Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ալիշան Ղևոնդ
1820 թ., Կոստանդնուպոլիս (այժմ՝ Ստամբուլ)
1901 թ., Սբ Ղազար կղզի, Վենետիկ
Գրող, պատմաբան, բանաստեղծ, աշխարհագետ, բանահավաք, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանն առաջին բանահավաք-ուսումնասիրողներից է. մեծապես նպաստել է հայագիտության զարգացմանը: Հայ գրականության մեջ  ռոմանտիկական ուղղության սկզբնավորողներից է:

 Ղևոնդ Ալիշանը (իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան) սովորել է ծննդավայրի Վ. Չալըխյանի վարժարանում, 1832–41 թթ-ին՝ Վենետիկի Մխիթարյանների դպրոցում, 1838 թ-ից՝ միաբանության անդամ: 16 տարեկանում, եկեղեցական կանոնակարգի համաձայն, անվանափոխվել է` Ղևոնդ Ալիշան: 1841 թ-ից (ընդհատումներով) դասավանդել է Վենետիկի Ռափայելյան, Փարիզի Մուրատյան վարժարաններում, 1848 թ-ից եղել է Ռափայելյան վարժարանի տեսուչը, 1849–51 թթ-ին՝ «Բազմավեպ» պարբերականի խմբագիրը: 1870 թ-ից կատարել է միաբանության աթոռակալի պարտականությունները: 
1832 թ-ից Ալիշանը մշտապես ապրել է Սբ Ղազար կղզում: Երբեք չլինելով Հայաստանում՝ նա ծրագրել էր առանձին հատորներ նվիրել Հայաստանի բոլոր` 15 նահանգներին ու Կիլիկիային, սակայն հասցրել է գրել միայն «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.) մեծածավալ աշխատությունները, որոնք հարուստ նյութ են պարունակում այդ նահանգների աշխարհագրության, տեղագրության, բուսական ու կենդանական աշխարհների, հանքային հարստությունների, պատմական անցյալի, հնությունների, ազգագրության և այլ հարցերի մասին: «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն» (1895 թ.) գրքում նկարագրել է Հայաստանում աճող շուրջ 3400 բույս ու ծաղկատեսակ (150-ից ավելի նկարներով), անդրադարձել դրանց բուժական հատկություններին:
Ալիշանն առաջիններից է, որ գրել է աշխարհաբար բանաստեղծություններ՝ «Հրազդան», «Մասիսու սարեր», «Հայոց աշխարհիկ», «Պըլպուլըն Ավարայրի», «Շուշանն Շավարշանա», որոնք նրա պոեզիայի բարձրակետն են: Ալիշանը հայ բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք-ուսումնասիրողներից է («Հայոց երգք ռամկականք», 1852 թ.):
Նա «Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց» (1895 թ.) երկում ներկայացրել է հայկական հեթանոսական կրոնը, աստվածություններն ու հավատալիքները:
Ալիշանի ավելի քան կեսդարյա գիտական գործունեության ամփոփումն է «Հայապատումը» (1901 թ.): Երկի առաջին մասը՝ «Պատմիչք Հայոց»-ը նվիրված է հայ պատմագրության պատմությանը, երկրորդը՝ «Պատմությունք Հայոց»-ը, տարբեր պատմիչների երկերից ընտրված և դեպքերի ժամանակագրական կարգով խմբավորված 400 հոդվածներով ներկայացնում է վաղնջական շրջանից մինչև XVII դարի Հայոց պատմությունը:
Ալիշանը մեծապես նպաստել է նաև մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակմանը, իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր)` հայրենական գիտության զարգացմանը:
Ալիշանը տիրապետել է բազմաթիվ լեզուների. թարգմանել է Ջորջ Բայրոնի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից: Նա ընտրվել է Վենետիկի ակադեմիայի, Իտալիայի Ասիական, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի հնագիտական ընկերությունների անդամ, Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, արժանացել  ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի շքանշանի: 
Ալիշանը նամակագրական սերտ կապեր է ունեցել հայ և եվրոպացի մի շարք անվանի գիտնականների հետ. նամակները տպագրվել են («Նամակներ», 1969 թ.): 
    «Ալիշանը բանաստեղծ էր, որ գիտություն կըներ: Այս կնշանակե, թե գիտությունը կժողովրդականացներ»:
   Դանիել Վարուժան


    «Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»:
   Ղևոնդ Ալիշան