Այբուբեն
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
ԶԾՆՎՖ
ԷԿՇՏ
ԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
Արագ Որոնում


Վայրի հնդկահավ
Բանկիվյան վայրի հավ.էգը և արուն
Թուրաջ. Էգը և արուն
Նյու հեմփշիր
Բրոյլեր
Հավազգիները կազմում են թռչունների առանձին կարգ: Հայտնի է մոտ 250 տեսակ՝ միավորված 6 ընտանիքում՝ մայրեհավեր (ցախաքլորներ), փասիաններ, ծառահավեր, խայտահավեր, հնդկահավեր, աղբահավեր: Տարածված են գրեթե բոլոր գոտիներում՝ տունդրայից մինչև արևադարձային անտառներ և լեռների ալպիական գոտիներ, սակայն առանձին ընտանիքների արեալը խիստ սահմանափակ է: 
ՀՀ-ում հանդիպում է հավազգիների 7 տեսակ՝ կովկասյան մայրեհավը (հյուսիսային շրջանների ենթալպյան մարգագետինների սահմանում), վայրի հնդկահավը (Զանգեզուրի, Բարգուշատի, Վարդենիսի և այլ լեռնաշղթաներում, Արագածի, Իշխանասարի լեռնազանգվածներում), քարակաքավը (Եղեգնաձորում և Վայքում), թուրաջը և մոխրագույն կաքավը (Արաքս գետի հովտում), լորը (հյուսիսային շրջանների բարձրադիր հողահանդակներում), անդրկովկասյան փասիանը (սակավաթիվ՝ Սյունիքի մարզում):
Հավազգիները միջին մեծության թռչուններ են (արուներն էգերից խոշոր են): Կազմվածքն ամուր է, կրծքային մկանունքը՝ զարգացած: Ոտքերն ուժեղ են` հարմարված հողը և անտառի փռոցաշերտը փորելուն (կեր հայթայթելու համար): Կտուցը կարճ է, ամուր, ուռուցիկ, թեթևակի ցած կեռված: Թևերը կարճ են, լայն, ապահովում են արագ, բայց կարճատև թռիչք: Փետրավորումը խիտ է, կոշտ, արուներինը՝ ավելի վառ գունավորված: Որոշ տեսակներ ունեն մսոտ «ականջօղեր» և կատար: Հիմնականում նստակյաց են: Միայն լորերն են կատարում սեզոնային չու: Մեծ մասն ապրում է գետնի վրա, մի քանիսը նստում են ծառերին և այնտեղ էլ սնվում, սակայն բնադրում են գետնին: Բացառություն են կազմում գոկոները, որոնք տարածված են Մեքսիկայից մինչև Արգենտինա, և գոացիները, որոնք բնակվում են Հարավային Ամերիկայում. սրանք լրիվ ծառաբնակ են: Հավազգիների մեծ մասը զույգեր չի կազմում: Որոշ տեսակների բնադրմանը նախորդում են հարսանեկան խաղերը: Դնում են 2–25 (սովորաբար՝ 7–12) ձու: Թխսակալում է էգը՝ 14–30 օր: Ձագերը ծնվում են խիտ աղվամազով ծածկված և կարողանում են անմիջապես հեռանալ բնից: Արուները սերնդի նկատմամբ խնամք չեն տանում: Սնվում են առավելապես կենդանական կերով (միջատներ, որդեր և այլն), հասուն անհատները բուսակեր են:
Հավազգիների մեծ մասը որսորդության օբյեկտ է: Որոշ տեսակներ (փասիան, կաքավ, քարակաքավ) բազմացվում են որսորդական տնտեսություններում: 
Հավազգիների թվաքանակը գերորսի և շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով նվազել է: Մոտ 30 տեսակ վերցված է պահպանության տակ:
Կովկասյան մայրեհավը, անդրկովկասյան փասիանը և վայրի հնդկահավը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Ընտանի հավեր
Ընտանի հավերի բազմաթիվ ցեղերն ստացվել են հնդկական վայրի (բանկիվյան) հավերից, որոնք ընտանեցվել են Հնդկաստանում, ապա տարվել Եվրոպա: Խայտահավերը և հնդկահավերը նույնպես համարվում են ընտանի ցեղերի նախահայրեր: 
ՀՀ-ում ստեղծվել է Երևանյան հավերի մսաձվատու ցեղը: Ընտանի ամենատարբեր ցեղերի հավերը տալիս են համեղ միս և ձու: Ընտանի ածան հավը 1 տարում տալիս է 200–220 ձու, ռեկորդակիրը՝ մինչև 365 ձու: Արժեքավոր են նաև հավերի փետուրն ու աղվամազը: Մեծ քանակությամբ ձու և թռչնամիս արտադրելու համար կառուցում են թռչնաբուծական ֆաբրիկաներ: ՀՀ-ում գործում են Երևանի, Լուսակերտի, Արզնու, Արաքսի և այլ թռչնաբուծական ֆաբրիկաներ:
Անդրկովկասյան փասիան
Սպիտակ լեգհոռն
Թուխսը` ճուտիկներով

  •  Ավստրալիայում, Ֆիլիպիններում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում հանդիպող աղբահավերը թուխս չեն նստում, այլ սարքում են իսկական ինկուբատորներ. աղբ են կուտակում և այդ աղբակույտում ձվադրում են կամ էլ ձվերը թաղում են տաք ավազի մեջ: Աղբակույտում ընթացող կենսաքիմիական շարժընթացների արդյունքում մշտապես պահպանվում է որոշակի բարձր ջերմաստիճան: Այդ ինկուբատորներում էլ հենց լույս աշխարհ են գալիս ժիր ձագերը, որոնք կյանքի առաջին օրվանից կարողանում են թռչել: