Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ախմատովա Աննա
1889 թ., Օդեսա
1966 թ., ք. Դոմոդեդովո, Մոսկվայի մարզ 
(թաղված է Սանկտ 
Պետերբուրգում)
Բանաստեղծուհի Աննա Ախմատովայի պոեզիային բնորոշ են ոճի դասական պարզությունն ու հակիրճությունը, երաժշտականությունն ու քնարականությունը:  Նրա պոեզիան ներառել է և՜ չաստուշկաների, և՜ ռուսական դասական քնարերգության տարրեր:

Աննա Ախմատովան (իսկական ազգանունը՝ Գորենկո) 1907 թ-ին ավարտել է Կիևի Ֆունդուկլեևյան գիմնազիան, սովորել է Կանանց բարձրագույն դասընթացներում և Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 
1910 թ-ից ապրել է Սանկտ Պետերբուրգում: 1912 թ-ին լույս է տեսել նրա «Երեկո» բանաստեղծությունների առաջին գիրքը, որին բնորոշ են միայնության և անկումային տրամադրությունները, ընդգծված զգացմունքայնությունը: Ապա հաջորդել են «Համրիչ» (1914 թ.), «Սպիտակ երամ» (1917 թ.) և այլ ժողովածուներ, որտեղ Ախմատովան պատկերել է սիրո տվայտանքներով ու հույզերով ապրող մարդու ինքնամփոփ աշխարհը:
Ախմատովան հարել է XX դարի սկզբին ռուսական պոեզիայում գերիշխող ակմեիստական հոսանքին: Ի տարբերություն ռոմանտիկական, խորհրդապաշտական տրամադրություններով տիրապետող սիմվոլիզմի՝ այս հոսանքի ներկայացուցիչները գերապատվությունը տալիս էին կյանքի ռեալիստական պատկերումներին: Ախմատովան, սիրո մեջ լինելով իրատես, աշխարհն ընկալել է նորովի, տեսել անսովորն ու յուրահատուկը: Նրա սիրային քնարերգությանը բնորոշ է բեկված հոգու ողբերգական ու տառապագին սերը: Նրա սիրային բանաստեղծություններն արտահայտում են կնոջ հոգու, ներաշխարհի գաղտնի ու մինչ այդ չբացահայտված ելևէջները:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) և Հոկտեմբերյան հեղափոխության (1917 թ.) տարիներին Ախմատովայի ստեղծագործության մեջ տիրապետել են հանդիսավոր, պաթետիկ հնչերանգները: «Ծովի ափին» (1914 թ., հրատարակվել է 1921 թ.), «Ջղախոտ» (1921 թ.), «Anno Domini...» (1922 թ.) գրքերում նա իր անհամաձայնությունն է արտահայտել հեղափոխական ժամանակաշրջանի տրամադրություններին, թեև 1917 թ-ին գրած «Ես նրանց հետ չեմ, ովքեր լքել են հողը...», «Երբ ինքնասպանության մեջ...», «Ես ձայն ունեի...» և այլ բանաստեղծություններում միաժամանակ հանդես է եկել Ռուսաստանը լքողների դեմ: 
Ախմատովայի աշխարհայացքի ձևավորումն ու ստեղծագործական որոնումներն ընթացել են հակասական և դժվար ճանապարհով: 1930-ական թվականներից նրա ստեղծագործություններում տիրապետել են հայրենիքի և բանաստեղծի քաղաքացիական նկարագրի թեմաները [«Մայակովսկին 1913 թվականին», «Դանտե», «Արհեստի գաղտնիքները» (բանաստեղծությունների շարք)]: «Ուռենի» (1940 թ.), «Վեց գրքերից» (1940 թ.) ժողովածուներում ընդգրկված են 1924–40 թթ-ին գրած բանաստեղծությունները, որոնք համակված են լավատեսական տրամադրություններով:
Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) տարիներին Ախմատովայի պոեզիայում առանձնանում են հայրենի երկրին ու ժողովրդին նվիրված քնարական շարքերը («Լուսինը զենիթում», «Ինքնաթիռից», «Երդում», 1941 թ., «Խիզախություն», 1942 թ.): Ախմատովայի ստեղծագործության գլուխգործոցը «Պոեմ առանց հերոսի» (1920–62 թթ.) երկն է, որի հիմնական թեման կյանքի վերաբերյալ  բանաստեղծի մտորումներն ու ընկալումներն են՝ միահյուսված հին աշխարհի մերժման ու կործանման մտայնության հետ: Հետպատերազմյան ստեղծագործություններում գերակշռում են խաղաղությանը նվիրված բանաստեղծությունները («Խաղաղության երգը», «Խոսում են երեխաները», 1950 թ.): Բանաստեղծական նորարարությամբ ու բարձր արվեստով է գրված «Ժամանակի վազքը» (1965 թ.) վերջին ժողովածուն: Ախմատովան գրել է նաև Ալեքսանդր Պուշկինին նվիրված հոդվածներ: Արժեքավոր են նաև նրա նամակները: 
Ախմատովայի խմբագրությամբ լույս է տեսել «Կորեական դասական պոեզիա» (1956–58 թթ.) ժողովածուն: Նա թարգմանել է արևմտաեվրոպական, արևելյան, հրեա, հայ բանաստեղծների (Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան) գործերից: 
Ախմատովայի բազմաթիվ բանաստեղծություններ հայերեն են թարգմանել Մարո Մարգարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Անահիտ Պարսամյանը և ուրիշներ: