Այբուբեն
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
ԷԾՅՌՓ
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
Արագ Որոնում


Մրջնաթթու
Քացախաթթու
Կաթնաթթու
Կիտրոնաթթու
Ջրածնային ցուցիչի մաթեմատիկական արտահայտությունը
R-ը ռադիկալն է, -COOH-ը՝ կարբօքսիլային խումբը:
Թթուները քիմիական նյութեր են, որոնց մոլեկուլները բաղկացած են մետաղների ատոմներով տեղակալվելու ընդունակ ջրածնի մեկ կամ մի քանի ատոմներից և թթվային մնացորդից: Թթուները ջրում առաջացնում են H+ իոններ: Այդ իոնների առկայությամբ էլ պայմանավորված են թթուների ջրային լուծույթների հատկությունները՝ թթու համը, քիմիական ինդիկատորների գույնը փոխելու ունակությունը և այլն: Ըստ մոլեկուլից պոկվող պրոտոնների թվի՝ թթուները լինում են միահիմն (HCl, HNO3, CH3COOH), երկհիմն (H2SO4, H2CO3), եռհիմն (H3PO4): Որքան մեծ է թթվի իոնների տրոհման` դիսոցման աստիճանը, այնքան այն ավելի ուժեղ է:
Ըստ բաղադրության` թթուները լինում են թթվածնավոր (HNO3, H2SO4, H2CO3, H3PO4 և այլն) և անթթվածին (HCl, HBr, HF, H2S և այլն):
Հիմքերը քիմիական նյութեր են, որոնց մոլեկուլները բաղկացած են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիդ խմբից: Հիմքերը ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիդ իոններ՝ OH-: Ըստ դիսոցման աստիճանի մեծության՝ հիմքերը լինում են ուժեղ, միջին և թույլ: Ուժեղ հիմքերը կոչվում են ալկալիներ: Ըստ մոլեկուլում պարունակած հիդրօքսիդ իոնների թվի` հիմքերը լինում են միաթթու (NaOH, KOH), երկթթու [Ca(OH)2, Ba(OH)2] և այլն: Հիմքերը փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:
Ըստ թթուների ջրածնային տեսության՝ թթուների թթվային հատկությունները վերագրվում են միայն մետաղների ատոմներով տեղակալվելու ունակ ջրածնի ատոմներին: Ըստ էլեկտրոլիտային դիսոցման տեսության՝ թթուները ջրային լուծույթում դիսոցվում են՝ որպես կատիոն առաջացնելով միայն ջրածնի իոններ, իսկ որպես անիոն՝ թթվային մնացորդի իոններ: Հիմքերը դիսոցվելիս որպես անիոն առաջացնում են միայն հիդրօքսիդ իոններ, իսկ որպես կատիոն՝ մետաղի իոններ:
Թթուների և հիմքերի վերաբերյալ ժամանակակից տեսություններից գործնական նշանակություն ունեն դանիացի քիմիկոս Ի. Բրենստեդի պրոտոնային և ամերիկացի քիմիկոս Գ. Լյուիսի էլեկտրոնային տեսությունները: Ըստ պրոտոնային տեսության՝ թթու համարվում է ցանկացած մոլեկուլ կամ իոն, որը տալիս է պրոտոն՝ H+, իսկ հիմք համարվում է ցանկացած մոլեկուլ կամ իոն, որն իրեն միացնում է պրոտոն: Ըստ էլեկտրոնային տեսության՝ թթուները էլեկտրոնային զույգի վերցնողներ (ակցեպտորներ) են, օրինակ՝ BF3, AlCl3, SnCl2 և այլն, իսկ հիմքերը՝ էլեկտրոնային զույգի տվողներ (դոնորներ), օրինակ՝ NH3, ամիններ և այլն: Թթուների և հիմքերի փոխազդեցությունների ժամանակ թթվի էլեկտրոնների պակասը լրացվում է հիմքի էլեկտրոնների ավելցուկի հաշվին, և առաջանում է էլեկտրոնների ավելի կայուն խմբավորմամբ նոր միացություն՝ աղ:
Թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են: Աղաթթուն, ծծմբական թթուն, ազոտական թթուն մեծ կիրառություն ունեն ժողովրդական տնտեսության մեջ: Թթուները բազմազան ֆունկցիաներ են կատարում կենդանի օրգանիզմում. մասնակցում են բազմաթիվ կենսաքիմիական շարժընթացների: Ողնաշարավորների ստամոքսի լորձաթաղանթի գեղձերն արտադրում են աղաթթու, որը նպաստում է մարսողությանը և ոչնչացնում սննդի հետ ստամոքս մտած մի շարք վնասակար բակտերիաներ: Ստամոքսի հիվանդությունների ժամանակ աղաթթվի քանակությունը (0,3%) ստամոքսում նվազում կամ աճում է: Առաջինի դեպքում հիվանդին նշանակում են աղաթթվի նոսր լուծույթ՝ ստամոքսի հյութազատության խթանման համար: 
Ազոտական թթուն օգտագործվում է պարարտանյութերի, պայթուցիկ նյութերի, ծծմբական թթվի, ներկանյութերի, նիտրոմիացությունների արտադրության, գունավոր մետաղաձուլության մեջ, հրթիռային տեխնիկայում: Ծծմբական թթուն կիրառվում է հանքային պարարտանյութերի, թթուների, աղերի, ներկանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության, մետաղամշակման, տեքստիլ, կաշվի, նավթամշակման արդյունաբերության մեջ: Խիտ թթուներն օրգանիզմում առաջացնում են ներքին օրգանների ուժեղ այրվածքներ, սրտի գործունեության անկում, որոշ դեպքերում՝ օրգանիզմի մահ:
Ուստի, թթուներով աշխատելիս անհրաժեշտ է շատ զգույշ լինել, իմանալ դրանց հետ վարվելու կանոնները և խստորեն պահպանել դրանք
:
Օրգանական թթուներ
Օրգանական թթուներն անվանում են կարբոնաթթուներ, որովհետև դրանց մոլեկուլները պարունակում են կարբօքսիլային խումբ` COOH: Կախված կարբօքսիլային խմբի հետ միացած ռադիկալի բնույթից՝ տարբերում են ալիֆատիկ կամ ճարպային (հագեցած և չհագեցած), ալիցիկլիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ կարբոնաթթուներ: Ըստ մոլեկուլում կարբօքսիլային խմբերի թվի` կարբոնաթթուները լինում են միահիմն, երկհիմն, եռահիմն և բազմահիմն: Միահիմն հագեցած կարբոնաթթուների հոմոլոգիական շարքի առաջին անդամներն են մրջնաթթուն, քացախաթթուն, պրոպիոնաթթուն, կարագաթթուն, բարձրագույն անդամները՝ պալմիտինաթթուն, ստեարինաթթուն, չհագեցած՝ ակրիլաթթուն, օլեինաթթուն և այլն: Երկհիմն հագեցած կարբոնաթթուներ են թրթնջկաթթուն, մալոնաթթուն, սաթաթթուն, ադիպինաթթուն և այլն, չհագեցած՝ մալեինաթթուն ու ֆումարաթթուն, արոմատիկ՝ բենզոյական թթուն, ֆտալաթթուն և այլն: Կարբոնաթթուների մոլեկուլներում OH, NH2, C=O ֆունկցիոնալ խմբերի առկայության դեպքում դրանք դառնում են համապատասխանաբար օքսիթթուներ, ամինաթթուներ և կետոթթուներ:
Օրգանական թթուները զգալիորեն թույլ են անօրգանական թթուներից: Երկհիմն թթուները համեմատաբար ուժեղ են միահիմներից, չհագեցածներն ու արոմատիկները՝ հագեցածներից:
Բազմաթիվ օրգանական թթուներ պարունակվում են բնական մթերքներում, որոնցից էլ դրանք անջատում են: Օրգանական թթուները մեծ դեր են խաղում զանազան կենսական շարժընթացներում, լայնորեն կիրառվում են ադյունաբերության ու բժշկության մեջ:
Մրջնաթթուն անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում է այրվածք: Մրջնաթթուն պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում (որից և առաջացել է անվանումը), եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում:
Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների (օրինակ՝ ռևմատիզմի) ժամանակ շփումներ կատարելու միջոց:
Քացախաթթուն անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է: Մարդկությանը հայտնի առաջին թթուն է (քացախ): Քացախաթթուն առաջանում է խմորման և նեխման հետևանքով: 16օC-ից ցածր ջերմաստիճանում այն պնդանում է սառույցի նմանվող բյուրեղների ձևով, որի հետևանքով ստացել է նաև սառցային քացախաթթու անունը: Քացախաթթվի գոլորշիները գրգռում են լորձաթաղանթները, խիտ լուծույթները (30%-ից բարձր) այրում են մաշկը: Քացախաթթվի 3%-անոց ջրային լուծույթը հայտնի է քացախ անունով, որն օգտագործվում է սննդի մեջ: 70–80%-անոց քացախաթթուն կոչվում է քացախի էսենցիա: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ:
Կաթնաթթուն a-հիդրոօքսի պրոպիոնաթթուն է: Առաջանում է շաքարները կաթնաթթվային բակտերիաների ազդեցությամբ խմորելիս: Օրգանիզմում, գլխավորապես մկաններում, կաթնաթթուն առաջանում է ածխաջրերի առանց թթվածնի մասնակցության (անաերոբ) ֆերմենտատիվ ճեղքման արդյունքում: Թթվածնի բացակայությամբ մկանում առաջացած կաթնաթթուն համարժեք է ծախսված գլիկոգենի քանակությանը: Մկանի հոգնածությունը կապված է գլիկոգենի պաշարի սպառման և կաթնաթթվի կուտակման հետ: Թթվածնի առկայությամբ կաթնաթթվի 20%-ն օքսիդանում է՝ առաջացնելով CO2 և H2O, իսկ անջատված էներգիան ծախսվում է մնացած կաթնաթթուն գլիկոգենի փոխարկելու համար:
Կիտրոնաթթուն եռհիմն օքսիթթու է: Այն քիչ քանակությամբ պարունակվում է բոլոր բջիջների միտոքոնդրիաներում: Օրգանիզմում կիտրոնաթթուն պահպանում է թթվահիմնային հավասարակշռությունը: Ի տարբերություն կենդանիների` շատ բույսեր և միկրոօրգանիզմներ ունակ են կուտակելու մեծ քանակությամբ կիտրոնաթթու: Այն օգտագործվում է սննդարդjունաբերության, բժշկության (արյան պահածոյման համար), լուսանկարչության և ներկարարության մեջ:

Ջրածնային ցուցիչ
Լուծույթի հիմնայնությունը կամ թթվայնությունն արտահայտում են H+ իոնների կոնցենտրացիայով: Չեզոք լուծույթի համար [H+] = 10-7 մոլ/լ, թթվայինի համար՝ [H+]> 10-7 մոլ/լ, և հիմնայինի համար [H+]< 10-7 մոլ/լ:
Օգտագործման նպատակահարմարությունից ելնելով` ջրածնի իոնների կոնցենտրացիան արտահայտում են ջրածնային ցուցիչով: Ջրածնային ցուցիչը (pH) հավասար է ջրածնի իոնների կոնցենտրացիայի տասնորդական լոգարիթմին՝ բացասական նշանով (pH = -lg[H+]):
«Ջրածնային ցուցիչ» հասկացությունն առաջինն օգտագործել է դանիացի քիմիկոս Սերենսենը 1909 թ-ին, p տառը դանիերեն potenz – մաթեմատիկական աստիճան բառի սկզբնատառն է, H-ը՝ ջրածնի նշանը, [H+] – ջրածնի իոնների կոնցենտրացիան՝ մոլ/լ:
Ինքներդ կարող եք հաշվել, որ չեզոք լուծույթի համար pH=7, թթվայինի համար՝ pH<7, հիմնայինի համար՝ pH>7: Ջրածնային ցուցիչի մոտավոր արժեքը որոշում են թթվահիմնային ինդիկատորների օգնությամբ: Դրանք փոխում են իրենց գույնը միջավայրի ջրածնային ցուցիչի փոփոխությունից:
Քիմիական, սննդի և տեքստիլ արդյունաբերության շատ արտադրական շարժընթացներ ընթանում են միջավայրի որոշակի pH-ի պայմաններում: Գյուղատնտեսական մշակաբույսերի բնականոն զարգացման և բարձր բերքատվություն համար անհրաժեշտ է հողային լուծույթի որոշակի ռեակցիա: Շատ հաճախ բույսերը տուժում են բարձր թթվայնությունից, որի վերացման համար կիրառվում է հողի կրայնացում՝ հողի մեջ ներմուծելով կալցիումի և մագնեզիումի կարբոնատներ: Հողի բարձր հիմնայնությունը վերացնելու համար կատարում են գիպսացում՝ աղացած գիպսի (CaSO4 . 2H2O) ներմուծում: