Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը (1863–1914 թթ.). նրա սպանությունը դարձավ Առաջին աշխարհամարտի սկսման առիթ:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել են այսպիսի օդապարիկներ (վերևում) և տանկեր (ներքևում):
Առաջին համաշխարհային պատերազմում զոհված 
հերոսներին նվիրված հուշարձանը 
Ռուսաստանի Պուշկին քաղաքում
(1914–18 ԹԹ.)

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: Պատերազմն ավարտվել է Անտանտի հաղթանակով. փլուզվել են Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները, աշխարհի պետությունների թիվը 59-ից հասել է 71-ի:

Պատերազմի նպատակն աշխարհը վերաբաժանելն էր, նրա քաղաքական քարտեզը վերաձևելը: Անգլիան ծրագրել էր կործանել իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանական կայսրությունը, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը: Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871 թ-ին Գերմանիայի գրաված Էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ածխի ավազանը: Գերմանիան, նպատակադրվելով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր պարտության մատնել Անգլիային, Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, մասնատել Ռուսաստանը: Ավստրո-Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան, իսկ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Գալիցիան ու Արևմտյան Հայաստանը, կործանել Օսմանյան կայսրությունը, նվաճել Բոսֆոր և Դարդանել նեղուցները, դուրս գալ Միջերկրական ծով: Թուրքիան որոշել էր գրավել Կովկասը, Ղրիմը, Իրանի Ատրպատական նահանգը, Միջին Ասիան և իրագործել իր պանթուրքական ծրագիրը:
Առաջին աշխարհամարտի սկսվելու առիթը Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունն էր սերբ ազգայնականների կողմից՝ 1914 թ-ի հունիսի 28-ին Սարաևոյում: Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային: Ռուսաստանը զորահավաք սկսեց: 1914 թ-ի օգոստոսի 1-ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային: Գերմանական զորքերը Բելգիայի տարածքով հարձակվեցին Ֆրանսիայի վրա: Պահանջելով չխախտել Բելգիայի չեզոքությունը՝ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային: Հոկտեմբերի 29-ին գերմանա-ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան: 
Հետզհետե ավելանում էր պատերազմի մասնակիցների թիվը. աշխարհի 59 պետություններից պատերազմին մասնակցում էր 38-ը. պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն կմ2 տարածք` շուրջ 1,5 մլրդ բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87 %-ը): Ռազմական գործողություններն ընթանում էին մոտ մեկ տասնյակ ռազմաբեմերում, սակայն գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպականը, որը ֆրանս-գերմանական սահմանով ու Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ, և Արևելաեվրոպականը (ռուսականը), որն անցնում էր ռուս-գերմանական ու ռուս-ավստրիական սահմանների երկայնքով: Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը, որտեղ մարտական գործողություններն ընթանում էին Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ:
1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 
1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 
1916 թ-ին Գերմանիան խոշոր հարձակում ձեռնարկեց Վերդենի շրջանում (Արևմտյան ճակատ), որտեղ կողմերը վճռական հաջողության չհասան: «Վերդենյան մսաղացում» հակառակորդները տվեցին մոտ 1,5 մլն զոհ: Արևելյան ռազմաճակատում ռուսական զորքերը պարտության մատնեցին Ավստրո-Հունգարիային (ավելի քան 1 մլն սպանված ու վիրավոր, 400 հզ. գերի): Դրա շնորհիվ փրկվեց Իտալիան, որը պարտվել էր ավստրիացիներից: 
Կովկասյան ճակատում ռուսական զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, 1916 թ-ին գրավեցին Էրզրումը, Երզնկան, Մամախաթունը, Տրապիզոնը, Բիթլիսը և այլ տարածքներ՝ հասնելով Սեբաստիայի վիլայեթ: 1916 թ-ի 2-րդ կեսին անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ (Արևմտյան ճակատ) անցան հակահարձակման և մինչև տարեվերջ ձգձգված պատերազմում հասան աննշան հաջողության: Երկու կողմից սպանվեց ու վիրավորվեց շուրջ 1 մլն 300 հզ. մարդ: Այդտեղ անգլիացիներն առաջին անգամ օգտագործեցին տանկեր:
1915–16 թթ-ի ռազմական գործողությունների հիմնական արդյունքը գերմանա-ավստրիական խմբավորման (Քառյակ միության) թուլացումն էր և բեկումը պատերազմում` հօգուտ Անտանտի: 
Առաջին աշխարհամարտում ամայացվում էին ընդարձակ տարածքներ և նույնիսկ երկրներ: Սերբիայի բանակը, միայնակ մնալով թշնամական ուժերի դեմ, գլխովին ջախջախվեց: Սերբ ժողովուրդը ենթարկվեց բազում տառապանքների. նրա զգալի մասը հեռացավ հայրենիքից: Աշխարհամարտի ամենասև էջը հայոց Մեծ եղեռնն էր: Ցեղասպանության ենթարկվեցին նաև Օսմանյան կայսրության այլ ժողովուրդներ՝ հույները, ասորիները և ուրիշներ:
1917 թ-ի սկզբին քաղաքական ճգնաժամը Ռուսաստանում հասավ գագաթնակետին: Փետրվարյան հեղափոխության հետևանքով ստեղծվեց Ժամանակավոր կառավարություն, որն ապրիլին իր դաշնակիցներին հավաստիացրեց պատերազմը մինչև հաղթական ավարտ շարունակելու մտադրության մասին: 1917 թ-ին Արևմտյան ճակատում Անտանտն անհաջողություններ կրեց, ձախողվեց նաև ռուսական բանակի հունիսյան հարձակումը: Էլ ավելի խորացող ճգնաժամի պայմաններում 1917 թ-ի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում կատարվեց զինված հեղաշրջում, և իշխանության անցած բոլշևիկյան կուսակցությունն առաջարկեց համընդհանուր հաշտության պայմանագիր կնքել, դուրս եկավ Անտանտից և Գերմանիայի ու նրա դաշնակիցների հետ 1918 թ-ի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում կնքեց հաշտության պայմանագիր: Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):
1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:
Տես նաև Մեծ եղեռն: