Այբուբեն
BBBBBԷԿՇՏ
OWNEEԸՀՈՐ
ԱԹՁՉՑ
ԲԺՂՊՈւ
ԳԻՃՋՓ
ԴԼՄՌՔ
ԵԽՅՍՕ
AAAAAԶԾՆՎՖ
Արագ Որոնում


Արիստոտել 
Մ. թ. ա. 384 թ., 
ք. Ստրադոս, Մակեդոնիա
Մ. թ. ա. 322 թ., 
ք. Քաղկիդ (այժմ՝ Քաղկիս), Հունաստան
Արիստոտելի հուշարձանը (քանդակագործ` Հ. Արմստեդ)
Հույն փիլիսոփա և գիտնական Արիստոտելն ստեղծել է 
փիլիսոփայական ուսմունք՝ արիստոտելականությունը, ընդհանրացրել է Հին աշխարհի բնագիտության նվաճումները: Գիտության մեծ նորարար էր: 

Արիստոտելը մ. թ. ա. 367թ-ին մեկնել է Աթենք և 20 տարի սովորել հույն մեծ փիլիսոփա Պլատոնի ակադեմիայում, խորամուխ եղել պատմության, աշխարհագրության, կենսաբանության, ֆիզիկայի, մանկավարժության և բժշկության մեջ: 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպպոսի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել թագաժառանգ Ալեքսանդրի՝ ապագա մեծ զորավար Մակեդոնացու դաստիարակությամբ: Վերադառնալով Աթենք՝ ստեղծել է իր դպրոցը՝ Լիկեյոնը, որտեղ դասերը վարել է զբոսանքի ժամանակ՝ ճեմելով: Հետագայում Հայաստանում հետևել են այդ ավանդույթին և որոշ ուսումնական հաստատություններ անվանել են ճեմարաններ (օրինակ՝ Գևորգյան ճեմարան, Լազարյան ճեմարան), արտասահմանյան երկրներում՝ լիցեյ:
Արիստոտելի փիլիսոփայական ուսմունքը հիմնականում շարադրված է «Մետաֆիզիկա» և «Հոգու մասին», տրամաբանության տեսությունը՝ «Կատեգորիաներ», «Անալիտիկա» («Վերլուծականք»), «Տոպիկա», սոցիալ-քաղաքական և բարոյագիտական հայացքները՝ «Պոլիտիկա», «Էթիկա», արվեստի փիլիսոփայությունը՝ «Պոետիկա» և այլ երկերում: Պահպանվել են նաև նրա մի շարք բնագիտական աշխատություններ՝ «Ֆիզիկա», «Կենդանիների մասին» և այլն:
Արիստոտելն անդրադարձել է նաև բժշկության հարցերի, հայտնաբերել որոշ հիվանդությունների բուժման նոր միջոցներ: Խոսելով մանկավարժական խնդիրների մասին՝ նա համարել է, որ զարգացման շարժիչ ուժերը մարդու ունակությունն ու բանականությունն են, որոնց վրա հիմնված է դաստիարակությունը: Լինելով մեծ փիլիսոփա՝ նա ստեղծել է պետության բնույթի, մարդու նպատակների մասին իր ուսմունքը: 
Արիստոտելի «Մետաֆիզիկա», «Հոգու մասին», «Կատեգորիաներ» և այլ երկեր տարածվել են նաև Հայաստանում, մեծապես ազդել հայ միջնադարյան փիլիսոփայության ու հոգևոր մշակույթի զարգացման վրա: Այդ երկերի հայերեն թարգմանությունները հնագույններից են աշխարհում և աչքի են ընկնում մեծ ճշգրտությամբ:  Դավիթ Անհաղթը (V–VI դարեր) հատուկ աշխատություններ է նվիրել Արիստոտելի գործերին, իսկ իր հիմնական «Սահմանք իմաստասիրության» երկում մեկնաբանել նրա փիլիսոփայությունը: Անանիա Շիրակացին (VII դար) լուսաբանել է բնության և Տիեզերքի մասին Արիստոտելի ուսմունքը: Միջնադարում հայ փիլիսոփաներից նրա գիտական հայացքներին անդրադարձել են Գրիգոր Մագիստրոսը (XI դար), Հովհաննես Սարկավագը (XI–XII դարեր), Վահրամ Րաբունին (XII դար), Հովհան Որոտնեցին (XIV դար), Գրիգոր Տաթևացին (XIV–XV դարեր), իսկ Ստեփանոս Լեհացին (XVII դար) լատիներենից հայերեն է թարգմանել «Մետաֆիզիկան»:
   Արիստոտելը, հանդես գալով իր ուսուցիչ Պլատոնի փիլիսոփայական տեսության քննադատությամբ, նրան հակադրել է իրերի և երևույթների նկատմամբ իր տեսակետը: Նա հայտնի էր իր անզիջում հետևողականությամբ և հաճախ է կրկնել «Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» արտահայտությունը, որը դարձել է բոլոր պարագաներում ճշմարտությունը գերադասելու մասին թևավոր խոսք: