Այբուբեն
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
BBBBBԷԿՇՏ
Արագ Որոնում


1865 թ., ք. Շապին-Գարահիսար, Սեբաստիայի նահանգ
1927 թ., ք. Ֆրեզնո, Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ
Անդրանիկի առաջին կիսանդրին Հայաստանում` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում (1968թ.)
Գեներալ Անդրանիկը (1918 թ.)
Անդրանիկի զորաջոկատը (1904 թ.)
Անդրանիկի ձիարձանը Երևանի Սբ Գրիգոր 
Լուսավորիչ մայր եկեղեցու դիմաց (2004 թ., քանդակագործ` 
Արա Շիրազ ) 
Անդրանիկը հայ ժողովրդի Ազգային հերոս է, 
ազգային-ազատագրական շարժման գործիչ, փառաբանված հայդուկապետ և զորավար: 

Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար  գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: 
Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ: 
1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը: 
1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ)  մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի (1200 զինվոր) հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը (1915 թ-ի ապրիլ) և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, 1917–18 թթ-ին հրատարակել է «Հայաստան» թերթը (խմբագիր՝ Վահան Թոթովենց): 1918 թ-ի հունվարին նշանակվել է Հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել ռուսական բանակի գեներալ-մայորի պաշտոնակալի աստիճան և նշանակվել Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանության ղեկավար: Ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հակահարձակման պայմաններում Անդրանիկն իր ջոկատով նահանջել է Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ: 
1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:
Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել է Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնացել է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մինչև 1919 թ-ի գարունը, ղեկավարել  Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվները թուրքերի և մուսավաթականների դեմ: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել  Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Անդրանիկի անունով կոչվել են փողոցներ, հրապարակներ, կանգնեցվել են հուշարձաններ, նրա մասին հյուսվել են ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ:
Տես նաև Առաջին համաշխարհային պատերազմ, Նժդեհ Գարեգին:
   «Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»:
   «Միայն թույլերն են հանցանք կատարում, ուժեղներին ու երջանիկներին դրանք պետք չեն»:
Անդրանիկ Զորավար