Այբուբեն
8ԵԾՇՐ
8'ԶԿՈՑ
AAAAAԷՀՉՈւ
BBBBBԸՁՊՓ
OWNEEԹՂՋՔ
ԱԺՃՌՕ
ԲԻՄՍՖ
' encԳԼՅՎ
' encԴԽՆՏ
Արագ Որոնում


Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան: 

Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները: Վերջիններս մեծ մասամբ հիմնված են Ավետարանի այս կամ այն հատվածի կողմնակալ մեկնաբանության վրա՝ ըստ աղանդի շահերի և համոզմունքների:
Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից:
Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները, իրենց վերապահելով Սուրբ Գրքի մեկնաբանմամբ դավանանքի նոր սահմանումները տալու իրավունքը, շատ դեպքերում հայտարարում են իրենց նոր մարգարեներ կամ նոր քրիստոսներ ու մխիթարիչներ: 
Աղանդավորական շարժումները քրիստոնեական եկեղեցու կյանքում նոր երևույթներ չեն: Դեռևս I–III դարերում փիլիսոփայական տարբեր հոսանքների ազդեցությամբ ձևավորվել են բազմաթիվ աղանդներ, հերձվածներ ու հերետիկոսական ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջնորդը: Ժամանակակից աղանդներում այդպիսիք են, օրինակ, Ռասելը՝ Եհովայի վկաների, Միլլեր–Վայթ զույգը՝ ադվենիստների, Սմիթը՝ մորմոնների համար: Սկզբունքը նույնն էր նաև պատմական աղանդների դեպքում, ինչպես Արիոսը՝ արիոսականների, Պողոս Սամոսատցին՝ պավլիկյանների համար և այլն: 
Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով: 
Հիսուս Քրիստոսը ժամանակին կանխատեսել էր, որ իր խոսքերի սխալ մեկնաբանությամբ հանդես կգան կեղծ քարոզիչներ: 
IV դարից սկսած Հայ եկեղեցում նույնպես երևան են եկել աղանդներ՝ մծղնեականությունը, բորբորիտները, պավլիկյաններն ու թոնդրակեցիները: Աղանդավորական շարժման դեմ պայքարում անգնահատելի է V դարի պատմիչ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը:
XIX–XX դարերում են առաջացել կեղծ քրիստոնեություն և ամբողջատիրական գաղափարներ քարոզող Եհովայի վկաների, մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունինների (Միավորման եկեղեցի) աղանդները:
Ժամանակակից քրիստոնեական աղանդներն այսօր էլ իրենց վնասակար գործունեությունը շարունակում են Հայաստանում, որոնցից առավել տարածված են.
  • Ադվենտիստներ (լատիներեն է, նշանակում է գալուստ) կամ գալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թվականներին: Բողոքականության տարատեսակներից է: Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը:
  • Բապտիստներ (հունարեն է, նշանակում է ընկղմվել, ջրով մկրտվել). բողոքականության տարատեսակներից է, առաջացել է XVII դարում: Չեն ընդունում գաղտնիությունը, մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:
  • Հիսունականներ կամ հոգեգալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:
  •  Եհովայի վկաներ կամ եհովականներ. բողոքական աղանդ է, հիմնադրել է Չառլզ Ռասելը 1872 թ-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն: Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:
  • Մորմոններ. աղանդն ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830 թ-ին ԱՄՆ-ում: Նրանք չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը:
Հայաստանում գործում են նաև ասյենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր:

 «Զգո՜ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և մոլորեցնեն շատերին»:  
 Մատթեոս 24. 4–6: