Այբուբեն
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
BBBBBԷԿՇՏ
Արագ Որոնում


Լևոն Բ
Ծննդյան թվականն 
անհայտ է:
1219 թ., Սիս, Կիլիկիա

Դիմանկարը՝ ըստ դրամի
Լևոն Բ-ն քաղաքական գործիչ է ու զորավար, Կիլիկիայի հայկական պետության իշխանապետը (Մեծ պարոն, 1187–98  թթ.) և 
թագավորը (1198–1219 թթ.): Անվանել են Մեծագործ, Բարեպաշտ,  Մեծահաղթ,  Բազմահաղթ պատվանուններով:

Լևոն Բ-ն Ռուբինյանների իշխանական տոհմից էր՝ Ստեփանեի կրտսեր որդին: Հաջորդել է եղբորը՝ Ռուբեն Գ-ին (1175–87 թթ.): Եղել է երկրի կարևոր բերդի՝ Կապանի տերը, աջակցել է եղբորը` պաշտպանելու և կառավարելու պետությունը: 1185 թ-ին` Ռուբեն Գ-ի գերությունից հետո, երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: 1187 թ-ին փրկագնել է եղբորը, որը գահը կամովին հանձնել է նրան, իսկ ինքը դարձել կրոնավոր: 1187 թ-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) ջախջախել է Կիլիկիա ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, ազատագրել հայաբնակ մի քանի շրջան՝ ներառյալ Պռականա բերդը: 1187 թ-ին հաղթել և  իրենից կախման մեջ է գցել Հալեպի և Դամասկոսի սուլթանին: Եգիպտոսի սուլթանության դեմ Խաչակրաց երրորդ արշավանքի (1189–92 թթ.) ժամանակ խաչակիրներին օգնելու խոստման դիմաց Հռոմեական սրբազան կայսրության (Գերմանիա) Հենրիկոս VI կայսրը պարտավորվել է Լևոնին ճանաչել Հայոց թագավոր: 
Գրեթե միաժամանակ թագ ստանալով Հենրիկոս VI և Բյուզանդիայի Ալեքսոս III Անգելոս կայսրերից՝ Լևոն Բ-ն թագադրվել է Սուրբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա մայր տաճարում: Հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը՝ հայկական ծեսով, իսկ Հռոմեական սրբազան կայսրության և Հռոմի պապի ներկայացուցիչ Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելբախը լատինական ծեսով Լևոն Բ-ին օծել են «Թագավոր ամենայն Հայոց և Կիլիկիայի նահանգի ու Իսավրիայի»: 
Պատմագիրները Լևոն Բ-ի թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Ձգտելով ստեղծել կենտրոնացված և անսահմանափակ միապետություն՝ Լևոն Բ-ն հնազանդեցրել է կիսանկախ ու անջատամետ որոշ ավատատեր իշխանների (մասնավորապես Հեթումյաններին): Նոր դաշնակիցներ ձեռք բերելու նպատակով խնամիական կապեր է հաստատել մերձակա քրիստոնեական պետությունների (Նիկիա, Կիպրոս, Երուսաղեմ և այլն)  արքայատների հետ:
Լևոն Բ-ն հետևողականորեն պայքարել է Անտիոքի գահաժառանգության համար: Վերջինիս թագավոր Ռայմունդի մահից (1197/98 թթ.) հետո նրա նորածին որդուն՝ գահաժառանգ Ռուբեն Ռայմունդին, որդեգրել և հռչակել է Հայոց գահաժառանգ: 1203 թ-ին գրավել է Անտիոքը, որի գահը հափշտակել էր Ռայմունդի կրտսեր եղբայրը՝ Տրիպոլսի դուքս Բոհեմուդ Միակնանին, երկրից վտարել է ինքնակոչին աջակցած Տաճարական ուխտի ասպետներին, պատանի Ռայմունդին կարգել դուքս, 1210 թ-ին Գերմանիայի կայսեր և Հռոմի պապի միջոցով վերահաստատել նրա գահակալական իրավունքը: 1219 թ-ին, երբ Ռուբեն Ռայմունդը հերթական անգամ կորցրել էր Անտիոքը, Լևոն Բ-ն նրան զրկել է գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ կարգել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1222–52 թթ-ին):
Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թագավորության սահմանները տարածվել են Միջերկրական ծովից մինչև Տավրոսի և Անտիտավրոսի լեռները: Նրա գերիշխանության տակ էին նաև Պամփիլիան, Իսավրիան, Լիկայոնիան, Կադառնիան, Գերմանիկեն: Լևոն Բ-ի հրամանով  վերաշինվել են հին վանքերն ու բերդերը և կառուցվել նորերը: Նա ստեղծել է մշտական հզոր բանակ, հաստատել ռազմական ուսուցման որոշակի կարգ ու կանոն, կանոնավորել արքունի գործակալությունները, բարեկարգել տնտեսական կյանքը, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքել (1211, 1212 թթ.) Վենետիկի, Պիզայի, Ջենովայի և վաճառաշահ այլ քաղաքների ու երկրների հետ, կազմակերպել առևտրական նավատորմիղ, բացել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը՝ հայերեն և օտար լեզուներով): 
Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտնականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռագրեր, հայերեն են թարգմանվել գիտական ու գրական արժեքավոր երկեր:
 Լևոն Բ-ի մարմինն ամփոփվել է Սսում, իսկ սիրտը՝ իր կառուցած Ակների վանքում (Ցախուտ և Բարձրբերդ գավառների սահմանագլխին):