Այբուբեն
BBBBBԷԿՇՏ
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
Արագ Որոնում


1953 թ-ին Է. Հիլլարին և Ն. Տենցինգը առաջինը նվաճեցին աշխարհի ամենաբարձր լեռնագագաթը` Ջոմոլունգման (Էվերեստը` 8848 մ):
Ալպինիստները Արարատ բարձրանալիս.3000 մ բարձրության վրա և Արարատի գագաթին (2007թ.)
Ալպինիզմը մարզաձև է, վերելք դեպի դժվարամատչելի լեռնագագաթները: Այն ներառում է նաև բարձրլեռնային զբոսաշրջությունը: Ալպինիզմն ունի նաև գիտական և գործնական` լեռներն ու սառցադաշտերն ուսումնասիրելու, բարձրլեռնային օդերևութաբանական կայաններ կազմակերպելու նպատակ: 
Ալպինիզմի ձևավորման սկիզբը համարվում է 1786 թ., երբ 2 շվեյցարացի՝ գյուղացի Ժ. Բալման և բժիշկ Մ. Պակկարը առաջինը նվաճեցին Ալպերի (որտեղից էլ առաջացել է անվանումը) ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը (4810 մ): 
Հայաստանում ալպինիստական առաջին արշավն իրականացվել է 1829 թ-ի սեպտեմբերի 27-ին, երբ Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաք) համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը և Խ. Աբովյանը բարձրացան Արարատի (Մեծ Մասիս) գագաթը (5165 մ): 1845 թ-ի հուլիսի 29-ին Արարատի գագաթն է բարձրացել գերմանացի երկրաբան Հ. Աբիխը՝ թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ: 1896 թ-ի սեպտեմբերի 14-ին Արարատը նվաճել է նաև Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր Ի. Աբելյանը: Հայաստանում ալպինիստական արշավներ են կազմակերպվում դեպի Արագած (4090 մ), Կապուտջուղ (3904 մ), Մեծ Իշխանասար (3550 մ) լեռնագագաթները: 1935 թ-ին հայ ալպինիստները նվաճել են Մեծ Կովկաս լեռնային համակարգի ամենաբարձր՝ Էլբրուս գագաթը (5642 մ): 
1951թ-ին Երևանի ֆիզկուլտուրնիկի տանը ստեղծվել է ալպինիստական ակումբ, իսկ 1960-ից գործում է Ալպինիզմի հանրապետական ֆեդերացիան: Հայ ալպինիստներից առավել հաջողության են հասել ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Վ. Գալուստովը (ԽՍՀՄ եռակի չեմպիոն), սպորտի վարպետներ Ա. Հակոբյանը, Ս. Հարությունյանը, Ա. Չատինյանը, միջազգային կարգի սպորտի վարպետ Ս. Մուրադյանը: 
1991 թ-ի սեպտեմբերի 23-ին Հայաստանի ալպինիստների մի խումբ, որի կազմում էին Ա. Աղաբաբյանը, Գ. Տատուրյանը, Հ. Տոնոյանը և Ա. Մայիլյանը, բարձրացավ Արարատ լեռան գագաթը՝ այդ նվաճումը նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմանը: Այդ ժամանակից սկսած` բազմաթիվ հայ ալպինիստներ նվաճել են Արարատի գագաթը: 
Առավել նշանավոր էր 2007 թ-ի հուլիսի 9-ին Արարատ լեռան գագաթը նվաճած ամենամեծ՝ 9-հոգանոց խմբի վերելքը, որի կազմում էր միջազգային սպորտի վարպետ, ճարտարապետ, 78-ամյա  Ս. Մուրադյանը: