Այբուբեն
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
ԷԾՅՌՓ
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
Արագ Որոնում


Ցանովի կանեփ.
արական (ձախից) և իգական (աջից) բույսը
Կտավատ
Կանեփն ու կտավատը թելատու և ձիթատու հնագույն մշակաբույսեր են:
Կանեփը կանեփազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Հայտնի է կանեփի 53, ՀՀ-ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է: ՀՀ-ում տարածված է մշակովի կանեփը:
Կանեփը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է (մշակվում են նաև միատուն սորտեր): Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5–4 մ: Տերևները թաթաձև հատվածավոր են: Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում: Ծաղկում է օգոստոսին: Պտուղը երկփեղկ տուփիկ է: Արական բույսի ցողունը նուրբ է (դրանից ստացվում է փափուկ և ամուր թել), իսկ իգականի ցողունը կոպիտ է (ստացված թելն ամուր է, ջրում չփտող): 
Կանեփի սերմերը պարունակում են 30–35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ (սերմերը հայկական ավանդական աղանձի բաղադրամաս են) և տեխնիկական նպատակներով (օլիֆ, լաքեր, ներկեր, օճառ ստանալու համար): 
Կանեփի քուսպն արժեքավոր անասնակեր է. պարունակում է 5–8% սպիտակուցներ: 
Կտավատը (վուշ) կտավատազգիների ընտանիքի խոտաբույս է: Հայտնի է կտավատի ավելի քան 230 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 12(13) տեսակ՝ ավստրիական, երկծաղիկ, նրբատերև, վահանակերպ և այլն: Հանդիպում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 50 սմ: Տերևները նշտարաձև են, ամբողջաեզր: Ծաղիկները կապույտ են, երկնագույն, վարդագույն, կարմիր, դեղին, սպիտակ: Ծաղկում է մայիսից մինչև ցրտերն ընկնելը: Պտուղը հինգբնանի, կլորավուն կամ ձվաձև տուփիկ է, սերմերը՝ գորշ դեղնավուն, մանր ու հարթ: Մշակության մեջ տարածված սովորական կանեփը միամյա է: Լինում է թելատու, ձիթատու (գանգրավուշ) և միջանկյալ խմբերի: Արմատն առանցքային է, թույլ զարգացած: Ցողունի բարձրությունը 0,1–1 մ է: Մշակվում է Շիրակի և Սյունիքի մարզերում:
Բարսեղյանի (հանդիպում է միայն Արարատի մարզի աղի ճահճուտներում), անատոլիական (Վայոց ձորի մարզում) և դեղնավուն (Վայոց ձորի և Սյունիքի մարզերում) կտավատները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Կտավատի բոլոր տեսակները պարունակում են յուղեր (մինչև 33%), սպիտակուցներ, գլյուկոզա, լորձանյութ, լինին, վիտամիններ, ֆերմենտներ և այլն: Կտավատի ձեթով պատրաստում են տարբեր քսուքներ: 
Կտավատի մանրաթելից պատրաստված գործվածքները շատ գեղեցիկ են, լավ ներծծում են խոնավությունը և արագ չորանում են:

  • Կանեփի սերմերից և կանաչ զանգվածից պատրաստում են ստամոքսաղիքային համակարգի գործունեության խանգարումների ժամանակ օգտագործվող պատրաստուկներ:
  • Կտավատից ստացվող լինետոն պատրաստուկն օգտագործում են որպես բուժիչ և կանխարգելիչ միջոց՝ աթերոսկլերոզի, արտաքին այրվածքների ժամանակ, ձեթը՝ աղիքային հիվանդությունների և փորկապության դեպքերում:
  • Հայաստանում կանեփի ու կտավատի մշակությունը հայտնի է շատ վաղուց: Նրանցից ձեթ ստանալու համար կառուցվել են նաև յուրատեսակ ձիթհան գործարաններ: Այսօր էլ հայկական կտավատի ձեթը մեծ պահանջարկ ունի: