 | Սֆինքսարդ դարպաս Ալաջա-Հյուկում (մ. թ. ա. XV–XIII դարեր) |
 | Խեթական մշակույթի նմուշներ Քրմի գավազանի բրոնզե ֆիգուր (մ. թ. ա. 2300–2100 թթ.), խեթական գաղափարագրեր (մ. թ. ա. 900–800 թթ.), դարպասի պահապան առյուծի քանդակ (մ. թ. ա. IX դար) |
Խեթական թագավորությունը (Խատտի, Հաթի) Փոքր Ասիայի հնագույն պետություններից էր՝ մ. թ. ա. III հազարամյակի վերջից – մ. թ. ա. XII դարի սկիզբը:
Մ. թ. ա. XVIII դարի 1-ին կեսին Կուսսարա քաղաք-պետության առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Խատուսան և այլն: Մ. թ. ա. XVIII դարի 2-րդ կեսին Լաբառնան (Թաբառնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և հիմնադրել Խեթական պետությունը (Հին թագավորության ժամանակաշրջան, մ. թ. ա. XVIII–XVII դարեր): Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս: Խեթական պետությունը տարածվել է Հալիս գետի ավազանում: Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորներն ընդլայնել են Խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ: Մուրսիլի I-ը գրավել է խոշոր քաղաքներ Բաբելոնն ու Հալաբը (այժմ՝ Հալեպ) և կողոպտել: Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն, և Խեթական պետությունը կրկին հզորացել է: Խեթական պետության ռազմական հզորության հիմքը ռազմակառքերով զինված բանակն էր: Պատմագիտության մեջ տարբերում են Հին խեթական` մ. թ. ա. 1680–1500 թթ., Միջին խեթական` 1500–1380 թթ., և Նոր խեթական` 1380–1190 թթ., թագավորության շրջանները: Նոր խեթական թագավորության ժամանակաշրջանում Խեթական պետությունն ընդգրկել է գրեթե ողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը: Մ. թ. ա. XIV դարում խեթերի տերությունը տարածվում էր արևմուտքում՝ մինչև Էգեյան ծովը, արևելքում՝ Եփրատ և Տիգրիս գետերը, իսկ հարավում՝ Սիրիայի կենտրոնական մասը: Խեթերն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի թագավոր Անիայի և Մուրսիլի II-ի պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի թագավոր Հուկկաննայի միջև): Սուպիլուլիումա I-ը բազմիցս արշավել է Եգիպտոս և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, հպատակեցրել Միտաննի երկիրը, խուռիներին: Մ. թ. ա. XII դարի 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանել են Խեթական պետությունը: Խեթական պետության կործանումից հետո Վանի թագավորության (Ուրարտու) ասորեստանյան և հինարևելյան այլ աղբյուրներում Կիլիկիայի արևելյան մասը, Հյուսիսային Ասորիքի Կարքեմիշի շրջանը հիշատակվում են որպես Խեթերի երկիր: Հետագայում Կարքեմիշի շրջանի խեթերը ձուլվել են արաբներն, Կիլիկիայի արևելքում բնակվողները` հայերին: Նախկին Խատտին մտել է Փռյուգիայի կազմի մեջ, իսկ բնակիչները՝ խեթերը, որոնք հնագույն աղբյուրներում հիշատակվում են «սպիտակ ասորիներ» անունով, հետագայում հավանաբար ձուլվել են հույներին:
Խեթերը (հաթ) Փոքր Ասիա թերակղզու հնագույն ժողովուրդներից են: Իրենց ցեղակից լուվիացիների և պալայացիների հետ մ. թ. ա. XXV դարում Բալկանյան թերակղզուց (ըստ որոշ ուսումնասիրողների` Կովկասից) թափանցել են Փոքր Ասիա և Հալիս գետի ավազանից դուրս մղել տեղաբնիկ խատտերին (հաթեր), որոնց անունը հետագայում դարձել է խեթերի էթնոսի և երկրի (Հաթի, Խատտի) անվանումը: Գիտական գրականության մեջ գործածվող «խեթեր» անվանումը վերցված է Աստվածաշնչի «քեթ» ձևից: Խեթերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում մ. թ. ա. XV–XIII դարերի խեթական արձանագրություններում հիշատակվում է Հայասա կամ Հայասա-Ազզի հայկական պետական կազմավորումը:
|