Այբուբեն
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
ԷԾՅՌՓ
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
Արագ Որոնում


«Հովհաննես Պրոքսիմոս», մանրանկար  «Ադրիանուպոլսի Ավետարանից» (1007 թ., գրիչ` Կիրակոս Երեց, Վենետիկի 
Սբ Ղազար վանքի 
մատենադարան)
«Մուտք Երուսաղեմ», 
մանրանկար  «Հաղպատի Ավետարանից» 
(1211 թ., գրիչ՝ Հակոբ, ծաղկող՝ Մարգարե, 
Մատենադարան)
«Հովհաննես ավետարանիչ և Պրոքորոն», 
մանրանկար «Վանենու Ավետարանից» (1224 թ., Մատենադարան)
«Իմաստուն և հիմար 
կույսեր», մանրանկար Արցախում գրված ու պատկերազարդված 
Ավետարանից (XIII դար, Մատենադարան)
«Մկրտություն», մանրանկար Գլաձորում Թորոս Տարոնացու ծաղկած 
Ավետարանից (1323 թ., Մատենադարան)
«Ավետում», մանրանկար Տաթևի վանքում պատկերազարդված Ավետարանից (XIV դար, ծաղկող՝ Գրիգոր Տաթևացի,  
Մատենադարան)
«Մուտք Երուսաղեմ» և «Ոտնլվա», մանրանկար Վասպուրականում ծաղկած Ավետարանից (1392 թ., գրիչ` Պետրոս, ծաղկող` Հովհաննես Խիզանցի,  Մատենադարան)
«Հովհաննու հայտնությունը», մանրանկար Ղրիմում ընդօրինակված 
Աստվածաշնչից (1669 թ., ծաղկող՝ Նիկողայոս Ծաղկարար, Մատենադարան)
«Հրեշտակի հայտնությունը Յուղաբեր կանանց», 
մանրանկար «Նոր Ջուղայի Ավետարան»-ից (1610 թ., ծաղկող` Հակոբ Ջուղայեցի, Մատենադարան)
Մանրանկարչությունը ձեռագիր գրքի պատկերազարդումն է կամ 
ծաղկումը. կերպարվեստի ստեղծագործություն է, որն առանձնանում է փոքր չափերով ու գեղարվեստական նուրբ հնարքներով: 

Մանրանկարչությունը ներառում է գրչագիր մատյաններում արված գծանկարներն ու գունանկարները և գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, պատմողական թեմատիկ տեսարաններ և այլն. պատկերազարդվել են գուաշով, տեմպերայով, ջրաներկով, ոսկով, հազվադեպ՝ նաև արծաթով:
Մանրանկարչության հնագույն օրինակները պահպանվել են Հին Եգիպտոսում՝ պապիրուսի գալարների վրա (մ. թ. ա. 1900 թ-ից): Հին հույները պապիրուսի վրա պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը»): Մ. թ. ա. VI դարից, բացի պապիրուսից, օգտագործել են նաև կաշվե գրելանյութ՝ մագաղաթը, որն աստիճանաբար դուրս է մղել պապիրուսը. մեզ հասած հնագույն մագաղաթե մանրանկար ձեռագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500 թ., Միլանի Ամբրոզիանա գրադարան):
Պահպանված հայկական ձեռագրերը մատյաններ են, որոնց մի մասի հիշատակարաններում թվագրված են գրչի, պատվիրատուի, հաճախ՝ նաև ծաղկողների անունները: Ավելի շատ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչը, ծիսամատյանները (Ճաշոց, Ճառընտիր, Շարակնոց, Մաշտոց և այլն): Մեզ հասած հայկական առաջին մանրանկարները VI–VII դարերի նմուշներ են («Էջմիածնի Ավետարան»), իսկ ամբողջությամբ պատկերազարդված հնագույն հայկական ձեռագրերը (Ավետարաններ) IX դարից են: Հայկական մանրանկարչությունն աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ:
Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց: XI դարում՝ Մեծ Հայքում, նույն դարի 2-րդ կեսից նաև Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում [Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մալաթիայի (Մելիտենե)] շարունակվել է Մլքե թագուհու (պահպանվել են հելլենա-քրիստոնեական արվեստի առավել արժեքավոր առանձնահատկությունները) և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը:
XI դարի հայկական առաջին պատկերազարդ ձեռագրերից է «Ադրիանուպոլսի Ավետարանը» (1007 թ., գրիչ՝ Կիրակոս Երեց), որտեղ ավետարանիչների և «Աստվածամայրը մանկան հետ» նկարները գույներով ու նուրբ համամասնություններով հիշեցնում են նույն շրջանի բյուզանդական որմնանկարների ոճը: Կղոտ գավառի (Եփրատի ափին) Թալաշա վանքում 1018 թ-ին ընդօրինակված մի ձեռագրում պատկերված 4 ավետարանիչների դեմքերը հիշեցնում են Աղթամարի վանքի Սբ Խաչ եկեղեցու որմնանկարների դեմքերը: X–XI դարերի այդպիսի ձեռագրերի գլուխգործոց է 1038 թ-ի Ավետարանը (գրիչ՝ Եվարգրիս, Մատենադարան), որը ոճով մոտ է «Ծուղրութի Ավետարանին» (974 թ.) և «Վեհափառի Ավետարանին» (X դարի վերջ – XI դարի 1-ին կես), որտեղ պահպանվել է ասորա-պաղեստինյան վաղ քրիստոնեական պարզագույն ոճը: 
1041 թ-ին Սեբաստիայում ընդօրինակված «Մալաթիայի Ավետարանի» (Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի մատենադարան) և 1057 թ-ի մի ձեռագրի (Մատենադարան, ձեռագիր դ 3784) տերունական նկարաշարերն ավարտվում են 4 ավետարանիչների և խաչի պատկերներով: Խորանները փոխել են իրենց ճարտարապետական տեսքը, մեկ ամբողջական էջին (նույն շրջանակում) պատկերվել է 2 տեսարան, որոնք կառուցվածքով հիշեցնում են X–XI դարերի կապադովկյան որմնանկարները: Մարդկանց և առարկաների պատկերները խիստ պայմանական են և սխեմատիկ: Փոքր Հայքի ձեռագրերի խորանները զարդարված են բուսական և երկրաչափական մոտիվներով, թռչուններով ու հուշկապարիկներով (առասպելական ոգիներ):
Անիի մանրանկարչության դպրոց: Ձևավորվել է XI–XIV դարերում՝ Անիի գրչատներում և մերձակա մշակութային օջախներում (Հոռոմոսի, Բագնայրի, Արջո Առիճի վանքերում): Ունեցել է աշխարհիկ ուղղվածություն. ձգտել է ավանդույթները հարստացնել կյանքի ու կենցաղի տարրերով:
XI դարի սկզբին Անիում են աշխատել Թադեոս գրիչը, Գրիգոր Մուրղանեցի գրիչը, Գևորգը և ուրիշներ: XII դարի վերջին Հոռոմոսի վանքում է ստեղծագործել մանրանկարիչ Հովհաննեսը, որից մեզ է հասել 3 Ավետարան. ամենաշքեղը «Մողնու Ավետարանն» է (XI դարի կես, Մատենադարան)՝ խորաններով, ընդարձակ տերունական նկարաշարով, յուրահատուկ հեռանկարչական համակարգով: Մանրանկարների գույները փայլատ են ու մեղմ, հարուստ՝ արևելաքրիստոնեական մոտիվներով: 
Անիում հույների ներկայությունն արտացոլված է 1053 թ-ի Ավետարանի, «Բեգյունց Ավետարանի» (1060 թ.) և ավետարանիչների պատկերներում, հունական անվանատառերում: XII դարի վերջի – XIII դարի սկզբի Անիի դպրոցներից պահպանվել է Իգնատիոս մանրանկարչի ծաղկած մի քանի ձեռագիր («Բագնայրի Ավետարանը», 1232 թ., 1236 թ-ի Ավետարանը և այլն): Առանձին խումբ են «բյուզանդամետ» համարվող «Տրապիզոնի Ավետարանը» (XI դարի 1-ին կես), «Կարսի Ավետարանը» (XI դար), 1071–78 թթ-ի Ավետարանները (Մատենադարան, ձեռագիր դդ 6975, 10434): XI դարի մատյանները մեծ մասամբ խոշոր են, իսկ XII դարի մատյանները՝ ավելի փոքր: Այդ շրջանի ձեռագրերի ձևավորումը համեստ է:
XII դարում սկզբնավորվել է Ճառընտիրների (Տոնականներ, Մատենադարան, ձեռագիր դդ 3777, 1522, 3782 և այլն), ժողովածուների և մեկնությունների ձևավորման համակարգը, որին բնորոշ են մեծ չափերը, լայն լուսանցքները, արագագիր ոճը: 
Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին կեսին: Մանրանկարիչ Մարգարեն Անիի Բեխենց վանքում պատկերազարդել է «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), որը Անիի դպրոցին ամենաբնորոշ ստեղծագործությունն է: 1298 թ-ին գրիչ Եղբայրիկն ընդօրինակել ու ծաղկել է մի ձեռագիր, որի տերունական և ավետարանիչների կերպարներն ստեղծել է Խաչատուրը: Անիում է ձևավորվել մանրանկարիչ Մխիթար Անեցու արվեստը: Անիի դպրոցից մեզ հասած վերջին ձեռագրի հեղինակը գրիչ Հովհաննես Ոսկեփորիկն է (XIV դար):
Կիլիկիայի մանրանկարչության դպրոց: XII դարում Կիլիկիայի Հռոմկլա բերդաքաղաքը հռչակվել է ուրույն և բարձրարվեստ մանրանկարչության դպրոցով: Նրա վաղ շրջանի պատկերազարդ ձեռագրերը մեզ չեն հասել: 1113 թ-ին Դրազարկի վանքում պատկերազարդված ձեռագրում (Մատենադարան, ձեռագիր դ 6763) ակնհայտ է Մեծ Հայքի մանրանկարչության ավանդույթների ազդեցությունը, իսկ կիլիկյան գրքարվեստի հատկանիշներից՝ լուսանցքում սրտաձև արմավազարդը՝ հավասարաթև խաչով, հիմնական գույները կարմիրը, կապույտն ու կանաչն են: 
XII դարի վերջի կիլիկյան մի քանի ընտիր ձեռագրեր կապված են Ներսես Լամբրոնացու և նրա հովանավորած Սկևռայի վանքի հետ. առանձնանում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի պատկերազարդ ձեռագիրը (1173 թ., Մատենադարան, ձեռագիր դ 1568), որի գրիչը Գրիգոր Մլիճեցին է, պատվիրատուն (ստացողը)՝ Ներսես Լամբրոնացին: Վերջինիս պատվերով մեզ հասած մյուս գլուխգործոցը «Սկևռայի Ավետարանն» է (1197 թ.), որտեղ լուսանցանկարները՝ տերունական թեմաների համառոտումով, զուտ կիլիկյան երևույթ են: 
XIII դարի Հռոմկլայի դպրոցից մեզ հասած առաջին պատկերազարդ ձեռագրերը Ավետարաններ են (1249 թ., գրիչ՝ Կիրակոս, Մատենադարան, ձեռագիր դ 7690, 1251 թ., գրիչ՝ Սարգիս, Մատենադարան, ձեռագիր դ 3033, և այլն), որոնք հիմնականում հետևել են XII դարի ավանդույթներին. նորությունը նրբագույն զարդամոտիվների հարստությունն է, խորանների վերևում և լուսանցքներում պատկերված են աքաղաղներ, մոմակալներ, սիրամարգեր, նռնենիներ ու արմավենիներ, սափորներից ելնող բուսազարդեր և այլն: 
Հռոմկլայի դպրոցի խոշորագույն մանրանկարիչ Թորոս Ռոսլինից հետո՝ 1270-ական թվականներին, արքայական ընտանիքի անդամների համար ստեղծվել են մի շարք ճոխ ձեռագրեր: «Վասակ իշխանի Ավետարանում» (XIII դարի 2-րդ կես, գրիչ՝ Ավետիս) և «Կեռան թագուհու Ավետարանում» (1272 թ., գրիչ՝ Ավետիս) ընծայագրերին փոխարինել են պատվիրատուների ընտանիքների անդամների պատկերները՝ «Դեիսուսի» («Բարեխոսություն»), Աստվածամոր ու Քրիստոսի կերպարներով: 
«Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286 թ.), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (նկարազարդել են XIII դարի վերջին քառորդի անհայտ նկարիչներ, 1320 թ-ին՝ Սարգիս Պիծակը, գրիչ՝ Ավետիս), Մատենադարանի 2 Ավետարանները (ձեռագիր դդ 9422, 2629) հարուստ են զարդային, սյուժետային և ֆիգուրատիվ նկարներով, գեղարվեստական միջոցների բազմազանությամբ, լուսագունային երանգավորմամբ: Գռների և Ակների վանքերի Հովհաննես Արքաեղբոր մանրանկարչության դպրոցում են ստեղծվել Աստվածաշունչը (1263–66 թթ., Մատենադարան, ձեռագիր դ 4243), մեզ հասած առաջին աստվածաշնչյան գրքերից մեկը (1270 թ., Մատենադարան, ձեռագիր դ 345), 1287 թ-ի Ավետարանը (Մատենադարան, գրիչ՝ Հովհաննես Արքաեղբայր, ձեռագիր դ 197) և այլն: «Հովհաննես Արքաեղբոր Ավետարանը» (Մատենադարան, ձեռագիր դ 197) ոճական առումով, տերունական պատկերների հորինվածքային բարդությամբ ավելի մոտ է արքունական դպրոցի մանրանկարչական արվեստին: 
XIII դարի վերջին տասնամյակին Կիլիկյան Հայաստանի գրչարվեստը դեռևս իր բարձրության վրա էր, սակայն մանրանկարչությունը կրել է որոշակի փոփոխություններ: 1292 թ-ի «Հեթում Բ թագավորի Աստվածաշնչում» Ստեփանոս գրիչը (հավանաբար՝ նաև նկարիչը) հետևել է արքունական դպրոցի շքեղ ոճին. ստեղծել է նոր սխեմատիկ ոճ, որի ցայտուն արտահայտողը Սարգիս Պիծակի հայրն է՝ Գրիգորը:
Բարձր Հայքի և Արցախի մանրանկարչության դպրոցներ: Սելջուկյան ճնշումներից համեմատաբար ազատ բուն Հայաստանի արևմտյան մասերում (Բարձր Հայք, Խարբերդ և այլն) և Հայաստանից դուրս՝ հայաբնակ վայրերում (Եդեսիա, Երուսաղեմ և այլն) ստեղծված բարձրորակ ձեռագրերից է «Մշո Ճառընտիրը» (1200–02 թթ., գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս)՝ հայերեն ամենամեծ մագաղաթե մատյանը (55,5 սմ x 70,5 սմ, քաշը՝ 28 կգ): Բարձր Հայքի Երզնկա քաղաքում ստեղծված գլուխգործոց է 1269 թ-ին ընդօրինակված և մեզ հասած առաջին ամբողջական պատկերազարդ Աստվածաշունչը՝ «Երզնկայի Աստվածաշունչը» (գրիչներ՝ Մխիթար, Հակոբ և Մովսես), որի խորանների, անվանաթերթերի, սյուժետային պատկերների գծային նրբագեղությունը մոտ է կիլիկյան Աստվածաշունչ և այլ մատյանների: Տերունական նկարներով հատկապես առանձնանում է «Թարգմանչաց Ավետարանը» (1232 թ., գրիչ՝ Տիրացու, ծաղկող՝ Գրիգոր), որը գունային հակադրությունների դրամատիզմով կարող է համեմատվել X–XI դարերի Օթոնյան (գերմանական արքայատոհմ Հռոմեական սրբազան կայսրության մեջ) շրջանի գերմանական ձեռագրերի հետ: 
Արցախի վանքերում բազմաթիվ ձեռագրեր են հավաքվել Հայաստանի տարբեր վայրերից, սակայն այնտեղ պատկերազարդված սակավաթիվ ձեռագրեր են պահպանվել: 1224–61 թթ-ին Արցախում ստեղծված մի քանի Ավետարաններ լավ մշակված մագաղաթներով, մանրանկարների ոճով, ոսկու և գույների նրբությամբ, կառուցվածքով և տիտղոսաթերթերի հորինվածքով մոտ են մանրանկարիչ Իգնատիոսի` Անիում ստեղծած ձեռագրերին: Արցախից հայտնի են 1224 թ-ի Խորանաշատի (Վանենի թագուհու) Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 4823), Հասան-Ջալալյան իշխանի հայր Վախթանգ Տանգիկի և նրա տիկնոջ՝ Խորիշահի Ավետարանը (ծաղկող՝ Թորոս, Մատենադարան, ձեռագիր դ 378):
Գլաձորի մանրանկարչության դպրոց: Գործել է Գլաձորի համալսարանին կից գրչատանը, XIII դարի վերջից մինչև XIV դարի կեսը: Այստեղ են ստեղծագործել 3 նշանավոր մանրանկարիչներ Մոմիկը, Թորոս Տարոնացին և Ավագը: Գլաձորի մանրանկարչության դպրոցն առավել սերտորեն է առնչվել մոնումենտալ արվեստին և մշակույթի այլ բնագավառների (քանդակագործություն, ճարտարապետություն), քան գրքարվեստի մյուս դպրոցները: Թորոս Տարոնացու ծաղկած ձեռագրերի խորանները, լուսանցազարդերը և անվանաթերթերի զարդամոտիվները մեծ մասամբ կրում են կիլիկյան դպրոցի ազդեցությունը: Կիլիկյան ակունք ունի նաև որոշ ձեռագրերում (1318 թ-ի «Եսայի Նչեցու Ավետարանը», Մատենադարան, ձեռագիր դ 206, XIV դարի սկզբի Ավետարանը, Լոս Անջելեսի համալսարան, և այլն) Աստվածաշնչի կամ Ավետարանի յուրաքանչյուր դրվագ նկարազարդելու ձգտումը: Տերունական նկարներում ավելի ուժեղ են Մեծ Հայքի տարբեր դպրոցների ազդեցությունները: 
Գլաձորի մանրանկարչության դպրոցի վերջին վարպետը՝ Ավագը, սկզբում կրել է Մոմիկի և Թորոս Տարոնացու ազդեցությունը, հետագայում հասել է հոգեբանական ավելի մեծ արտահայտչականության: Նա խուսափել է բազմապլանայնությունից, Սարգիս Պիծակի նման կերպարներն ու մոտիվները (զարդեր, բնություն և այլն) բերել է մի հարթություն: Ավագն իր արվեստում օգտվել է և՜ կիլիկյան, և՜ գլաձորյան դպրոցների ավանդույթներից:
Տաթևի մանրանկարչության դպրոց: Գործել է Տաթևի համալսարանում (XIV դարի վերջից): Շարունակելով Գլաձորի դպրոցի ավանդույթները՝ դրանք հարստացրել է մոնումենտալ ոճի տարրերով (Գրիգոր Տաթևացու և նրա աշակերտի մանրանկարները՝ 1378 թ-ին ծաղկած Ավետարանում, որը գրվել է 1297 թ-ին, Մատենադարան, ձեռագիր դ 7482):
Տաթևի դպրոցի XV դարի սկզբի նկարիչներից էր Հայրապետը, որի նկարազարդած 1407 թ-ի Ավետարանից պահպանվել է միայն հիշատակարանը (Մատենադարան, պատառիկ 923): Լավագույն ձեռագրերից է նաև նրա ընդօրինակած Հայսմավուրքը (Մատենադարան, ձեռագիր դ 7361), որի զարդանկարներն առանձնանում են նրբությամբ ու գունագեղությամբ, դիմապատկերները՝ գեղանկարչական վարպետությամբ: 1496–1502 թթ-ին Աբրահամ ծաղկողը Տաթևում պատկերազարդել է 1495 թ-ին ընդօրինակված Ավետարանը (Մատենադարան, ձեռագիր դ 5303): 
Տաթևի դպրոցում նկարազարդվել են նաև բազմաթիվ այլ մատյաններ, որտեղ չկան թեմատիկ նկարներ, հարդարված են կիսախորաններով ու լուսանցազարդերով, մեծ մասամբ՝ գրաֆիկական ոճավորմամբ: 
Վասպուրականի մանրանկարչության դպրոց: Առավել նշանավոր էր XII–XV դարերում: Այստեղ թարգմանվել և ընդօրինակվել է ավելի քան 2 հզ. ձեռագիր, մի մասը՝ նկարազարդ: Մեզ հասած թեմատիկ նկարներ ունեցող առաջին ամբողջական մատյանը «Մլքե թագուհու Ավետարանն» է (IX դար, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր դ 114/86), որն ընդօրինակվել է 862 թ-ին, Վասպուրականում: Մյուս մատյաններն ստեղծվել են X–XI դարերում (Ավետարաններ, Մատենադարան, ձեռագիր դդ 10434, 10517), որոնց նկարներն Արծրունյաց թագավորության քաղաքական կյանքի և մշակույթի վերելքի արտահայտությունն են: 
XI դարի 30–40-ական թվականներից, սելջուկյան արշավանքների հետևանքով, մշակույթի առաջընթացն ընդհատվել է, և միայն XIII դարի 70-ական թվականներից է սկսվել ձեռագրերի ընդօրինակման ու պատկերազարդման նոր փուլը՝ Արճեշի, Արծկեի, Բերկրիի գրչության կենտրոններում: Հիմնականում պահպանվել են ազգային տեղական ավանդույթները (Սիմեոն Արճիշեցի, Խաչեր, Հովսիան, Մելքիսեդեկ, Վարդան Արծկեցի, Ստեփանոս), փոխվել է մանրանկարների կերպարային և ոճական ընդհանուր պատկերը: 
XIII–XIV դարերում, մանրանկարների ընդհանուր ոճի դրսևորումներին զուգահեռ, կարևորել են նաև դեկորատիվ-հարթապատկերային ձևերը: Դպրոցի վերելքի շրջանում բյուրեղացել ու ավարտուն տեսք է ստացել մանրանկարչության ոճը, աշխույժ գործունեություն է ծավալվել Աղբակում, Աղթամարում, Խիզանում, Նարեկում, Խլաթում և մյուս կենտրոններում: 
Վասպուրականի դպրոցին բնորոշ ուշագրավ նմուշներ է ստեղծել Կիրակոս Աղբակեցին [1318–19 թթ-ի (ձեռագիր դ 4817), 1330 թ-ի (ձեռագիր դ 2929) և այլ Ավետարաններ, Մատենադարան]: Նրան հաջորդել են Զաքարիա Աղթամարցին (պատկերազարդած ձեռագրերից 14-ը Մատենադարանում են), Ծերուն Ծաղկողը (Մատենադարանում են 5 ձեռագիր, 1 Ճառընտիր), Հովհաննես Խիզանցին (1401 թ-ի Ավետարանը, Մատենադարան, ձեռագիր դ 4223, և այլն) և ուրիշներ: XV դարի վերջից տեղական ավանդական ձևերը կորցրել են իրենց կենսունակությունը, իսկ XVII դարի վերջից Վասպուրականի դպրոց են թափանցել նոր ժամանակների միտումներն ու նախասիրությունները: 
Ղրիմի մանրանկարչության դպրոց: Նշանավոր կենտրոններն էին Սուրխաթը (այժմ՝ Ստարի Կրիմ) և Կաֆան (այժմ՝ Թեոդոսիա), որտեղ ստեղծագործել են Գրիգոր Սուքիասանցը, Առաքելը, անվանի գրիչ Նատերի որդիներ Ավետիսն ու Ստեփանոսը, վերջինիս որդի Հովհաննեսը: Ղրիմի դպրոցի լավագույն ձեռագրերից են Առաքելի պատկերազարդած Ճաշոցը (1356 թ., Մատենադարան, ձեռագիր դ 7408) և Հովհաննեսի պատկերազարդած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1401 թ., Մատենադարան, ձեռագիր դ 3863): 
Սուրխաթի, Կաֆայի, Ղարասուբազարի (այժմ՝ Բելոգորսկ) գրչության կենտրոններն ակտիվ շփվել են իտալացիների և հույների հետ, ուստի` հայ մանրանկարիչների գործերում ակնհայտ է ոչ միայն կիլիկյան և Մեծ Հայքի դպրոցների, այլև XIII–XIV դարերի բյուզանդական արվեստի ազդեցությունը: XVII դարի Ղրիմի մանրանկարիչներից են Խասպեկը (1666 թ-ի Ավետարան, Մատենադարան, ձեռագիր դ 6606), Նիկողայոս Ծաղկարարը (1684 թ-ի Ավետարան, Մատենադարան, ձեռագիր դ 6341) և ուրիշներ:
Նոր Ջուղայի մանրանկարչության դպրոց: Խոշոր ներկայացուցիչը Հակոբ Ջուղայեցին է. պահպանվել են նրա պատկերազարդած 8 ձեռագրերը, որոնցից 6-ն Ավետարան են: Նա, շարունակելով Վասպուրականի դպրոցի ավանդույթները, ստեղծել է նոր որակ:
XVII–XVIII դարերում, հայ գրքի տպագրական մշակույթի զարգացմանը զուգընթաց, մանրանկարչությունն աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին:
ՀՀ-ում 1992 թ-ից նորաստեղծ հայորդաց տների համակարգում գործում են մանրանկարչության դասարաններ, 1993 թ-ից՝ Մանրանկարչության արվեստի կենտրոնը:

   «Հայկական ձեռագրական գեղանկարչությունն իր բացառիկ ինքնատիպությամբ, խորաթափանցությամբ և ստեղծագործական ներշնչվածությամբ, հորինվածքային և զարդանկարչական գեղեցկությամբ ու համաչափությամբ, գույների մաքրությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես նաև կատարման բարձր վարպետությամբ իր ուրույն տեղն ունի գեղարվեստի համաշխարհային գանձարանում»:
Լիդիա Դուռնովո, 
ռուս արվեստաբան