Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մանիլա
Տարածքը՝ 
300 հզ. կմ2
Բնակչությունը՝
84,5 մլն
Պետական լեզուները՝ 
տագալերեն, անգլերեն
Դրամական միավորը՝ 
ֆիլիպինյան պեսո
Ֆիլիպինների ափամերձ տարածքների ստորջրյա կյանքը շատ հարուստ է:
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան
Ֆիլիպինների Հանրապետություն
Ֆիլիպինները պետություն է Հարավարևելյան Ասիայում, Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Ֆիլիպինյան կղզեխմբի 7107 կղզիների վրա, սակայն տարածքի 96 %-ն ընդգրկված է դրանցից ընդամենը 11 ամենախոշոր կղզիներում` Լուսոն, Մինդանաո, Սամար, Նեգրոս, Պալավան, Պանայ, Մինդորո, Լեյտե, Սեբու, Բոհոլ, Մասբատե:
Ֆիլիպինյան կղզիների մակերևույթի մոտ 3/4-ը զբաղեցնում են լեռներն ու սարավանդները: Լեռնաշղթաների միջին բարձրությունը մոտ 2000 մ է, առավելագույնը՝ 2954 մ (Մինդանաո կղզու Ապո հրաբուխ): Երկրում կան ավելի քան 10 գործող և բազմաթիվ հանգած հրաբուխներ: Ափագծերը խիստ կտրտված են: Ընդերքը հարուստ է պղնձի, նիկելի, կոբալտի, քրոմիտների, սնդիկի, երկաթի, մանգանի պաշարներով: Կան նաև ածխի և բնական գազի հանքավայրեր:
Կլիման հասարակածային է, հյուսիսում՝ մերձհասարակածային: Աշնանը հաճախակի են թայֆունները, որոնք հաճախ մեծ վնաս են հասցնում: Գետերը կարճ են, սահանքավոր, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ:
Ֆիլիպինների տարածքի շուրջ կեսը ծածկված է անտառներով, ծովեզերքին կան մացառուտներ: Կենդանական աշխարհում խոշոր կաթնասուններ չկան: Հանդիպում են կապիկներ, լեմուրներ, թռչող շներ, մանր եղջերուներ, ֆիլիպինյան բրդաթևիկ, անտառային կատու: Շատ են թռչուններն ու սողունները (այդ թվում՝ վիշապօձերը):
Դեռևս վաղնջական ժամանակներում Ասիայից Ֆիլիպինյան կղզեխումբ են ներթափանցել մոնղոլոիդ ցեղեր, որոնք մ.թ.ա. II հազարամյակում մասամբ ձուլվել են նեգրաավստրալոիդ տեղաբնիկների հետ: Հետագա ներգաղթերը տեղի են ունեցել Հնդկաչինից և Ինդոնեզիայից: XIV–XV դարերում երկիր են թափանցել մահմեդականները: 1521 թ-ին Ֆիլիպինները հայտնաբերել է Մագելանի արշավախումբը: Մինչև 1572 թ. իսպանացիները զավթել են երկրի հյուսիսային և կենտրոնական մասերի գլխավոր կղզիները: 1896 թ-ին երկրում բռնկել է հակաիսպանական ապստամբություն, իսկ 1897թ-ի օգոստոսի 23-ին ապստամբները երկիրը հռչակել են անկախ հանրապետություն, որը գոյատևել է մինչև դեկտեմբեր: 1898 թ-ին ԱՄՆ-ը պատերազմ սկսեց իսպանական գաղութները նվաճելու նպատակով: Ծավալվեց ազատագրական նոր պայքար, և հունիսին երկրորդ անգամ երկիրը հռչակվեց անկախ: 1898թ-ի դեկտեմբերի 10-ին ԱՄՆ-ի կառավարությունը, անտեսելով երկրի հռչակած անկախությունը, Իսպանիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր, որով Իսպանիան 10 մլն դոլարով Ֆիլիպինները «զիջեց» ԱՄՆ-ին: 1934թ-ին ԱՄՆ-ը Ֆիլիպիններին տվել է ինքնավարություն: 1941 թ-ին երկիրը գրավեցին ճապոնական զորքերը, իսկ 1946 թ-ի հուլիսի 4-ին ԱՄՆ-ը հռչակեց Ֆիլիպինների անկախությունը:
Ֆիլիպինների բնակչությունը կազմված է ֆիլիպինցիներ ընդհանուր անվամբ ազգակից լեզուներով ու բարբառներով խոսող ավելի քան 90 ազգությունից, որոնցից առավել խոշորներն են վիսայյաները, տագալները, իլոկները, բիկոլները, մորոները: Բնակվում են նաև չինացիներ: Տիրապետող կրոնը քրիստոնեությունն է (կաթոլիկություն): 
Խոշոր քաղաքներն են Մանիլան և Կեսոն Սիթին, նավահանգիստները՝ Մանիլան, Սեբուն, Բատանգասը, Դավաոն:
Ֆիլիպինների տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու հանքարդյունահանումն են: Արդյունահանվում են քարածուխ, նիկել, երկաթի և մանգանի հանքանյութ, սնդիկ, ոսկի, արծաթ, նավթ, քրոմիտներ: Կան նաև նավթավերամշակման, մետաղաձուլական, մեքենաշինական, սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ:
Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ինչպես նաև բատատ, կասսավա (օգտագործվում է նաև կաուչուկ ստանալու համար), գետնանուշ, բանջարեղեն, սրճենի, կակաո:  Արտահանվում են գլխավորապես կոկոս, աբակա, շաքարեղեգ, ծխախոտ, արքայախնձոր, ադամաթուզ, մանգո և ցիտրուսներ:
Ֆիլիպինցիներն ապրում են ավանդական՝  արմավենու տերևներով ծածկված ցցաշեն տներում:
Շատ ինքնատիպ է ֆիլիպինցիների ժողովրդական արվեստը: Տարբեր կղզիների ժողովուրդների արվեստում արտացոլվում է նրանց էթնիկ ու կրոնական զանազանությունը: Տարածված է փայտի ու հնդկեղեգի փորագրությունը և ջուլհակությունը, փայտի և մետաղի մշակումը, ասեղնագործությունը, հյուսումը, քանդակազարդումը, ոսկերչությունը, հանդիսությունների համար դիմակների ու զգեստների պատրաստումը: 
Պահպանվել են I հազարամյակի վերջի և II հազարամյակի սկզբի մի քանի հուշարձաններ, որոնք գրված են հնդկեղեգնյա տախտակների, արմավենու տերևներից պատրաստված թերթիկների վրա: