Այբուբեն
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
ԶԾՆՎՖ
ԷԿՇՏ
ԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
Արագ Որոնում


Մատենադարանի այս 
ձեռագիր ժողովածուն ներառում է Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի 
Պատմություններն ու 
«Դաշանց թուղթը»:
Մանրանկար «Հեթում Բ թագավորի Ճաշոց»-ից 
(1286 թ., Մատենադարան)
Զմմառի վանքի մատենադարանի 
ընթերցասրահի հանրագիտարանների 
բաժինը
Մատենադարանի շենքը (1945–57 թթ., ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան)
Մատենադարանի շենքի առջևի արձանախումբը. կենտրոնում` Մեսրոպ Մաշտոց, ձախից` Թորոս Ռոսլին, 
Գրիգոր Տաթևացի, Անանիա Շիրակացի, Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Ֆրիկ
«Հովհաննես Որոտնեցին և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացին», մանրանկար (1721–23 թթ., 
Մատենադարան)
Մատենադարանը ձեռագիր մատյանների գրապահոց է, գիտամշակութային կենտրոն: Գրավոր աղբյուրներում այս պահոցները հիշատակվում են նաև 
«գրատուն», «գրանոց», «թանգարան», «դիվան» և այլ անուններով:

Մատենադարանի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից: Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ: V դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում: 
Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170 թ-ին սելջուկ թյուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10.000 ձեռագիր, իսկ Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242 թ-ին Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ: 1298 թ-ին եգիպտական հրոսակներն ավերել են Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը՝ իրենց հետ տանելով բազմաթիվ գրչագրեր: Առաքել Դավրիժեցին արձանագրել է Էջմիածնի գրատան կողոպուտը XVII դարում: Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թ-ին, որի մասին վկայել է Ներսես Ե Աշտարակեցին: 
Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակույթի կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ: Բազմաթիվ մատյաններ փրկվել են եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ: Այդուհանդերձ, Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների (Երուսաղեմ, Վենետիկ, Վիեննա, Նոր Ջուղա, Բեյրութ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թիֆլիս, Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք, Լոս Անջելես և այլն) գրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 31.000 հայերեն ձեռագրեր:
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան (Մատենադարան)
Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանն է (հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան): Այն ստեղծվել է 1921 թ-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում: Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ:
1920–30-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են:
 1939 թ-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան: 1945 թ-ին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թ-ին: 1959 թ-ին Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենքը. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները: Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև Մովսես Խորենացու, Անանիա Շիրակացու, Մխիթար Գոշի, Թորոս Ռոսլինի, Ֆրիկի, Գրիգոր Տաթևացու բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը:
1962 թ-ին Մատենադարանը կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով: Այստեղ պահվում է շուրջ 17.260 ձեռագիր, որից ավելի քան 11.180-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, հմայիլներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն և այլն) ձեռագրեր: Արխիվային ֆոնդում պահպանվում են 100.000-ից ավելի վավերագրեր: 
Մատենադարանն ունի մատենագիտության ու բնագրագիտության, հին մատենագրության (V–XIII դարեր) և մանրանկարչության ուսումնասիրման, ձեռագիր մատյանների ու դիվանական փաստաթղթերի պահպանության, վերականգնման, պատճենահանման, թվայնացման բաժիններ, ինչպես նաև հայագիտական հարուստ գրադարան և պարբերական մամուլի պահոց: Մատենադարանի խնդիրները հին ձեռագրերի պահպանումն ու վերականգնումն են, պատճենահանումն ու թվայնացումը, ձեռագիր հուշարձանների հավաքումը, հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմումը, միջնադարյան տարաբնույթ բնագրերի, ինչպես նաև հայկական մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությունն ու հրապարակումը, միջնադարյան հայկական աղբյուրներն օտար լեզուներով թարգմանելն ու հրատարակելը, գիտահանրամատչելի գրքույկների միջոցով հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի տարածումը և այլն:
Տարեցտարի ավելացող ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանության համար Մատենադարանի շենքին հարող սարալանջի տակ կառուցվել են ստորգետնյա պահոցներ: 2009 թ-ից սկսվել են Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները:
Մատենադարանը նաև բացառիկ թանգարան է: 
1941 թ-ից լույս է տեսնում «Բանբեր Մատենադարանի» գիտական պարբերականը (1941 և 1950 թթ-ին՝ «Գիտական նյութերի ժողովածու»), հրատարակվում են «Հայ մշակույթ», «Հայկական մանրանկարչություն» հանրամատչելի գրքույկների մատենաշարերը (հայերեն և օտար լեզուներով), որոնք ներկայացնում են հայ միջնադարյան մշակույթը: 



Մատենադարանի այս 
ձեռագիր ժողովածուն ներառում է Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի 
Պատմություններն ու 
«Դաշանց թուղթը»:



«Մարգարեների տոհմածառը», մանրանկար Մինասի Ճաշոցից (1460 թ., 
Մատենադարան)

«Եսայի Նչեցի», 
մանրանկար Աստվածաշնչից (1318 թ., Մատենադարան)

   Հայերեն ձեռագրերի հարուստ հավաքածուներով հայտնի են Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի (շուրջ 7600 միավոր), Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանքի (շուրջ 4000 միավոր), Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի (ավելի քան 1200 միավոր), Զմմառի վանքի (Բեյրութ, շուրջ 1600 միավոր), Նոր Ջուղայի (ավելի քան 700 միավոր) մատենադարանները:
   Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը VII դարում ընդօրինակված «Վեհամոր Ավետարանն» է, որի վրա ձեռքը դնելով՝ երդվել են ՀՀ 3 նախագահները: 
   Հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանը 1200–02 թթ-ին գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է (55,3 սմ x 70,5 սմ), կշիռը՝ 28 կգ, իսկ ամենափոքր ձեռագիրը 1434 թ-ի «Տոնացույցն» է (3 սմ x 4 սմ), կշիռը՝ 19 գ:
   «Տասնհինգ դարեր են լռում այս պատերի մեջ, և ես լսում եմ նրանց լռությունը»:
Դերենիկ Դեմիրճյան, 
գրող

   «Անհնարին է գլուխ չխոնարհել հարազատ հայ ժողովրդի հին և միջնադարյան մշակույթի առջև: Անհնարին է չհպարտանալ նրա հոյակապ պատմական անցյալով: Անհնարին է չուրախանալ այն բանի համար, որ իմ ժամանակակիցներն այսպիսի սիրով ու ավյունով են ձեռնարկել այս թանկարժեք նյութերի ուսումնասիրությունը: Չեմ կասկածում, որ Երևանը մոտ ապագայում կդառնա մշակութային կենտրոններից մեկը...»:
Լևոն Օրբելի, 
ֆիզիոլոգ

   «Իմաստության ու քերթության հին, սրբազան գրքերն այստեղ շարունակում են ապրել որպես չորացած վարդեր, որոնք դեռ լի են անտեսանելի սերմերով»:
Պաբլո Ներուդա, 
չիլիացի գրող