Փարիզի կենսաբանական ընկերության, Բնախույզների գերմանական «Լեոպոլդինա» ակադեմիայի անդամ էր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս քարտուղարը (1939–48թթ.) և փոխնախագահը (1942–46թթ.):
ԽՍՀՄ (1935թ.), ՀՀ (1943թ.), ԽՍՀՄ բժշկական (1944թ.) գիտությունների ակադեմիաների անդամ էր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934թ.), Բժշկական ծառայության գեներալ-գնդապետ (1944թ.):
Հովսեփ Օրբելին 1911 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտության ֆակուլտետի հայ-վրաց-պարսկական բաժնի դասընթացներին: Դեռևս ուսանողական տարիներին Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտական բառարանի համար գրել է հայկական, վրացական և մահմեդական արվեստին վերաբերող հոդվածներ: Արևելագետ, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ մասնակցել է Անիի պեղումներին և այլ հնագիտական արշավախմբերի: 1909 թ-ին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկական արձանագրությունները: 1911 թ-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի համալսարանում, գիտարշավի է ուղևորվել Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներ, ուսումնասիրել ճարտարապետական հուշարձաններ, կատարել պեղումներ: 1914 թ-ից Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկական արձանագրագիտություն, քրդերեն: 1916 թ-ին Վանում հայտնաբերել է Սարդուրի Բ արքայի (մ.թ.ա. IXդ.) մեծածավալ սեպագիր արձանագրությունը: 1919 թ-ին եղել է Ռուսաստանի Լուսժողկոմատի՝ թանգարանների գործերով կոլեգիայի գիտական քարտուղար: Մասնակցել է Նյութական մշակույթի պատմության Ռուսաստանի  ակադեմիայի հիմնադրմանը, 1919թ-ի օգոստոսին ընտրվել է այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը: 1920 թ-ին Հովսեփ Օրբելին եղել է Էրմիտաժի ավանդապահը, 1926 թ-ին հիմնադրել ու գլխավորել է թանգարանի Արևելքի բաժինը: 1934–51 թթ-ին եղել է Էրմիտաժի տնօրենը, 1937–38 թթ-ին, միաժամանակ` ԽՍՀՄ ԳԱ Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն, 1938 թ-ին՝ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահ: Հայրենական պատերազմի (1941–45) սկզբին կազմակերպել է Էրմիտաժի գեղարվեստական արժեքների տեղափոխումը Սվերդլովսկ (այժմ՝ Եկատերինբուրգ), այնուհետև, մնալով պաշարված Լենինգրադում, ապահովել է Էրմիտաժի թանգարանային նմուշների պահպանությունը: 1946 թ-ին մասնակցել է Նյուրնբերգի դատավարությանը` որպես ֆաշիստական հանցագործների մեղադրող կողմի վկա: 1955–56 թթ-ին եղել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, 1956 թ-ին հիմնադրել և ցկյանս ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքը: 
Գիտնականը նաև Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ էր (1944 թ.), Թեհրանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1935 թ.), Իրանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1945 թ.): 
Սանկտ Պետերբուրգում կանգնեցված է Հովսեփ Օրբելու կիսանդրին:

  • Օրբելի եղբայրների անունը կրող փողոցներ կան Երևանում, Սանկտ Պետերբուրգում: Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը, որի բակում կանգնեցված է եղբայրների խմբային հուշարձանը: