Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում




Դարեհ I 
Մ. թ. ա. մոտ 550 թ.
Մ. թ. ա. 486 թ. 
Պերսեպոլիսի այս դամբարաններից մեկը Դարեհ I-ի դամբարանն է:
Դարեհ I-ի օրոք հատված դարիկն աշխարհում առաջին ոսկե դրամն է:
Դարեհի սիկլ (արծաթե դրամ)
Դարեհ I Վշտասպը, Դարեհ II Վահուկան և Դարեհ III 
Կոդոմանոսը Հին աշխարհի հզոր տերություններից մեկի՝ Աքեմենյան Պարսկաստանի (մ. թ. ա. մոտ 550–330 թթ.) արքաներ են:

Դարեհ I-ը գահակալել է մ. թ. ա. 522 թ-ից: Նախապես եղել է Պարթևստանի կուսակալ: Իշխանությունը գրավել է՝ սպանելով մոգպետ Գաումատային, որը հափշտակել էր գահը Աքեմենյան Կամբյուսես (մ. թ. ա. 530–522 թթ.) թագավորի մահից հետո: Օգտվելով գահակալական կռիվներից՝ Դարեհ I-ի դեմ ապստամբել են և անկախություն հռչակել Հայաստանը, Բաբելոնը, Մարաստանը, Էլամը, Պարթևստանը, Եգիպտոսը և այլ երկրներ: Ըստ Բեհիսթունյան եռալեզու արձանագրության՝ մինչև 520 թ. Դարեհն զբաղվել է ապստամբ երկրների դիմադրությունը ճնշելով: 
Առանձնապես համառ կռիվներ է մղել Հայաստանը: Դարեհի զորավարներ հայազգի Դադարշիշը և պարսիկ Վահումիսան 5 անգամ ճակատամարտել են հայերի դեմ: Նրա կառավարման սկզբնական շրջանում Հայաստանը հավանաբար պահպանել է անկախությունը: Ուշագրավ է, որ Բաբելոնում հակապարսկական ապստամբությունը ղեկավարել է  Խալդիտայի որդի հայազգի Արախան:
Դարեհ I-ը կատարել է վարչատնտեսական ու ռազմական բարեփոխումներ, տիրակալությունը բաժանել է 24 սատրապության, նշանակել  կառավարիչ-սատրապներ, որոնք  ենթարկվել են արքային: Մ. թ. ա. V դարի հույն պատմիչ Հերոդոտոսը տեղեկացնում է Աքեմենյան 20 սատրապության ժողովուրդների, նրանցից գանձվող հարկերի չափերի մասին: Հայաստանը, լինելով XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից բանակին հանձնել է 20 հզ. նժույգ և արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ արծաթ: Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են տերության պատերազմներին: Հատկապես հռչակված էր հայոց այրուձին: Պարսիկներն արտոնյալ էին` հարկերից` ազատված: Չափահաս պարսիկ այրերն ապրել են պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել  են «անմահների» գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում: 
Դարեհ I-ը սահմանել է դրամական ընդհանուր կարգ՝ ըստ ոսկե դրամի՝ դարիկի կամ դահեկանի (8,416 գ): Ոսկեդրամ հատելու իրավունք վերապահվել է միայն Աքեմենյան թագավորին, իսկ տեղական թագավորներին ու իշխաններին՝ միայն արծաթե դրամ՝ սիկլ (5,62 գ = 0,05 դարիկի): 
Դարեհ I-ը զբաղվել է տերության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները: Նշանավոր էր շուրջ 2 հզ. կմ երկարությամբ «արքայական ճանապարհը»՝ բազմաթիվ իջևանատներով և փոստատներով: Ճանապարհը, որի մի մասն անցնում էր Հայաստանի հարավային շրջաններով, ձգվում էր տերության արևելքից մինչև արևմուտք՝ մայրաքաղաք Շոշից մինչև Էգեյան ծով: Դարեհ I-ի բարեփոխումների շնորհիվ Աքեմենյան տիրակալությունը համախմբվել և հզորացել է: 
Դարեհ I-ը մ. թ. ա. 515 թ-ին նվաճել է Թրակիան, հպատակեցրել Մակեդոնիայի Ամինտաս թագավորին: 494 թ-ին ճնշել է Փոքր Ասիայի հունական քաղաքների ապստամբությունները, 490 թ-ի օգոստոսին Էգեյան ծովով թափանցել է Ատտիկա: Սակայն սեպտեմբերի 12-ին Մարաթոնի հովտում (շարժվում էր դեպի Աթենք) ջախջախվել է հույներից և նահանջել Հունաստանից: Հունաստանի դեմ նրա նոր արշավանքը չի իրականացել մահվան պատճառով: Թաղվել է արքունի գերեզմանատանը՝ Նակշ-ի Ռուստամում (Պերսեպոլիսի մոտ):
Դարեհ II-ը (հունական մականունը՝ Հարճորդի, ծննդյան թվականը` անհայտ – մ. թ. ա. 404 թ.) հաջորդել է հորը՝ Արտաքսերքսես I-ին (մ. թ. ա. 465–424 թթ., գահակալել մ. թ. ա. 423 թ-ից): Մինչև թագավոր դառնալը եղել է Հիրկանիայի սատրապ: Գահին տիրել է՝ դավադրաբար սպանելով եղբորը՝ Սոգդիանին: Դարեհ II-ի օրոք թուլացել է կենտրոնական իշխանությունը. ապստամբել են մի շարք սատրապություններ, իսկ մ. թ. ա. 404 թ-ից անկախացել է Եգիպտոսը: Պելոպոնեսյան պատերազմների ժամանակ օժանդակել է սպարտացիներին՝ ընդդեմ Աթենական միության:
Դարեհ III-ը (ծննդյան թվականը՝ անհայտ – մ. թ. ա. 330 թ.) Աքեմենյան տերության վերջին գահակալն էր (մ. թ. ա. 336-ից): Եղել է Հայաստանի սատրապ: Գահին տիրել է Արտաքսերքսես III թագավորի ներքինի Բագոասի օգնությամբ՝ դավադրաբար սպանելով թագավորին ու նրա զավակներին: Մ. թ. ա. 335 թ-ի վերջին վերագրավել է Եգիպտոսը: Գրանիկոսի (մ. թ. ա. 334 թ.), Իսոսի (մ. թ. ա. 333 թ.) և Գավգամելայի (մ. թ. ա. 331 թ.) ճակատամարտերում պարտվելով Ալեքսանդր Մակեդոնացուն` ի վերջո կորցրել է իր ամբողջ տիրապետությունը: Սպանվել է Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով՝ հակառակորդի հետապնդումից փախչելիս: Վրա հասած Ալեքսանդր Մակեդոնացին Դարեհ III-ի դին պատվով ու շուքով թաղել է Պերսեպոլիսի գերեզմանատանը և իրեն հռչակել Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա: