 | «Մանուկների Աստվածաշնչի» պատկերազարդումներից |
 | Մարկոսի Ավետարանի անվանաթերթը. մանրանկար 1232 թ-ի Աստվածաշնչից (գրիչ և ծաղկող` Իգնատիոս) |
 | Հովհաննեսի Ավետարանի անվանաթերթը Թորոս Տարոնացու ծաղկած Աստվածաշնչից (1318 թ.) |
Աստվածաշունչը կամ Սուրբ Գիրքը քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքն է, որ գրել են մարգարեներն ու առաքյալները՝ Աստծու ներշնչմամբ. այստեղից էլ՝ Աստվածաշունչ անվանումը:
Աստվածաշունչը Աստծու ստեղծագործության պատմությունն է: Այնտեղ ամփոփված են անհիշելի ժամանակներից եկող կյանքի փիլիսոփայությունը, մարդկանց կուտակած վիթխարի կենսափորձը, տիեզերքի և աշխարհի արարման ու պատմական անցքերի վերաբերյալ մեր նախնիների պատկերացումները: Սուրբ գրքի առանձին մասերը կամ գրքերը շուրջ 4 տասնյակ հեղինակներ գրել են 1500 տարվա ընթացքում: Աստվածաշունչը կազմված է Հին և Նոր կտակարաններից: Հին կտակարանը պարունակում է 48 գիրք և գրվել է Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ: Հին կտակարանը բաժանվում է 4 հիմնական մասերի՝ Օրենք, որը պարունակում է Հնգամատյանը (Մովսեսի հինգ գրքերը), Պատմական գրքերը, Մարգարեներ և Իմաստասիրական մատյաններ: Հին կտակարանն արարչագործության մասին է. սկզբում Աստված արարել է տիեզերքը` երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը, բուսական և կենդանական աշխարհները, ապա՝ առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, նրանց բնակեցրել դրախտում: Ադամը և Եվան, հետևելով չարի (սատանայի) խորհրդին, մեղանչել են Աստծու դեմ և արտաքսվել դրախտից: Առաջին մեղքի հետևանքով մարդը դարձել է մահկանացու և ավելի ու ավելի հեռացել Աստծուց: Հին կտակարանում խոսվում է մարդու հետ Աստծու ուխտի մասին, Փրկչի մասին, ով պիտի փրկեր մարդկությանը չարի տիրապետությունից: Փրկչագործությունն Աստվածաշնչի առանցքային թեման է, որով կապակցվում են Հին և Նոր կտակարանները: Հին կտակարանի գրեթե բոլոր գրքերում՝ մարգարեություններում, սաղմոսներում, խոսվում է Փրկչի գալստյան մասին: Նոր կտակարանը գրվել է Քրիստոսի ծննդից հետո՝ առաջին դարում, որով սկսվել է մեր թվականությունը: Նոր կտակարանում՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի Ավետարաններում, պատմվում է Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, կյանքի, վարդապետության և զոհաբերության մասին: Հիսուս Քրիստոսին աստվածային հղությամբ ծնել է Սուրբ Կույս Մարիամը: Հիսուսն իր վրա է վերցրել ամբողջ մարդկության մեղքը և խաչվել` հաղթելով սատանային: Տիրոջ փրկությամբ մարդկությունը միացավ ստեղծողին՝ Արարչին: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հետո նրա աշակերտները՝ առաքյալները, տարածեցին Քրիստոսի փրկության ավետիսը՝ բարի լուրը: Նոր կտակարանում են զետեղված նաև առաքյալների նամակները, որտեղ ամփոփված է Տիրոջ խոսքը՝ ուղղված քրիստոնյաներին, նաև Հայտնությունը, որտեղ պատմվում է աշխարհի վախճանի մասին: Հին կտակարանը գրված է հին եբրայերենով, մասամբ՝ արամերենով, Նոր կտակարանը՝ հիմնականում հին հունարենով: Աստվածաշունչը թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: Հայերեն թարգմանվել է V դարում՝ գրերի գյուտից անմիջապես հետո: Թարգմանել են Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը և նրանց աշակերտները: Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն այնքան բարեխիղճ ու կատարյալ է, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) համարել է «Թագուհի թարգմանությանց»: V դարից  | Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1666 թ., Ամստերդամ) |
Աստվածաշունչը մեկնաբանել են հայ աստվածաբանները, գրել աշխատություններ: Աստվածաշունչը մեծապես նպաստել է քրիստոնյա ժողովուրդների մտավոր ու հոգևոր զարգացմանը: Աստվածաշնչյան թեմաներով ստեղծվել են գրական և գեղարվեստական բազմաթիվ երկեր: Աստվածաշունչը դաստիարակում է, որ սիրենք Աստծուն ամբողջ սրտով ու ամբողջ էությամբ և սիրենք ընկերոջը, և նրա համար անենք այն ամենը, ինչ ցանկանում ենք, որ մարդիկ մեզ համար անեն: Հայաստանում վերջին տարիներին լույս են տեսել մանկական Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ:
Աստվածաշնչում ամփոփված են Աստծու հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերը, պատվիրանները, օրենքները, իմաստությունները, մարդկությանն ուղղված կենաց պատգամները և դեպի փրկություն առաջնորդող խորհուրդները: Աստվածաշունչն առաջին անգամ հայերեն տպագրվել է 1666–68 թթ-ին Ամստերդամում՝ տպագրիչներ Ոսկան Երևանցու և Մատթեոս Ծարեցու ջանքերով, պատկերազարդվել գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերի նկարներով:
|