Այբուբեն
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
ԷԾՅՌՓ
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
Արագ Որոնում



Մանկական  և դպրոցական հագուստ
Մանկական մարզական հագուստ
Սեպտեմբերի 1-ն է...
Կանացի տարազի նմուշ
Ախալցխա
Գյումրի
Սասուն
Հագուստը պատրաստում են հյուսած կամ գործած կտորեղենից, որը մարդիկ հագնում են իրենց մարմինը ծածկելու համար:
Նախնադարյան մարդիկ որպես հագուստ օգտագործել են բույսերի տերևներ, հետագայում՝ գազանների մորթիներ, շատ ավելի ուշ բրդից ու զանազան կենդանիների մազերից գործել են նաև տարբեր զգեստներ: XIX դարում մանածագործության զարգացման հետ սկսվել է հագուստի մեքենայական արտադրությունը, և հագուստն ստացել է ավելի բարետես, ժամանակակից տեսք:
Հագուստն ունի հետևյալ առանձնահատկությունները՝ ծածկում է մարդու մարմնի մերկությունը, նրան պաշտպանում է շրջակա միջավայրի անցանկալի ազդեցություններից՝ ցրտից, շոգից, խոնավությունից և այլն, ստեղծում է որոշակի հիգիենային միջավայր և ծառայում որպես վայելչանքի միջոց:
Տարբերում են հագուստի մի քանի տեսակներ՝ վերնազգեստ (վերնաշապիկ, տաբատ, պիջակ, թիկնոց, վերարկու, շրջազգեստ, կիսաշրջազգեստ, մուշտակ և այլն), ներքնազգեստ (շապիկ, կրծկալ, կիսավարտիք, վարտիք և այլն):
Հագուստի ուրույն տեսակ են նաև գլխարկը, կոշիկը, ձեռնոցը,  գուլպան, կիսագուլպան և այլն:

Հագուստի օգտագործման 
պատմությունից
Հագուստի առաջին տարրը թզի տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը: Ավելի ուշ օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն:
Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին: Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր: Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն: Հասարակության զարգացմանը զուգընթաց տարբերակվել են տղամարդու և կնոջ, աղջիկների ու տղաների հագուստները, ստեղծվել են առօրյա, տոնական, հարսանեկան, սգո հանդերձներ: Սպորտի զարգացմանը զուգընթաց` մարզիկներն սկսել են կրել տարբեր մարզահագուստներ: Աշխատանքի բաժանման հետևանքով ստեղծվել են նաև մասնագիտական հագուստների զանազան ձևեր՝ բանվորական, հրշեջի, ոստիկանի, կրոնավորի և այլն: 
Զարգացած երկրներում հագուստների ոճն ու ձևվածքը քիչ են տարբերվում միմյանցից: Դա մասամբ պայմանավորված է տեխնոլոգիաների՝ աշխարհում տեղի ունեցող փոխանակությամբ: Բացի այդ, խոշոր արդյունաբերողները, թեև հագուստի արտադրական ձեռնարկություններ ունեն տարբեր երկրներում, սակայն արտադրում են նույն ոճի հագուստներ:

Մոդելներ (նմուշօրինակներ)
Ժամանակակից հագուստը վաղուց արդեն դադարել է զուտ զգեստ լինելուց. այսօր այն դարձել է նորաձևության միտքը շարժող հատուկ  ոլորտ, որով զբաղվում են մոդելագործները: Նրանք են որոշում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կարգի հագուստը, և ինչպես է հարմար այն արտադրելը: Ձևն ընտրելիս նկատի են առնվում նույնիսկ կտորեղենի խտությունը (այն շատ ծանր չպետք է լինի), տեղի եղանակային պայմանները (լրիվ, թե մասնակի է այն ծածկելու մարմինը) և այլն:
Մոդելագործի գլխավոր խնդիրը նմուշի ստեղծումն է, ըստ որի պետք է պատրաստվեն հարյուրավոր կամ հազարավոր նմանօրինակ զգեստներ:
Մոդելագործը պատրաստում է ձևվածքը և այն փորձում մանեկենի վրա: Ձևվածքին համապատասխան կտորից կտրում են (էլեկտրական կամ լազերային մկրատներով) զգեստի առանձնամասերը: Մեր օրերում հագուստի ոճի մշակմանն օգնում են նաև համակարգիչները, որոնց միջոցով կարելի է որոշել, թե ինչպիսին պետք է լինի նմուշօրինակը, և այն փորձարկել համակարգչի ցուցասարքի վրա:
Խոշոր ֆաբրիկաներում, որտեղ ամեն օր կարում են հարյուրավոր զգեստներ, աշխատանքի հիմնական փուլերը մեքենայացված են: Մեքենաներն են ձևում կտորը, կարում, ապա մշակում կարերը: Համակարգչային կառավարմամբ հաստոցները կարող են նախածրագրավորել ոճերի հաճախակի փոփոխությունները: Երբ հագուստի բոլոր մասերն արդեն կարված են լինում, այն մանրակրկիտ արդուկվում է: Վաճառքի ուղարկվելուց առաջ հագուստը մեկ անգամ ևս վերստուգվում, վերանայվում է: 

Ազգային հագուստ (տարազ)
Բոլոր ժողովուրդներին հատուկ է  ազգային հագուստը, որը կոչվում է ազգային տարազ: 
Պատմական տարբեր դարաշրջաններում տարազը զանազան երկրների, ժողովուրդների, էթնիկական (տոհմային, ցեղային, հետագայում՝ ազգային) և տարածքային խմբերի, բնակչության տարբեր շերտերի հագուստն է, որն ունի ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և այլն) առանձնահատկություններ: Յուրաքանչյուր ժողովրդի տարազ պայմանավորված է տեղանքի բնակլիմայական պայմաններով, մարդկանց կենցաղով, երկրի բնական արտադրանքով և այլն: Մ. թ. ա. IX–VI դարերի հուշարձաններում պահպանվել են բնակչության տարբեր շերտերի տարազների պատկերներ: 
XX դարի սկզբից հայկական տարազները հիմնականում դուրս են մղվել կիրառությունից և այժմ օգտագործվում են իբրև բեմական զգեստ (երգի-պարի անսամբլների, ազգագրական խմբերի և այլն): 















Լոռի
Ղարաբաղ
Օշական













  • Կարի մեքենան հայտնագործվել է 1850-ական թվականներին, որն անհամեմատ մեծացրել է դերձակների արտադրողականությունը: Հայտնի են «Զինգեր», «Զարյա», «Պոդոլսկ», «Վերիտաս» և այլ մակնիշների կարի մեքենաներ: 
  • Մինչև XVII դարը վերնազգեստը կարել են միայն տղամարդ դերձակները, իսկ սպիտակեղենը՝ կանայք: Սակայն նույնիսկ այն բանից հետո, երբ կանայք նույնպես սկսեցին վերնազգեստ կարել, սեղմիրաններն ու ամազոնկաները (հեծյալ կնոջ զգեստ) դեռևս կարում էին տղամարդիկ: