Այբուբեն
BBBBBԷԿՇՏ
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
Արագ Որոնում


Նազարբեկյան Թովմաս
1855 թ., Թիֆլիս
1931 թ., Թիֆլիս
Թովմաս Նազարբեկյանը (Նազարբեկով) ռազմական գործիչ է, 
ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի առաջին հանրապետության 
բանակի գեներալ-լեյտենանտ: 1918 թ-ի Մայիսյան հերոսամարտերը 
տեղի են ունեցել նրա ընդհանուր հրամանատարությամբ: 

Թովմաս Նազարբեկյանը 1874 թ-ին ավարտել է Մոսկվայի ռազմական գիմնազիան, 1876 թ-ին՝ Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանը: Աչքի է ընկել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական (Արդահանի գրոհի ժամանակ) և 1904–05 թթ-ի ռուս-ճապոնական (Մուկդենի ճակատամարտում պարգևատրվել է ոսկե սրով) պատերազմներում: 
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, եղել բրիգադի, 1915 թ-ին՝ Կովկասյան 2-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: Նազարբեկյանի դիվիզիայում են գործել Հայկական կամավորական ջոկատները: 1915 թ-ի ապրիլի 17–18-ին Դիլմանի մոտ (Սալմաստի գավառ) Նազարբեկյանի հրամանատարությամբ ռուսական զորամասերը և Անդրանիկի ջոկատը (1200 զինվոր) ջախջախել են Խալիլ բեյի թուրքական կորպուսը: 1916 թ-ին Նազարբեկյանը նշանակվել է Կովկասյան 4-րդ կորպուսի` Վան–Կոփ ուղղությամբ գործող զորքերի խմբավորման, 1917 թ-ին՝ ռուսական բանակի կազմում ստեղծված Հայկական ազգային կորպուսի հրամանատար: 1918 թ-ի ապրիլին Նազարբեկյանը, որ ստանձնել էր նաև ռազմաճակատի հրամանատարությունը, դեմ էր անդրկովկասյան նոր կառավարության նախագահ Ակակի Չխենկելու՝ Կարսն առանց կռվի թուրքերին հանձնելու կարգադրությանը: Սակայն հետևել է Չխենկելու երկրորդ հրամանը, որին Նազարբեկյանն ստիպված ենթարկվել է: 
1918 թ-ի մայիսին Նազարբեկյանի ընդհանուր հրամանատարությամբ հայկական զորքերն ու կամավորները Բաշ Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում հաղթել, իսկ Ղարաքիլիսայում կասեցրել են թուրքական զորքերի առաջխաղացումը: Հայաստանի առաջին հանրապետության օրոք (1918– 1920 թթ.) Նազարբեկյանը, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, շարունակել է զինվորական ծառայությունը. 1919 թ-ի մարտից եղել է հանրապետության ռազմական խորհրդի նախագահ և զորահրամանատար (սպարապետ): Նրա որոշմամբ՝ հայ զինվորն ունեցել է հատուկ համազգեստ՝ ռուսականի փոխարեն, հայերեն է թարգմանվել զինվորական կանոնագիրքը, հայերենով են տրվել հրամանները: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1921 թ-ի հունվարին, ի թիվս հայոց բանակի շուրջ 1400 սպաների, Նազարբեկյանն աքսորվել է Ռյազան (ՌԽՖՍՀ), ազատվելուց հետո (1921 թ-ի մայիս) բնակվել է Թիֆլիսում:
Պարգևատրվել է ռուսական մարտական տարբեր աստիճանների շքանշաններով. Սբ Ստանիսլավի I և III (1915 և 1878 թթ.), Սբ Աննայի I–III (1915 և 1878 թթ.), Սբ Գեորգիի IV (1916 թ.), Սբ Վլադիմիրի II և III (1916 և 1905 թթ.):
1994 թ-ին Երևանում լույս է տեսել Թովմաս Նազարբեկյանի «Հայկական կորպուսն ընդդեմ թուրքական զորքերի (1917 թ. նոյեմբեր – 1918 թ. հուլիս)» հուշերի գիրքը:

   «Վախկոտը մեռնում է յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե, խիզախը՝ միայն մեկ անգամ»:
Թովմաս Նազարբեկյան