Այբուբեն
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
BBBBBԷԿՇՏ
Արագ Որոնում


Ռաֆայել  Սանտի
1483 թ., ք. Ուրբինո, Իտալիա
1520 թ., Հռոմ 
(թաղված է Պանթեոնում)

«Ինքնանկար» (1506 թ.)
Ռաֆայել. «Աթենքի 
դպրոցը», որմնանկար 
(1510–11 թթ., Հռոմի պապի աշխատասենյակ)
«Երեք գեղուհիներ» (1503–04 թթ.)
Ռաֆայել. «Սողոմոնի դատաստանը», որմնանկար
(1518–19 թթ., Հռոմի պապի աշխատասենյակ)
«Պայծառակերպություն» (1518–20 թթ.)
Իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը ֆլորենտական դպրոցի խոշոր ներկայացուցիչներից է: Նրա արվեստը Բարձր Վերածննդի 
ամենափայլուն արտահայտություններից է և մեծապես նպաստել է 
եվրոպական ակադեմիզմի սկզբնավորմանը:

Ռաֆայելը [իսկական անուն-ազգանունը՝ Ռաֆայելլո Սանտի (Սանցիո)] նկարչության դասեր է առել հորից՝ Ջովաննի Սանտիից, 1500 թ-ից Պերուջայում հաճախել է նշանավոր նկարիչ Պիետրո Պերուջինոյի արվեստանոց: Ստեղծագործության վաղ շրջանում նա հենվել է Պերուջինոյի փորձի վրա, ապա այն ինքնատիպորեն զուգակցել է Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի և Ֆրա Բարտոլոմեոյի գեղանկարչական նորարարությունների հետ: 
Վաղ շրջանի գործերն աչքի են ընկնում նրբագեղությամբ ու քնարականությամբ («Ասպետի երազը», «Կոնեստաբիլեի տիրամայրը», երկուսն էլ՝ մոտ 1500–02 թթ.): 1504 թ-ին Ռաֆայելը մեկնել է Ֆլորենցիա. ուսումնասիրել է տեղի հռչակավոր նկարիչների գործերը, նաև անատոմիա և հեռանկարչություն: Նա ճանաչվել է Ավագ խորանների համար ստեղծած բազմաթիվ պատկերներով («Մարիամի նշանադրությունը», 1504 թ., և այլն): Ռաֆայելի 1504– 1508 թթ-ի տիրամայրերը («Գրանդուկայի տիրամայրը», «Տիրամայրը կանաչների մեջ», «Տիրամայրը մանկան և Հովհաննես Մկրտչի հետ» և այլն) առանձնանում են հովվերգական երանգներով: 
1508 թ-ին Հուլիոս II պապը նրան հրավիրել է Հռոմ՝ աշխատելու Վատիկանի պալատում: Հռոմում արվեստագետը նաև ծանոթացել է անտիկ հուշարձաններին, մասնակցել պեղումների: Նրան պատվիրել են Վատիկանի պալատում որմնանկարել պապի 3 սենյակներն ու դրանց կից սրահը (1509–17 թթ.): Պալատի լավագույն գործերից է «Աթենքի դպրոցը» (1510–11 թթ.) որմնանկարը, որտեղ պատկերված են անտիկ խոշոր փիլիսոփաներն ու գիտնականները՝ Պլատոնը, Արիստոտելը, Սոկրատեսը, Դիոգենեսը, Պյութագորասը, Էվկլիդեսն ու Հերակլիտեսը: Ուշագրավ է, որ Սոկրատեսի կերպարում հեղինակը պատկերել է Լեոնարդո դա Վինչիին, իսկ մտախոհ ու մռայլ Հերակլիտեսը նման է Միքելանջելոյին. որմնանկարի գրեթե եզրին նկարիչը պատկերել է իրեն: 
Պալատի մյուս որմնանկարներում [«Դիսպուտ» («Բանավեճ»), «Պառնաս», «Էլիոդորոյի արտաքսումը» և այլն] նույնպես Ռաֆայելը փառաբանել է մարդու երկրային կյանքը, ֆիզիկական ու հոգևոր ուժերի ներդաշնակությունը: Նա ստեղծել է նաև պաստառագորգի (շպալեր) համար նախանկարներ, որոնք տոն օրերին զարդարելու էին Սիքստինյան կապելլայի (փոքր կառույց կամ առանձնացված սենյակ՝ ընդհանուր կառույցում) պատերը: 
Անտիկ շրջանի զգայական գեղեցկության պաշտամունքի ոգով է տոգորված Հռոմի Ֆառնեզինա վիլլայի «Գաղատեայի հաղթարշավը» (1514 թ.) որմնանկարը: Նա ստեղծել է նաև դիմանկարներ՝ «Ինքնանկար» (1506 թ.), «Հուլիոս II-ի դիմանկարը» (մոտ 1511 թ.), «Դոննա Վելատա» (մոտ 1514 թ.), «Բալտազար Կաստիլիոնեի դիմանկարը» (1514–15 թթ.) և այլն: Այս շրջանում Ռաֆայելի նկարած տիրամայրերն առանձնանում են մայրության առավել ընդգծված կերպավորմամբ («Ալբայի տիրամայրը», մոտ 1510–11 թթ., «Տիրամայրը բազկաթոռում»): Սակայն ամենանշանավորը նրա «Սիքստինյան տիրամայրն» է (1515–19 թթ.), որտեղ նկարիչը ներդաշնակորեն համադրել է տագնապի ու քնքշանքի տրամադրությունը. հասարակ զգեստով ու ոտաբոբիկ Սբ Մարիամը վաղուց դարձել է մայրական սիրո խորհրդանիշը:
Կյանքի վերջին շրջանում պատվերներն այնքան շատ էին, որ դրանց մի մասը նկարիչը հանձնարարել է իր աշակերտներին և օգնականներին, հատկապես Ջուլիանո Ռոմանոյին:
Դոնատո Բրամանտեի մահից հետո Ռաֆայելը դարձել է Հռոմի Սբ Պետրոսի տաճարի գլխավոր ճարտարապետը (կազմել է բազիլիկի հատակագիծը), ավարտել Բրամանտեի կիսատ թողած` Վատիկանի պալատի շինարարությունը: Կառուցել է նաև շրջանաձև հատակագծով Սանտ Էլիջո դելյի Օրեֆիչի եկեղեցին (1509 թ-ից) և Սանտա Մարիա դել Պոպոլո եկեղեցու Կիջի կապելլան (1512– 1520 թթ.), ինչպես նաև պալլացցոներ (պալատ, օրինակ՝ Պանդոլֆինին՝ Ֆլորենցիայում): Սակայն Ռաֆայելի ամենահետաքրքիր ճարտարապետական մտահղացումը Հռոմի Մադամա վիլլան է (1517 թ-ից շինարարությունը շարունակել է Անտոնիո դա Սանգալլո Կրտսերը, մնացել է անավարտ): 
Այդ գործերում Ռաֆայելը պալատի ճակատի հարդարանքն ու մակերևույթը մշտապես ներդաշնակել է շրջակա կառուցապատման առանձնահատկությունների, շինության չափերի և նշանակության հետ, յուրաքանչյուր կառույցին հաղորդել եզակի շքեղություն:
Ռաֆայելը նաև գրել է սոնետներ: 
Ռաֆայելի գործերից պահվում են Ֆլորենցիայի Պիտտի, Ուֆֆիցի, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի էրմիտաժ և այլ թանգարաններում: 
Ռաֆայելի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա:

   «Ռաֆայելը գեղանկարչության մեծագույն հանճարը կլիներ, եթե նույնիսկ կռնատ ծնվեր»:
Գոտհոլդ Լեսսինգ, 
գերմանացի դրամատուրգ, արվեստի տեսաբան
  «Այստեղ հանգչում է Ռաֆայելը. երբ նա ապրում էր, բնությունը վախենում էր պարտվել նրան, իսկ նրա մահվանից հետո վախենում էր մեռնել...»,– գրված է Ռաֆայելի տապանաքարին:
   «Միքելանջելո... Սիրում եմ կորչել նրա գործերում՝ ինչպես հարուստ ու հզոր լեռներում... Սակայն Ռաֆայելն է իսկական երկինքը: Ինչպիսի՛ պայծառ հանդարտություն ունեն նրա գծերը, ինչպիսի՛ ուժ»:
Պաբլո Պիկասսո, 
ֆրանսիացի նկարիչ