Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արաբական արծաթե դրամներ
Արաբ հեծյալ զինվոր
Արաբական խալիֆության դեսպանների ընդունելության արարողություն
Օմարի մզկիթը Երուսաղեմում (668թ.)
VII–VIII դարերում արաբները, նվաճելով Հնդկաստանի ու Չինաստանի սահմաններից մինչև Ատլանտյան օվկիանոս հասնող վիթխարի տարածքը, ստեղծեցին միջնադարի աշխարհակալ հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆությունը: Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում տարածվեց մահմեդականությունը, իսկ որոշ երկրներում՝ նաև արաբերենը: 
Հայաստանում խալիֆության բուն տիրապետությունը տևել է շուրջ 160 տարի՝ 701–862 թթ.:

Արաբներն Արաբական թերակղզու հիմնական բնակիչներն են: VII դարի սկզբներին արաբական ցեղերն ընդունեցին նոր կրոն՝ մահմեդականություն, որը նպաստեց նրանց միավորմանն ու հզորացմանը. այն «սրբազան պատերազմի» կոչ էր անում ընդդեմ «անհավատների»՝ այլադավան մարդկանց ու երկրների: Արաբական նվաճումների համար նպաստավոր էր նաև միմյանց դեմ մղած տևական պատերազմների հետևանքով Սասանյան Իրանի և Բյուզանդիայի թուլացումը: 632–656 թթ-ին արաբները նվաճեցին Սասանյան տերությունը, իսկ Բյուզանդիայից բռնագրավեցին Պաղեստինը, Ասորիքը, Եգիպտոսը և ամբողջ Հյուսիսային Աֆրիկան: 711 թ-ին նրանք անցան Ջիբրալթարը և նվաճեցին Իսպանիան: Այնուհետև ներխուժեցին Ֆրանկական պետություն, սակայն 732 թ-ին Պուատիեի ճակատամարտում կրած պարտությունը վերջ դրեց Եվրոպայում նրանց ծավալմանը: 
Օմայանների հարստության (661–750 թթ.) հիմնադիր Մուավիան խալիֆության մայրաքաղաք դարձրեց Ասորիքի Դամասկոս քաղաքը: Նա սահմանեց խալիֆների իշխանության ժառանգականության կարգը (մինչ այդ խալիֆն ընտրվում էր). խալիֆը բացարձակ միապետ էր, մահմեդական աշխարհի կրոնապետ և զինվորական առաջնորդ: Գրավյալ տարածքների կառավարումը հանձնվեց ամիրներին (էմիր): Ստեղծվեց տարբերակված հարկահանություն. քրիստոնյաները և հրեաները պետք է ավելի բարձր հարկ վճարեին, քան մահմեդականություն ընդունած ոչ արաբները, բայց արաբների համեմատությամբ` ավելի բարձր: Բոլոր մահմեդականները պետք է ծառայեին բանակում, իսկ ոչ մահմեդականների մուտքը բանակ արգելվում էր: Խալիֆ Աբդ ալ Մալիքի (685–705 թթ.) օրոք արաբերենը հռչակվեց պետական լեզու, որը մեծապես նպաստեց պետության ամրացմանն ու արաբալեզու հարուստ մշակույթի ստեղծմանը: Հատվեցին առաջին արաբատառ դրամները` դինար, դիրհեմ, ֆիլս: 
750 թ-ին Օմայանների ընդդիմադիրների ղեկավարներից Աբու ալ Աբբասը հեղաշրջում կատարեց, և իշխանությանը տիրացան Աբբասյանները (750–1055 թթ.): Նրանց հարստության օրոք Արաբական (Բաղդադի) խալիֆությունն առավելագույն ծաղկման հասավ հատկապես VIII–IX դարերում: Աբբասյան նշանավոր խալիֆներից էին Աբու ալ Մանսուրը (754–775 թթ.), Հարուն ալ Ռաշիդը (786–809 թթ., «Հազար ու մի գիշեր» հեքիաթների ժողովածուի հերոսներից) և ուրիշներ: Աբբասյանների օրոք հաստատված երկարատև խաղաղությունը նպաստեց տերության տնտեսության բարգավաճմանը: Աբու ալ Մանսուրի օրոք կառուցվեց Բաղդադ մայրաքաղաքը, որը կարճ ժամանակում դարձավ առևտրի, արհեստների, կրթության և կառավարման կենտրոն: 
Արաբական խալիֆությունը բազմազգ ավատատիրական բռնապետություն էր, որը երկար չգոյատևեց: Արդեն 756 թ-ին նրանից անջատվեց Կորդովայի Էմիրությունը, հետագայում՝ Մարոկկոն և Թունիսը: IX դարի կեսերին անկախացավ Եգիպտոսը, 885 թ-ին՝ Հայաստանը և այլ երկրներ: Այդ ամենն ավարտվեց 1055 թ-ին սելջուկ-թուրքերի կողմից Բաղդադի գրավումով:

Արաբական խալիֆության 
տիրապետությունը Հայաստանում
Արաբական զորքերը Հայաստան են ներխուժել 640 թ-ին և որոշ ժամանակ սահմանափակվել միայն երկրի ասպատակությամբ: Հայոց իշխան ու սպարապետ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ կառավարիչ (հետագայում՝ խալիֆ) Մուավիայի միջև 652 թ-ին կնքված հայ-արաբական պայմանագրով Հայաստանը համարվել է խալիֆության հպատակ պետություն: Հայոց իշխան Համազասպ Մամիկոնյանի օրոք (654–661 թթ.) Հայաստանը թոթափել է արաբական հպատակությունը, սակայն նրա հաջորդը` Գրիգոր Մամիկոնյանը, նորից ընդունել է արաբների գերիշխանությունը. 652 թ-ի պայմանագրով վճարել է տարեկան 500 ոսկեդրամ: Օգտվելով Արաբիայում ծագած ապստամբությունից՝ 683 թ-ին Հայաստանը հրաժարվեց հարկատվությունից, իսկ Աշոտ Բագրատունին (685–689 թթ.) ձեռք բերեց լիակատար անկախություն:
Բյուզանդիայի Հուստինիանոս II կայսրը, նվաճելով Հայաստանը, 689 թ-ին երկրի կառավարիչ նշանակեց Ներսեհ Կամսարականին, սակայն նրա հաջորդ Սմբատ Բագրատունու օրոք Մուհամմադ իբն Մրվանը մի քանի արշավանքներով (693–701 թթ.) վերջնականապես նվաճեց Հայաստանը: Արաբական խալիֆության բուն տիրապետությունը Հայաստանում  701–862 թթ-ին էր: Հայաստանը, Վիրքը, Աղվանքը, Չողա երկիրը (Դարբանդ) միավորվեցին մեկ վարչական միավորի՝ Արմինիայի  մեջ, որը կառավարում էր արաբ ոստիկանը, իսկ Հայաստանը՝ Հայոց իշխանը: Ոստիկանի նստավայրն սկզբում Դվինն էր, իսկ 789 թ-ից՝ Պարտավը: Ատրպատականի, Վերին Միջագետքի և երբեմն այլ նահանգների հետ Արմինիան կազմում էր խալիֆության հյուսիսային փոխարքայությունը: Առաջին ոստիկան Աբդալլահը ծանր հարկեր դրեց բնակչության վրա, սկսեց կրոնական հալածանքներ: Նա ցանկանում էր հայ նախարարներին զրկել ժառանգական իշխանությունից, ոչնչացնել նրանց զորական ուժը: 
Սակայն 703 թ-ի ձմռանը տեղի ունեցավ Վարդանակերտի ճակատամարտը, և արաբները Սմբատ Բագրատունուց ջախջախիչ պարտություն կրեցին (սպանվեց նաև Աբդալլահ ոստիկանը): Ապստամբությունից հետո խալիֆը Հայաստանում հաստատված իր զորավարներին կարգադրեց ոչնչացնել հայ նախարարական դասը: 705 թ-ին Նախճավանի արաբական զորքերի հրամանատար Կասըմը այրուձիու հաշվառման և ռոճիկ վճարելու պատըրվակով իր մոտ հրավիրեց հայ նախարարներին, ձերբակալեց և փակել տվեց Նախճավանի ու մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում: Կասըմի հրամանով հրդեհվեցին այդ եկեղեցիները, ողջակիզվեցին այնտեղ փակված նախարարներն իրենց մարդկանցով (շուրջ 1200 հոգի): Սակայն Աբդ ալ Ազիզ ոստիկանը հայերի նոր ընդվզումները կանխելու մտահոգությամբ վերադարձրեց վտարանդի նախարարներին՝ վերականգնելով նրանց ժառանգական իրավունքները: Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը. Հայոց իշխանի ու սպարապետի գլխավորությամբ երկիրը կառավարում էին հայ նախարարները: Օգտվելով Օմայանների դեմ բռնկած շարժումից և Բյուզանդիայի առաջխաղացումից՝ հայ նախարարները Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ 748 թ-ին որոշեցին ապստամբել: 748–750 թթ-ի ապստամբության ժամանակ Հայոց իշխան ընտրվեց Մուշեղ Մամիկոնյանը (748–752 թթ.): 
750 թ-ին իշխանության գլուխ անցած Աբբասյան հարստության հիմնադիր Աբու ալ Աբբասին հաջողվեց ճնշել ազատագրական շարժումները: Նրա դաժան հարկային քաղաքականությունն ու հալածանքները 774 թ-ին հանգեցրին խալիֆության դեմ հայերի ամենամեծ ապստամբությանը, որի նախաձեռնողն Արտավազդ Մամիկոնյանն էր: Կումայրիում սպանելով խալիֆության հարկահանների պարագլխին՝ նա հետ վերցրեց հավաքած հարկը և հեռացավ Բյուզանդիայի սահմանները: Ի պատասխան՝ արաբներն էլ ավելի սաստկացրին խստությունները, որի հետևանքով Տարոնում ապստամբեց Մուշեղ Մամիկոնյանը և կոտորեց արաբներին: 774–775 թթ-ի ձմռանը հավաքվեց շուրջ 5 հզ. ռազմիկ, և ապստամբները պաշարեցին Կարին քաղաքը: Աղձնիքի կողմից Հայաստան մուտք գործած արաբական 30-հզ-անոց զորքն Արճեշի և Արձնիի ճակատամարտերում հայկական ուժերին պարտության մատնեց: Արձնիի ճակատամարտում ընկան Սմբատ Բագրատունին, Մուշեղ և Մանվել Մամիկոնյանները և 3 հզ. զինվոր: 
774–775 թթ-ի ապստամբության ճնշումից հետո ասպարեզից հեռացան նախարարական շատ տներ (Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Ռշտունիները, Գնունիները և ուրիշներ): Մինչև IX դարի սկիզբը հայ նախարարները զրկված էին հարկեր հավաքելու իրավունքից: Երկիրը հնազանդ պահելու համար  Հայաստան բերվեցին արաբական որոշ ցեղեր` կայսիկներ, ութմանիկներ և այլն, հետագայում ստեղծվեցին ամիրություններ:
IX դարի սկզբին Հայաստանը վերականգնեց իր ներքին ինքնավարությունը, հարկերը նորից հավաքում էին հայ նախարարները:  Բագրատունիների ամրապնդված դիրքերը և Ատրպատականում Բաբեկի գլխավորած սոցիալական շարժումն Աբբասյաններին ստիպեցին ճանաչել Բագրատունիների իշխանությունն Արմինիայում. 826 թ-ին Աշոտ Մսակերի որդի Բագարատ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան, իսկ նրա եղբայր Սմբատը՝ Հայոց սպարապետ: Սակայն Մութավաքիլ խալիֆը (847–861 թթ.), կամենալով վերացնել Հայաստանի ինքնավարությունը, 849 թ-ին այնտեղ ուղարկեց Աբու Սաիդ (Աբուսեթ) ոստիկանին՝ հարկային մեծ լիազորություններով: 
Սակայն Աղձնիքի Ձորա պահակի մոտ նրան դիմավորեց Բագարատ Բագրատունու գլխավորած պատվիրակությունը, հարկերը հանձնեց` թույլ չտալով մտնել Հայաստան: 851 թ-ին Աբու Սաիդը վերադարձի ճանապարհին մահացավ: Նրան հաջորդեց որդին` Յուսուֆը, որը, գալով Խլաթ, խաբեությամբ իր մոտ կանչեց Բագարատ Բագրատունուն՝ իր փոխարեն ոստիկան նշանակելու պատըրվակով, կալանավորեց և ուղարկեց խալիֆի նստավայր՝ Սամառա, իսկ ինքը գնաց Մուշ` ձմեռելու: Բագարատ Բագրատունու որդիներ Աշոտն ու Դավիթը զինեցին ազատասիրությամբ հռչակված Սասունի և Խութի հայ լեռնականներին, որոնց առաջնորդը դարձավ Խութեցի Հովնանը: 851–852 թթ-ի ձմռանը ապստամբները, հանկարծակիի բերելով թշնամուն, ներխուժեցին Մուշ, կոտորեցին արաբներին և սպանեցին Սբ Փրկիչ եկեղեցում թաքնված Յուսուֆին: Այս իրադարձությունները հետագայում դարձան «Սասնա ծռեր» ժողովրդական դյուցազնավեպի պատմական հիմքը: 
Ապստամբությունն աստիճանաբար ծավալվեց ոչ միայն Հայաստանում, այլև Արմինիայի մյուս երկրներում: Զայրացած խալիֆը 852 թ-ի գարնանը Հայաստան ուղարկեց թուրք զորավար Բուղային, որը հայտնի էր իր նենգությամբ ու դաժանությամբ: Նա նախ ներխուժեց Աղձնիք, ապա՝ Սասուն-Խութ, գերեվարեց Աշոտ և Դավիթ Բագրատունիներին, Խութեցի Հովնանին և ուղարկեց Սամառա: Հաջորդ տարվա գարնանը Բուղան ասպատակեց Սյունիքը, անցավ Հյուսիսային Հայաստան, ապա գրավեց Տփղիսը: Այնուհետև գերեվարեց և Սամառա ուղարկեց Գարդմանի, Լեռնային Ուտիքի ու Խաչենի հայ իշխաններին և Հարավային Արցախի Գտիչ (Քթիշ) ամրոցում պաշարեց Եսայի Աբու Մուսե իշխանին: 
Վասպուրականում նոր ծագած ապստամբության ժամանակ Գուրգեն Ապուպելճ Արծրունին կոտորեց Բուղայի թողած արաբական զորքը և ազատագրեց երկիրը: Ապստամբության հաջող ելքը Բուղային ստիպեց ճանաչել Արծրունիների իրավունքները, իսկ Գուրգեն Ապուպելճին՝ Վասպուրականի իշխան: Դրանով նա նպաստեց նաև Հայաստանի ներքին ինքնավարության փաստացի վերականգնմանը: 855 թ-ին խալիֆը Բուղային հետ կանչեց: Սամառա աքսորված Սմբատ Բագրատունու փոխարեն 862 թ-ին Հայոց իշխանաց իշխան ու սպարապետ ճանաչվեց նրա որդին՝ Աշոտը, որը վերականգնեց Հայաստանի անկախությունը և 885 թ-ին ճանաչվեց Հայոց թագավոր (Աշոտ Ա Մեծ): 
Արաբական տիրապետությունը մեկուկես դարով կասեցրեց երկրի բնականոն զարգացումը: Տնտեսական կյանքն անկում ապրեց, խիստ տուժեց առևտուրը, գրեթե ընդհատվեցին շինարարական աշխատանքները: