Առանշահիկները կամ Եռանշահիկներն իշխանական տոհմ էին Մեծ Հայքի Ուտիք և Արցախ նահանգներում. եղել են Կուր և Երասխ գետերի միջև տարածվող Աղվանք (կամ Առան) երկրամասի ժառանգական կառավարիչները: Առան երկրամասի և նրա իշխանական տան անունը կապված է ավանդական նախահայր հայկազուն Առանի անվան հետ (Առանշահիկ նշանակում է Առանի տիրակալ):
Հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո Առանշահիկներն իրենց տոհմը հռչակել են թագավորական: Առանշահիկներից Վաչե Բ-ն մասնակցել է Վարդանանց պատերազմին (450– 451 թթ.): Աղվանից երկրամասը կամ Հայոց Աղվանքը (Արցախի և Ուտիքի միասնական անվանումը միջնադարում) տնտեսական, քաղաքական և մշակութային վերելք է ապրել Վաչե Բ-ի եղբորորդի Վաչագան Գ Բարեպաշտի գահակալման տարիներին (մոտ 487–510 թթ.): Նրա իշխանությունը տարածվել է նաև Աղվանք (Բուն Աղվանք, Ալբանիա) երկրի վրա, որն զբաղեցնում էր Կովկասյան մեծ լեռնաշղթայի և Կուր գետի միջնատարածքը: IX դարում արաբ նվաճողների դեմ ազատագրական պայքար են մղել Առանշահիկների 2 ճյուղերը. մեկը՝ Դիզակ գավառում (Եսայի Աբու-Մուսե), մյուսը՝ Խաչեն գավառում (Սահլ Սմբատյան, Ատրներսեհ, Համամ Արևելցի): Առաջին ճյուղը, որի իշխանանիստն էր Գորոզ ամրոցը, X դարում հիմնադրել է Դիզակի թագավորությունը: Երկրորդ ճյուղը, որի նստավայրերն էին Խոխանաբերդը՝ Ներքին Խաչենում, և Հանդաբերդը՝ Ծարում, դարձել է Խաչենի իշխանական տան և Փառիսոսի ու Հերեթ-Կամբեճանի թագավորությունների հիմքը: Առանշահիկների սերունդները հետագայում հիմնել են նաև Խաչենի մելիքությունները:
|