Այբուբեն
8ԵԾՇՐ
8'ԶԿՈՑ
AAAAAԷՀՉՈւ
BBBBBԸՁՊՓ
OWNEEԹՂՋՔ
ԱԺՃՌՕ
ԲԻՄՍՖ
' encԳԼՅՎ
' encԴԽՆՏ
Արագ Որոնում


Ռավել Մորիս
1875 թ., ք. Սիբուր, 
Ատլանտյան Պիրենեյներ դեպարտամենտ, 
Ֆրանսիա
1937 թ., Փարիզ
 Մ. Ռավելի «Բոլերո» բալետի բեմադրության  հայտագիր
Ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահար Մորիս Ռավելը XX դարի 
խոշորագույն արվեստագետներից է, դաշնամուրային նոր ոճի սկզբնավորողներից, երաժշտության մեջ զարգացրել է իմպրեսիոնիզմի սկզբունքները:

Մորիս Ռավելի հայրը շվեյցարացի էր, մայրը՝ բասկ: 1882 թ-ին աշակերտել է Անրի Գիզին (դաշնամուր), 1887 թ-ին՝ Շառլ Ռենեին (հարմոնիա): 1905 թ-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դաշնամուրի (դասատու՝ Շառլ Վիլֆրիդ դը Բերիո) և ստեղծագործական (դասատու՝ Գաբրիել Ֆորե) բաժինները: Նրա վաղ շրջանի գործերը կրել են Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Բորոդինի ազդեցությունը: 1900-ական թվականներին ճանաչվել է երաժշտական փոքր ստեղծագործությունների վարպետ: 1905–14 թթ-ին՝ ստեղծագործական առավել բեղուն շրջանում, հաստատվել են Ռավելի արվեստի սկզբունքները, բյուրեղացել է նրա ինքնատիպ, վառ ու գունեղ ոճը: 
1915–17 թթ-ին նա կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.): 
1917 թ-ին Ռավելը գրել է «Կուպերենի դամբարանը» դաշնամուրային շարքը, որը նվիրել է պատերազմում զոհված իր ընկերների հիշատակին: Հետպատերազմյան տարիներին կոմպոզիտորն իր ստեղծագործության մեջ առավել կարևորել է դրամատիկական խստաշունչ կերպարների դերը, ավելի զուսպ դարձրել արտահայտման եղանակը: 
Իբրև դաշնակահար և դիրիժոր՝ Ռավելը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում: 
Դաշնամուրային նոր՝ իմպրեսիոնիստական ոճի ստեղծագործություններից են «Ջրի խաղը» երաժշտական պիեսը, «Արտացոլումներ» և «Գիշերային տեսիլներ» շարքերը: «Իսպանական ժամ», «Մանուկն ու հրաշքը» օպերաներում, «Բնական պատմություններ» վոկալ շարքում դրսևորվել են նրա նվաճումները երաժշտական դեկլամացիայի (արտասանության) ոլորտում: «Դափնիս և Քլոե», «Վալս», «Բոլերո» բալետներով և նվագախմբային «Իսպանական ռապսոդիայով» Ռավելը ճանաչվել է տաղանդավոր սիմֆոնիստ և գործիքավորման չգերազանցված վարպետ (լավագույններից է նաև Մ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային սյուիտների շարքի նվագախմբային փոխադրումը): 
1925 թ-ին Ռավելն ավարտել է «Մանուկն ու հրաշքը» նորարարական օպերան, որտեղ առաջին անգամ օգտագործել է իր ստեղծած գործիքը՝ էլիոֆոնը (նմանակել է քամու ձայները): 1932 թ-ին նա անվանի դաշնակահարուհի Մարգարիտա Լոնգի հետ հյուրախաղերով շրջագայել է Եվրոպայում: 
Ավտովթարի պատճառով անավարտ է թողել «Ժաննա դ’Արկ» բալետը: 
Կոմպոզիտորն իր վերջին՝ «Երեք երգ» ստեղծագործությունը գրել է «Դոն Կիխոտ»  ֆիլմի (1933 թ.) գլխավոր դերակատար, ռուս նշանավոր երգիչ Ֆեոդոր Շալյապինի համար: Ռավելի երկերի մեծ մասը սերտորեն առնչվում է իսպանական թեմատիկային և երաժշտությանը: Նրա գործերին բնորոշ է պարային ժանրերի և ռիթմերի ուրույն վերաիմաստավորումը: Ջազային երաժշտության տարրեր կան ձախ ձեռքի համար գրած դաշնամուրի կոնցերտում (նվիրել է պատերազմում աջ ձեռքը կորցրած ավստրիացի դաշնակահար Պաուլ Վիտգենշտայնին) և ջութակի ու դաշնամուրի սոնատում:
Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդության պատճառով գրեթե չի ստեղծագործել:
Ռավելը եղել է Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր (1928 թ.):

   Ռավելի «Բոլերո» բալետը Երևանի օպերայի և բալետի  թատրոնում բեմադրվել է 1962 թ-ին (բալետմայստեր` Եվգենի Չանգա, նկարիչ` Մինաս Ավետիսյան):
  1928 թ-ին Ռավելը գրել է իր հայտնի «Բոլերոն», որը նվիրել է ռուսական բալետի մենապարուհի Իդա Ռուբինշտեյնին (առաջին կատարողն է): «Բոլերոն» XX դարի ֆրանսիական սիմֆոնիկ երաժշտության գոհարներից է: Նույն թվականին բեմադրվել է Փարիզի «Գրանդ օպերա», ապա՝ աշխարհի այլ թատրոններում: