 | «Վարդանանք», գոբելեն (1983 թ., գործ` Գրիգոր Խանջյանի, Մայր աթոռ Սբ Էջմիածին) |
 | Ավարայրի ճակատամարտը պատկերող ձեռագրեր (1482 թ., Շարակնոց) |
Ավարայրի ճակատամարտը կանխորոշել է Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ին հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի ելքը: Այն հայ ժողովրդի հանուն հավատքի մղած առաջին ճակատամարտն է:
Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին Վասպուրականի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում՝ Ավարայր գյուղի մոտ: Պարսկական զորքը (80–90 հզ. զինվոր, 13 մարտական փիղ) Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ անցել էր Հեր և Զարևանդ գավառներն ու շարժվում էր դեպի երկրի խորքը: Նրանց խնդիրը հայերի ապստամբությունը ճնշելն էր, հայոց դավանափոխության և ներքին ինքնավարության ոչնչացման ծրագիրն իրականացնելը: Ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը (մոտ 66 հզ. մարդ) կենտրոնացրել էր Արտազ գավառի հարավում, իսկ պարսիկները բանակել էին Տղմուտ գետի աջ ափին: Մայիսի 25-ին հայկական բանակը դիրքավորվել էր հակառակորդի ճամբարի դիմաց: Մայիսի 26-ի վաղ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունել են մարտական դրություն. սպարապետ Վարդան Մամիկոնյանը բանակի աջ թևը հանձնել է Խորեն Խորխոռունուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունուն, պահեստազորը՝ Արշավիր Կամսարականին ու Համազասպ Մամիկոնյանին: Ճակատամարտից առաջ Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը և Ղևոնդ Երեցը քաջաբար մարտնչելու կոչ են արել: Ճակատամարտն սկսվել է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով: Հասնելով գետին` պարսիկները սպասել են, իսկ հայերն անցել են գետն ու ամբողջ ճակատով մարտի բռնվել: Հայոց այրուձին թևերից մխրճվել է թշնամու մարտակարգի մեջ: Պարսից բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջել են, սակայն աջ թևն ընկճել է Թաթուլ Վանանդեցու զորամասին: Սպարապետը պահեստազորի մի մասը՝ Արշավիր Կամսարականի գլխավորությամբ, նետել է կենտրոն՝ այնտեղ ճնշումն ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապել ընկրկող ձախ թևին և հետ շպրտել թշնամուն: Զարգացնելով գրոհը՝ Վարդան Մամիկոնյանը շրջանցել է պարսիկների կենտրոնական զորամասերը, կռվի բռնվել նրանց պահեստազորի հետ և խուճապի մատնել: Սակայն հակառակորդի պահեստազորը՝ «Մատյան գունդը», և նահանջող աջ թևը վերադասավորվել և շրջապատել են իրենց թիկունք թափանցած հայկական հեծելագունդը: Անհավասար մարտում զոհվել է նաև Վարդան Մամիկոնյանը: Հայկական զորքերը, կատարելով իրենց մարտական առաջադրանքը, երեկոյան քաշվել են Տղմուտի ձախ ափը, ապա նահանջել երկրի խորքը: Ճակատամարտում զոհվել են 1036 հայ և 3544 պարսիկ: Պարսից արքունիքը, տեսնելով հայերի հերոսական կամքը, ստիպված էր Հայաստանից հետ կանչել իր զորքերը: Ավարայրի ճակատամարտում զոհված մարտիկները դասվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու տոնելի սրբերի շարքը և կոչվում են Սուրբ Վարդանանք: Նրանց հիշատակը նշվում է ամեն տարի փետրվար-մարտ ամիսներին՝ Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը: Ավարայրի ճակատամարտն արտացոլվել է հայ գրականության մեջ՝ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում, և կերպարվեստում՝ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենում: «Վարդանանց պատերազմը հայ ժողովրդի կենաց հարատևության արտոնաթուղթը կնքեց»: Դերենիկ Դեմիրճյան Ավարայրի ճակատամարտում հայոց նշանաբանն էր` «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»:
|